«Պատիվ ունեմ» դաշինքը տասնյակ ահազանգեր է ստացել «Քաղաքացիական պայմանագրի» առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հանրահավաքին ընդառաջ իշխանության կողմից վարչական ռեսուրսի չարաշահման վերաբերյալ։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«Սեփական ժողովրդի վրա ազդելու հնարավորությունը սահմանափակվում է «մասովկա» ստանալու եւ այդ ֆոնին բեմի վրա ծղրտալու համար։ Ըստ մամուլի՝ հրապարակ են բերվել նաեւ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձինք։ Անօգնական վիճակում գտնվողներին իրենց կամքից անկախ քաղաքական միջոցառման բերելը քաղաքական թրաֆիքինգ է եւ խոսում է այն մասին, թե ինչ բարոյական գծեր է հատել այս խունտան։ Անգամ այսքանից հետո հրապարակը լցնել չստացվեց»,-նշեց Արմեն Աշոտյանը։
«Սա խոսում է այն մասին, որ իշխանության վերջին վարչական ռեսուրսն անգամ չի աշխատում։ Ավելին՝ տասնյակ դպրոցների տնօրեններ ու ուսուցիչներ են ինձ գրել ու ասել, որ իրենց ստիպողաբար բերել են Երեւան՝ «կներեք մեզ, Արմեն ջան, պարոն Աշոտյան ջան, մենք չենք կարողացել թռնել այդ ավտոբուսներից, բայց մենք քվեարկելու ենք ձեր օգտին, որովհետեւ այստեղ է հասել»․․․շնորհակալություն կապիտուլյանտին, որ ժողովրդի վերջին համբերության բաժակը լցնում է։ Երեկվա հանրահավաքը քաղաքական իմպոտենցիայի, տկարության ամենատեսանելի արտահայտումն էր»,-կարծիք հայտնեց Արմեն Աշոտյանը։
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է քաղաքական առաջնորդների երեկվա հեռուստաբանավեճին, նա շեշտեց․ «Իհարկե, առողջ քաղաքական գործիչներ էլ էին մասնակցում, բայց տպավորություն էր, որ դա անբարոյականության մերկապար էր ու շողոքորթության շքահանդես։ Նիկոլ Փաշինյանը եւ նրա գրպանային դաշնակիցները բացահայտ պասերով խաղի էին անցել։ Ո՞նց լուրջ վերաբերվես այն քաղաքական թիմերին, որոնք խոսում են այն մասին, որ կապիտուլյանտն ունի 60% ձայն։ Գուցե այդքան տոկոս Ադրբեջանո՞ւմ ունի»։ Ըստ Արմեն Աշոտյանի՝ բանավեճի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ դիմեց ստերի ու մանիպուլյացիաների։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ