Արտահերթ ընտրություններին մասնակցող «Ազատական» կուսակցությունը գլխավորող Սամվել Բաբայանի կարծիքով՝ ժամանակը կարճ էր քարոզարշավի համար, 12 օրում հնարավոր չեղավ ամբողջ հանրապետությունում ընտրարշավ անել, ծրագրեր ներկայացնել։
«Հասարակությանը երկու բեւեռի տրամադրեցին, պատճառն էլ այն է, որ լրատվական ամբողջ դաշտը տիրապետում են այն մարդիկ, որոնք երկրորդ բեւեռ են ձեւավորել, դրա համար բոլորի համար դժվար էր այդ պատնեշը բացել»,-այսօր «Հայացք» ակումբում ասաց պարոն Բաբայանը։ Նրա խոսքով՝ իր նկատմամբ երկար տարիներ հակաքարոզչություն է իրականացվել, եւ այս կարճ ժամկետում իր համար դժվար էր տարիների հակաքարոզչության ազդեցությունը չեզոքացնել։
«Այսքան տարի հակաքարոզչություն է տարվել Բաբայան Սամվելի դեմ, էն ժամանակվա գործող իշխանությունները՝ 1999 թվականից սկսած, մի հատ մթնոլորտ էին ստեղծել, որ պարոն Բաբայանը հրեշ է, մարդ է ուտում։ Եվ դա կոտրել, փոխել այդ ամենը, դժվար է, քանի որ այն ստերը, որ վերագրել էին իրենք իրենց, ասենք՝ ոչ մեկը Հայաստանում չգիտեր, որ 1992 թվականի պարտությունից հետո դու ես վերցրել պատերազմն ու բերել հաղթանակ։ Հայաստանում ներկայացնում էին ում ասես, բացի ինձանից, բացի ինձանից, բոլորը կային։ Բանակը կառավարվում է վերտիկալ իշխանությունով, վերեւում նստած է եղել պարոն Բաբայանը, օպերացիաները մշակել, իրագործել է Բաբայանը։ Հայաստանում ո՞վ գիտեր դրա մասին։ Ոչ մեկին ձեռնտու չէր դրա մասին ասեին»,-ասաց Սամվել Բաբայանը։
Նրա խոսքով՝ 25 տարի բանակ ենք կառուցել ու ասել, որ մենք ամենահզոր բանակն ենք․ «Պատերազմը սկսվում է ու երեք օրվա մեջ հասկանում ենք, որ մենք պարտվում ենք։ Ու ոչ մեկ չի ուզում պատասխան տա։ Ժողովուրդները ոչ մի դեպքում չեն պարտվում, պարտվում է կառավարումը, ղեկավարողը։ Այդ մարդիկ իրենց տեղում չեն եղել։ Զենքի քանակն ու որակը կորուստների մասին է խոսում՝ մեծ կորուստ ունե՞ս, թե՞ փոքր։ Բայց կառավարելը՝ ռազմավարություն ընդունելը, դա ղեկավար կազմը պետք է կարողանա անել, ցանկացած իրավիճակում տակտիկան փոխել, որ հակառակորդին հնարավորություն չտաս, որ թելադրողի դերում լինի։ Մարդկանց թվացել է, որ իրենք արդեն հասուն են եւ կարող են ֆրոնտ ղեկավարել։ Ես էլ ձեզ բազմիցս ասել եմ՝ կոլխոզի նախագահներ են գեներալի հագուստով ու բոլորը նեղացել են»,-ասաց Սամվել Բաբայանը։
Կարդացեք նաև
Պատերազմում պարտության գլխավոր պատճառն ու մեղավորը, ըստ պարոն Բաբայանի, ռազմական գերատեսչության վերնախավն էր, իսկ ոմանց ձեռնտու է քաղաքական ղեկավարության վրա բարդել, դավաճան համարել։
Եվ որպեսզի հիմնավորի իր ասածները, պարոն Բաբայանը արցախյան առաջին պատերազմից դրվագներ պատմեց․ «1992-ին Կոմանդոսը ղեկավարել է Ղարաբաղի տարածքում, Վազգեն Սարգսյանը՝ Հայաստանի պաշտպանության նախարարն էր։ Օգոստոսին, երբ 40%-ն Արցախից կորցրել էինք, Արծվաշենը կորցրել էինք, ինչի՞ են էդ մարդիկ հրաժարական տվել։ Օգոստոսի 16-ին Վազգեն Սարգսյանը հրաժարական է տալիս, Կոմանդոսը մինչեւ այդ գնացած է լինում Ջերմուկ, վիճակը լավ չէր: Հայաստանում ցույցեր էին, հրապարակից բերում են Մանուկյան Վազգենին, Մանուկյան Վազգենն էլ հետը բերում է Քոչարյան Անդոյին։ Պաշտպանության նախարար է դառնում Մանուկյան Վազգենը։ Արցախում ես տեղակալ եմ մնում, մեզ պետք է լինում մինչեւ փետրվարի 15-ը վերախմբավորել, վերակազմակերպել եւ այլն ու սկսել հաղթարշավը։ Մեր քաղաքական, ռազմական ղեկավարությունը միշտ ասում է՝ դրանից հետո գլորվելով գնաց։ Ոնց որ սահնակ էր, նստած գլորվելով գնաց։ Գիտե՞ք ինչի են էդպես ձեւակերպել, որովհետեւ չեն կարում ասեն՝ պարոն Բաբայանն է եղել։ Իրենց պետք չի դա ասելը։ Բա երբ ասում եմ՝ բերաններդ փակեք, վեր ընկեք, ասում են՝ էս խի՞ ա սենց խոսում։ Հերիք եղավ, բոլ եղավ, 27 տարի էս ժողովրդին խի՞ եք խաբում։ Մանուկյան Վազգենը 1993 մայիսի 10-ին հրաժարական է տալիս։ Այն տարածքները, որոնք ազատագրվել են՝ Ֆիզուլի, Աղդամ, Մարտակերտ, Ջաբրայիլ, Կուբաթլու, Հայաստանում պաշտպանության նախարար չի եղել։ Եղել է շտաբի պետի պաշտոնակատար՝ Նորատ Տեր-Գրիգորյանցը։ Զինեւիչին 1993-ին հեռացրել եմ։ 1993-ի դեկտեմբերին նորից պատերազմ էր սկսվում, Զինեւիչը Հայաստանում էր, գալիս է Ջաբրայիլի ուղղությամբ, դիրքերը չեն կարում պահեն, հետ է քաշվում։ Այդ դեպքերից հետո գալիս է իմ մոտ, խնդրում, որ նորից գա իմ մոտ ծառայի։ Զինեւիչը Աղդամի օպերացիայից հրաժարվել է, հրաժարվել է ստորագրել թղթի տակ, համարելով, որ օպերացիան չպետք է լինի։ Իրեն ուղարկել եմ գործուղման՝ 1993-ին, Մոսկվա։ Օպերացիան առանց իր ստորագրության, որպես շտաբի պետ, արել ենք։ Հետո, որ եկել է, ասել եմ՝ դե տեղափոխվի ՀՀ ՊՆ, էնտեղ լավ է։ Հայաստանը Զինեւիչին Աղդամի ազատագրման համար այդ օրերին տալիս է գեներալ-մայորի կոչում։ Տեսնո՞ւմ եք՝ ինչ հետաքրքիր պատմություններ ունենք։ Սա է իրականությունը, բայց դա ոչ մեկ չգիտի ու չի ուզում իմանալ»։
Սամվել Բաբայանը նորից կրկնեց՝ մեղավոր է ռազմական ղեկավարությունը, քաղաքականն այնքանով է մեղավոր, որ նրանց նշանակել է այդ պաշտոններին։
«Ասում եմ՝ ուղղակի ներկայացրեք այն զոհերը, որ զորամասում են եղել, ովքեր են վիրավորներին եւ դիերը թողել մարտի դաշտում ու փախել, ու բոլոր պատասխանները կստանաք։ Մեկ-երկու դիակ չէ, որ թողեցին, 1700 դի թողնես, 300 գերի, 4000 զոհ տաս։ 1700 դի թողնելը մարտի դաշտում, դա խոսում է այն մասին, որ խուճապ է եղել, անկառավարելի վիճակ, դա չի ասում, որ քաղաքական ղեկավարը խելք չի ունեցել»,-ասաց Սամվել Բաբայանը։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ