«Մեր տունը Հայաստանն է» միասնական ցուցակը ներկայացնող Տիգրան Ուրիխանյանն Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ առավոտյան Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտ ամփոփել են քարոզարշավը, ներկայացրել պատգամավորական եւ այլընտրանքային կառավարության կազմը:
Նա նաեւ հավելեց, որ ամբողջ քարոզարշավի եւ դրան նախորդող ժամանակահատվածում ժողովրդի մոտ ստեղծում էին տպավորություն, թե իբր հասարակությունն ունի ընդամենը անայլընտրանքային ընտրության հնարավորություն՝ նախկինների եւ ներկաների միջեւ:
«Սա մեծ ցավ է, եւ եթե մարդիկ տրվեն այդ պատրանքին, խաբեությանը եւ կեղծ օրակարգին, ընկնեն նախկինա-ներկայական ատելության ծուղակը, ապա առանց այն էլ անդունդային վիճակում գտնվող Հայաստանը տանելու են էլ ավելի հետ: Քարոզարշավի ընթացում փորձել ենք նախ եւ առաջ խոսել սրա մասին, որ մարդիկ ունեն ընտրություն ոչ միայն նախկինների ու ներկաների պատերազմի, այլեւ ընտրություն նախկինների ու ներկաների պատերազմի եւ ծրագրեր բերող թիմերի ունակությունների միջեւ»,- Aravot.am-ին ասաց Տիգրան Ուրիխանյանը:
Նրանից հետաքրքրվեցինք, թե ինչ կարծիքի է «Գելլափի» հարցումների մասին, ըստ որոնց արդյունքների, իրենց ուժին պատրաստ է ձայն տալ ընդամենը 1,2 %-ը:
«Ուրախությունով լինի, բարով վայելեն, երջանիկ լինեն»,-հեգնեց Տիգրան Ուրիխանյանը: «Այդ մարդկանց հորդորում եմ կոտորել սուտը, ոչնչացնել սուտը…Այն, որ այդ նույն սոցիալական հարցումների արդյունքներով՝ հարցումների պատվիրատուներն ու իրականացնողները ցույց են տալիս, որ իբր 45 %-ի հասնող չկողմնորոշվածների զանգված կա, դա էլ ապացուցում է, որ կեղծ պատրանք է, իբր թե իբր իշխանություն ձեւավորելու ունակ են միայն նախկինները, կամ նախկինների պատճառով իշխանության եկած ներկաները, կամ էլ ներկաների պատճառով նորից վերադարձող նախկինները: Սա պետք է արձանագրել եւ ուշադրություն դարձնել սրա վրա: Իսկ թե ինչ կանեն իբր չկողմնորոշված մեծ թվով մարդիկ, դա էլ կիմանանք վաղը չէ մյուս օրը, դրա մասին կիմանա նաեւ Գելլափը»,- ասաց «Մեր տունը Հայաստանն է» միասնական ցուցակի թեկնածուն:
Կարդացեք նաև
Երկրորդ կարեւոր բանն, ըստ մեր զրուցակցի, հետեւյալն է. «Քարոզարշավի ընթացքում մենք ներկայացրել ու խոսել ենք միայն մեկամսյա ծրագրերի մասին՝ թեթեւ անդրադառնալով կես տարվա, մեկ տարվա, հինգ տարվա կտրվածքին: Մեկ ամսվա մեջ պարտադիր կուտակայինի չեղարկում եւ 35 միլիարդով ավելացում թոշակներին, մեկ ամսվա ընթացքում պարտադիր առողջապահական ապահովագրության ներդնում պետական մասնակցությամբ, մեկ ամսվա ընթացքում կրթական ռեֆորմ՝ միջին մասնագիտական կրթության համակարգում»:
Ի թիվս այլնի՝ նշեց, որ մեկ ամսվա ընթացքում պատրաստ են ստեղծել համազգային սոցիալական ցանց՝ պետական հսկիչ բաժնեմասով, դրանից բխող տեղեկատվական անվտանգային, ֆինանսական հասույթներով: «Օրերի ընթացքում ՌԴ-ի հետ առկա երկկողմանի պայմանագրի գործարկում, եթե 10-րդ քվեաթերթիկի թվաքանակի գերակայության արդյունքում մենք ձեւավորենք իշխանություն, ապա ժամեր անց ՌԴ իշխանությունները տեղեկացված կլինեն մեր սահմանը հատած թշնամական ընդամենը մի քանի հարյուր հոգանոց զորախմբի նկատմամբ մեր պատժիչ գործողությունների իրականացման մասին, ինչից բխում է անմիջապես միաժամանակ, ոչ թե հետո, ռուսական 102 բազայի հենակետի Գորիսի ստորաբաժանումների օդային եւ ցամաքային հարվածներ:
Չի կարող դա չիրականացվել, այլապես ՌԴ-ն ինքը կփլուզի աշխարհում գոյություն ունեցող երկու անվտանգային համակարգերից մեկը՝ հենց իրենը: Ինչու դա չի իրականացվում հիմա, այդ հարցը պատասխանը որպես խոստում եւս ժամեր անց մեր իշխանության գալուց հետո խոստանում ենք մեր հասարակությանը»,-ասաց Ուրիխանյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ