Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինչպես է հակառակորդը գրավել Շուշին․ պատմում է Սամվել Բաբայանը

Հունիս 18,2021 15:57

Շուշիի գրավման ժամանակ դավաճանություն եղե՞լ է, թե՞ ոչ։ «Ազատական» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող, Արցախի հերոս Սամվել Բաբայանը գտնում է՝ դավաճանություն չի եղել, բացատրում է, ինչպես է հնարավոր եղել գրավել Շուշին, եւ ինչ սխալներ են մերոնք թույլ տվել։


Այսօր «Հայացք» ակումբում պարոն Բաբայանը պատասխանելով հարցին՝ Կոմանդոսն ասում էր՝ դավաճանություն է եղել, ասաց՝ մահացած մարդու հետեւից չեմ ուզում խոսել։

«Մարդիկ ասում են՝ Հադրութը չգիտենք՝ ով է ղեկավարել, Շուշին ո՞վ է ղեկավարել, ոչ մեկ չի ասում, թե ով է եղել։ Մա՞րդ է եղել, որ ղեկավարի, այնտեղ զո՞րք է եղել, ղեկավարես։ Ինչի՞ մասին է խոսքը, ի՞նչ դավաճանության մասին է խոսքը, եթե թուրքը մտել է Ջաբրայիլով, Հադրութով քայլելով եկել է Շուշի, դիմադրություն չի եղել, զորք չի եղել, որ դեմը կանգնեցնես։ Դավաճանությունը ո՞րն է։ Դավաճանություն հենց գլխից է, որ ասում եմ՝ քննեք, տեսեք»,-ասաց պարոն Բաբայանը։

Ի պատասխան դիտարկմանը, որ Շուշիի մոտ շատ դիեր են եղել, զոհեր շատ ենք տվել, Սամվել Բաբայանը առաջին պատերազմում Շուշիի գրավման մասին պատմեց՝ զուգահեռներ տանելով վերջին պատերազմի հետ․«Բա էն ժամանակ Կոմանդոսն էլ, որ օպերացիա էր անում՝ 57 հոգի տարել, զոհ է տվել, որ պետք չի եղել։ Առաջին պատերազմի ժամանակ 57 զոհ ենք տվել դեմից ու թեւերից, իրանց «զադաչան» եղել է կրակը շեղելը։ Էդ նույն թուրքը որտեղով մտել է, այդտեղով մենք ենք մտել, փակել, խուճապ մտցրել, իրենք թողել, փախել են։ Իսկ մերոնք էլ այս թեւի վրա են փախել։ Դեմից եւ թեւերից հետ են քաշվել։ Ամսի 8-ին ժամը 12- ից 1-ը բոլոր երեք թեւերից բոլորը հետ են քաշվել, զորք չի եղել: Ժամը 6-7-ն ինձ մոտ մարդ է եկել: Իրիկունը ամսի 8-ին, չիմանալով իրավիճակը, խնդրում է ինձ, որ ես կազմակերպեմ այդ պաշտպանությունը, որ Շուշիից թուրքերը չիջնեն Ստեփանակերտ, էն դեպքում, որ առավոտ ժամը 6-ին գրում է, որ Շուշիում թուրք չկա, տենց էլ չի։ Հիմա էդ մարդիկ սաղ հերոս են, ու իրենց ելույթներում ներկայացնում են՝ ոնց են Շուշին գրավել, ֆիլմեր են հանում։ Կեղծել եք պատմությունը, լավ եք արել, հիմա բերաններդ փակեք, վեր ընկեք տեղներդ, որ ես բերանս չբացեմ։ Շուշին վերցրել ենք Չանախչի- Սղնախ եկել ենք, բարձրացել, փակել ճանապարհները: Ադրբեջանցին հասկանալով, որ օղակի մեջ է, փախել է։ Երկրորդ անգամ իրենք նույն ձեւի եկել են մի քիչ ցածրով, արդեն չեն բարձրացել, ցածրով եկել են փակել, եկել Իսաբուլախ, որտեղով շուշեցին փախել է Շուշիից, եկել է էնդեղ նստել, բազա դրել: Այդտեղից էլ, այդ ճանապարհի բերանով՝ մինչեւ Շուշվա ներքեւի «զապրավկան» ձգվել այդ ճանապարհին, մեր զոհերը էդտեղ են տվել։ Ովքե՞ր են հրաման տվել, որ հինգ հարյուր հոգին գնան Շուշին գրավեն։ Նրանք, ովքեր էն առաջին պատերազմում վերագրում էին իրենց, որ հաղթել են։ Եթե մասնակից լինեին, կիմանային, որ այդտեղից անհնարին է այդ խնդիրը կատարել։ Ես էլ առաջարկել էի (շուտով վիդեոն կհրապարակվի այդ խորհրդակցության) Շոշի կողմից կտրել ճանապարհը, որտեղով եկել են, բազաները վերցնենք հսկողության տակ ու դրանով Շուշին նորից գրաված կլինեինք։ Դրա համար ասում եմ՝ մեր հասարակությանը ստեր են պատմել, հավատացել են»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930