«Պատիվ ունեմ» դաշինքի կենտրոնական նախընտրական շտաբում այս երկու օրերին, հատկապես՝ նախորդ գիշեր եւ այսօր առավոտյան, մեծաթիվ ահազանգեր են կուտակվել այն մասին, որ իշխանությունը, կանխատեսելով գալիս պարտությունը, վերջին ճիգերն է գործադրում՝ իրավապահ համակարգի միջոցով ազդելու ընտրությունների արդյունքների վրա։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«Մասնավորապես, գործի է դրվել իշխանական ուժային եռյակը՝ ոստիկանություն, ԱԱԾ, դատախազություն։ Վաղ առավոտից Երեւանի մի շարք վարչական շրջաններում ԱԱԾ աշխատակիցները բերման են ենթարկում մեր դաշինքի շտաբների պետերին ու խուզարկություններ իրականացնում՝ առանց որեւէ հիմքի։ Մինչեւ այս պահը Զեյթունում, օրինակ, մեր շտաբների ղեկավարներն ԱԱԾ-ն ճնշումների է ենթարկում՝ առանց որեւէ փաստի։ Նման ապօրինի գործողությունների նպատակն է՝ ճնշել մեր նախընտրական գործունեությունը»,-նշեց Արմեն Աշոտյանը։
Նրա խոսքով՝ այս ամենն ուղղված է վախի մթնոլորտ սերմանելուն եւ դաշինքի գործունեությունը խաթարելուն․ «Իսկ ոստիկանության տարբեր բաժանմունքներում հրավիրում են ազդեցիկ մարդկանց եւ պրոֆիլակտիկ զրույցներ տանում։ «Պրոֆիլակտիկ» բառն իրենք են ասում։ Զրույցի բնույթն այն է, որ «խելոք մնա, մեկ է՝ մենք կրելու ենք, ու դու հետո քո հալը կտեսնես, մի աշխատի, քարոզչությամբ մի զբաղվի, թե չէ․․․»․․․իսկ գլխավոր դատախազությունը բոլոր ստորաբաժանումներին հրահանգ է տվել։ Երեկվանից դատախազություն են հրավիրվում գյուղապետեր, դպրոցների տնօրեններ, որոնց հետ սպառնալիքներով են զրուցում, ասում, որ եթե ընդդիմության համար աշխատեն, քրեական գործ սարքելը հինգ րոպեի գործ է»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ