Երեւանում, Գյումրիում ու Վանաձորում բնակվող 1-ին կամ 2-րդ կարգի հաշմանդամություն չունեցող մինչեւ 75 տարեկան շահառուները հուլիսի 1-ից կենսաթոշակները եւ նպաստները կստանան անկանխիկ եղանակով: Այսօր «Արմենպրեսի» մամուլի սրահում այս մասին հայտնեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության եւ այլ դրամական վճարների վարչության պետ Անահիտ Գալստյանը:
Ըստ նրա, կառավարության կատարած փոփոխության համաձայն, նշյալ բնակավայրերի բնակիչներն այլեւս չեն կարող ընտրել թոշակի, նպաստի վճարման եղանակը՝ կանխիկ, թե անկանխիկ: Վճարումը լինելու է բացառապես անկանխիկ: Շահառուները կարող են ընտրել միայն կազմակերպությունը, որի միջոցով ցանկանում են ստանալ թոշակը կամ նպաստը: Այն կարող է լինել որեւէ բանկ, իսկ հուլիսի 1-ից նման ծառայություն կմատուցի նաեւ «Հայփոստը»:
Ըստ Անահիտ Գալստյանի, քաղաքացիները պետք է մինչեւ հուլիսի 1-ը նախարարության սոցիալական ծառայությունների տարածքային բաժիններում դիմում գրեն: Այդ կարգից օգտվողների թիվը, վարչության պետի տվյալներով շուրջ 56 հազար է: Ըստ նախարարության պատասխանատուի, շահառուն կարող է դիմել ցանկացած տարածքային բաժին. «Օրինակ, եթե գրանցված է Գյումրիում, սակայն ապրում է Երեւանում, ապա կարող է դիմել մայրաքաղաքի տարածքային բաժիններ: Եթե ամեն դեպքում քաղաքացին ինչ-ինչ պատճառներով չի իմացել, չի հասցրել դիմել, ապա համակարգն իր փոխարեն կընտրի թոշակ վճարող կազմակերպությունը»,-ասաց տիկին Գալստյանը: Նա ասաց, որ նման պարագայում անհանգստանալու խնդիր չկա, քաղաքացին հետագայում կարող է իր ցանկությամբ փոխել վճարող կազմակերպությունը՝ բանկը եւ ընտրել իր հայեցողությամբ:
Անահիտ Գալստյանի խոսքով. «Ամեն դեպքում, որպեսզի խնդիրներ չլինեն, ամսվա սկզբին քաղաքացին չիմանա, թե որ բանկն է իր կենսաթոշակը վճարելու, սկսվեն տեղատարափ զանգերը նախարարություն, թեպետ մենք դրան պատրաստ ենք, հետեւաբար, հորդորում ենք մեր քաղաքացիներին անպայման դիմել տարածքային բաժիններ եւ դիմում գրել: Որեւէ բարդ գործընթաց չկա, դիմումի ձեւն էլ պատրաստ է, մնում է միայն բանկի անունը լրացնել կամ «Հայփոստը» նշել, եթե դա են ընտրում»:
Կարդացեք նաև
Ըստ վարչության պետի, համակարգը կներդրվի փուլային եւ հանրապետության այլ բնակավայրերը նույնպես աստիճանաբար կանցնեն այս տարբերակին: Իսկ ամբողջ հանրապետությունով մեկ անկանխիկ եղանակով ստանալու դեպքում պետությունը 1 միլիարդ 300 միլիոն դրամի խնայողություն կանի:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ