«Մեր քաղաքական ուժը գլխավոր 3 հարցերը համարում է՝ երկրի անվտանգությունը, Արցախի խնդրի կարգավորումն ու տնտեսության զարգացումը»,-այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում ասաց «Ազատ Հայրենիք» դաշինքի ԱԺ պատգամավորի թեկնածու Անդրեաս Ղուկասյանը:
Նրա խոսքով, անվտանգություն խաղաղության ճանապարհով հնարավոր չէ, եւ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարություններն այդ մասին պոպուլիստական են. «Քանի դեռ Իլհամ Ալիեւը զավթել է իշխանությունը, տարածաշրջանում խաղաղություն չի կարող լինել: Ադրբեջանում այսօր իշխում է հանցավոր ռեժիմ եւ դա իր հետեւանքներն ունի բոլոր ժողովուրդների համար, որոնք ապրում են այստեղ: Մենք տարիներ շարունակի տեսել ենք այդ ռասիստական քաղաքականությունը, որն Ադրբեջանը քարոզել է իր երկրում: Այդ ազգամիջյան ատելությունը մենք տեսանք՝ այսօր ինչին բերեց: Այսինքն՝ Հայաստանի խաղաղությունը պետք է լինի ոչ թե խաղաղության, այլ ուժի դիրքերից»:
Ըստ պարոն Ղուկասյանի, այսօր մեր առջեւ կանգնած է հայկական բանակի վերակազմակերպման, վերազինման եւ վերապատրաստման խնդիրը՝ եվրոպական, ժամանակակից տարբերակով: Ասաց, որ առաջարկում են Ֆրանսիայի հետ կնքել ռազմաքաղաքական պայմանագիր, որը հնարավորություն կտա հայկական բանակի վերապատրաստման ու վերազինման խնդիրը լուծել բավականին արագ, եւ լրացնել այն ռազմական հաշվեկշիռը, որը խախտվել է:
Նրա խոսքով, Հայաստանի դաշնակից Ռուսաստանը ձեռնպահ մնաց օգնելու Հայաստանին, որի վառ ապացույցը մայիսի 12-ից սկսած՝ Հայաստանի սահմանների խախտումներն են, որոնք դաշնակցի կողմից մնացին անարձագանք:
Կարդացեք նաև
Անդրեաս Ղուկասյանի խոսքով, այսօր Ֆրանսիան փորձում է ստեղծել Թուրքիային զսպող՝ հակաթուրքական կոալիցիա, որը համապատասխանում է նաեւ Հայաստանի շահերին. «Գնդակը գտնվում է Հայաստանի դաշտում, մենք չարձագանքեցինք Ֆրանսիայի բոլոր այն առաջարկներին, որոնք այս ընթացքում արվեցին:
Ըստ նրա՝ Արցախի կարգավիճակի հարցը բացառապես պետք է լուծվի Մինսկի խմբի շրջանակներում: Ասաց, որ «Ազատ Հայրենիք» դաշինքն առաջարկում է օգտագործել ՄԱԿ-ի հարթակը եւ միջազգային՝ Հաագայի դատարանից ստանալ խորհրդատվական եզրակացություն՝ Արցախի անկախության հռչակման վերաբերյալ. «Նման եզրակացություն դատարանը տրամադրեց Կոսովոյի հարցով, որը որ էական դերակատարում ունեցավ Կոսովոյի անկախության ճանաչման հարցում»:
Ասաց, որ հենց ինքն էլ կարող է ՄԱԿ-ում պատշաճ ներկայացնել այդ հարցը, քանի որ միջազգային իրավունքի գիտակ է, սակայն այդ հարցը մինչ օրս Հայաստանի քաղաքականության բացերից է եղել:
Անդրեաս Ղուկասյանի խոսքով «ցինիզմի դրսեւորում» է 16 գերիներին ընտրություններից առաջ վերադարձնելը՝ ականապատված քարտեզների դիմաց:
Թե ինչպես են ոտքի կանգնեցնելու տնտեսությունն, ըստ պարոն Ղուկասյանի, զարգացնելու են արդյունաբերությունն ու գյուղատնտեսությունը, ընդլայնելու քաղաքաշինությունը, որոնք մեր երկրի տնտեսական կարեւոր բաղադրիչներից են:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ