«Գտնվել ենք անհավասար պայմաններում. դա այլ կերպ լինել չէր կարող, քանի որ ապրում ենք մի համակարգում, որը խտրականություն է դնում և ըստ քաղաքական պատվերի՝ տարբեր կերպ է լուսաբանում և մեկնաբանում»,- «Ազգային-ժողովրդավարական բեւեռ»-ի (ԱԺԲ) ամփոփիչ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց ԱԺԲ վարչապետի թեկնածու Վահե Գասպարյանը:
Նա միևնույն ժամանակ նկատեց՝ կարողացել են իրենց ասելիքը հասցնել ժողովրդին: Վստահեցրեց՝ օր-օրի, ժամ առ ժամ աճում է ժողովրդի հետաքրքրությունը Բևեռի հանդեպ: Վահե Գասպարյանը հավաստիացրեց. «Մեր ժողովուրդը զզվել է նախկին ռեժիմի բոլոր ներկայացուցիչներից և խորը հիասթափություն է ապրում ներկա ապիկար իշխանություններից և փնտրում այլընտրանքային ուժ: Այդ այլընտրանքը հենց Ազգային-ժողովրդավարական բեւեռն է»:
Նա վստահեցրեց՝ ժողովուրդն այլևս այն ծուղակը չի ընկնի, ինչ 2018-ին. հիմա իրավիճակը լրիվ այլ է. «Մնացած բոլոր ուժերը կամ ներկայացնում են Կրեմլի շահերը, կամ մնացած մանր-մունր ուժերը նպատակ են հետապնդում փոշիացնել ձայները»:
Վահե Գասպարյանի հավաստմամբ՝ Կրեմլը Ռոբերտ Քոչարյանի և Նիկոլ Փաշինյանի բերանով խոսում է հետընտրական զարգացումների մասին, որպեսզի թույլ չտա Հայաստանին մաս կազմել Հյուսիս- հարավ նախագծին:
Կարդացեք նաև
ԱԺԲ խորհրդի անդամ Հայկ Մարտիրոսյանի ներկայացմամբ՝ իրականում պայքարը երկու ուժերի միջև է՝ մի կողմից նախկինների ու ներկաների և մյուս կողմից ԱԺԲ-ի:
Հայկ Մարտիրոսյանի փաստմամբ՝ այսօր արտաքին քաղաքականությունը որոշում է ամեն ինչ: Այս առիթով պարզաբանեց. «ՀՀ-ի արտաքին սխալագույն քաղաքականության արդյունքն է, որ ստեղծվել է դասական գաղութային իրավիճակ, որի արդյունքում մետրոպոլիական գաղութատերը զոհաբերել է իր գաղութը իր իսկական դաշնակցին՝ թուրք-ադրբեջանական դաշինքին: Միայն արտաքին քաղաքական վեկտորը փոխելու դեպքում է հնարավոր հասնել հաջողության և փրկվել: Այս օրակարգի դեմ պայքարում են նախկինն էլ, ներկաներն էլ, որոնք երկուսն էլ սնուցվում են Մոսկվայից»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ ԱԺԲ ֆեյսբուքյան էջից