«Վերելք» կուսակցության նախագահ, ՀՀ Զինված ուժերի պահեստազորի գնդապետ, քաղաքական գիտությունների թեկնածու Ալեքսան Մինասյանը ամփոփելով քարոզարշավը՝ նշեց, որ քարոզարշավի փորձ չունի, դրա համար ձեռնպահ կմնա գնահատական տալուց: «Ենթադրում եմ՝ քարոզարշավն այնպիսին ՝էր, ինչպիսին պետք է լիներ»,-ասաց նա:
«Վերելք» կուսակցության նախագահը նշեց, որ հանդիպումների ժամանակ հիմնականում հասարակությունը բարձրացրել է անվտանգության խնդիրներ. «Մենք շրջեցինք հատկապես սահմանամերձ տարածքներում եւ հիմնական խնդիրը հասարակության, գյուղացու այն էր, որ ինքն իրեն անվտանգ չի զգում:
Մարդիկ հարցնում էին՝ եթե անվտանգ պայմաններ չլինեն, ինչպես ենք հերկելու մեր հողը, ինչպես ենք կարողանալու մեր կյանքն այստեղ ապրել: Օրինակ՝ Սոթքում գյուղացի կանայք բացակայում էին: Մենք գյուղ մտնելով կին ու երեխա չտեսանք, հիմնականում տղամարդիկ էին, երիտասարդներ: Այսինքն` խնդիրը պարփակված է հենց անվտանգության մեջ»:
Ալեքսան Մինասյանը հիշեցրեց, որ իրենք ունեն ջոկատներ, որոնց ուղարկում են զինվորներին օգնելու. «Հերթափոխի ժամանակ էլ ուղեկցում ենք նրանց սահման: Խոսում էինք եւ գյուղացիների, եւ սահմանապահ բնակիչների, եւ հենց զորքի հետ: Մեր ջոկատների ամեն մի քայլը պետք է բանակի հետ զուգորդված լինի, ուստի պայմանավորվածության գալու համար ստիպված էի լինել սահմանում»:
Կարդացեք նաև
Նա նշեց, որ քարոզարշավի ընթացքում իրենց նկատմամբ ոչ մի խտրականություն չեն նկատել, իսկ մամուլը Մինասյանի ձեւակերպմամբ, բարիդրացիական է տրամադրված եղել. «Ես ինձ այս ժամանակահատվածում զգացի, որ կարող ենք դառնալ միասնական պետություն, միասնական ազգ եւ հակահարված տալ այն խնդիրներին, որոնք ունենք ազգովի»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ