Լրահոս
Օրվա լրահոսը

«Բա եթե դուք բոլորդ սուրբ եք եղել, բա վանքի խաչն ո՞վ է գողացել». Նորիկյան

Հունիս 18,2021 13:46

«Ով փորձեց ժողովրդի թիկունքում ժողովրդի քվեն գողանալ կամ ապօրինի ձեւերով իշխանությունը զավթելուն ուղղված գործողություն իրականացնել, նա հայ ժողովրդի նկատմամբ շանտղություն է անելու: Նա լրջագույն մարտահրավեր է նետելու մեր պետականությանը, առանց այդ էլ մենք լավ օրեր չենք ապրում»,- այսօր հրավիրած ամփոփիչ ասուլիսում ասաց «Արդար Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Նորայր Նորիկյանը:

Նա նշեց, որ այս ընթացքում տեսել է քաղաքական ուժերի, որոնց իրականացրած քարոզարշավով հնարավոր էր Արցախի կեսը վերականգնել. «Ռոբերտ Քոչարյանի, «Պատիվ ունեմ»-ի, մի քանի այլ քաղաքական ուժերի կողմից կազմակերպվող գործընթացները, քարոզչական, գովազդային հոլովակները… այսինքն, այս երկրում երբեւէ ղեկավարած քաղաքական ուժերը գովազդվելու, ներկայանալու խնդի՞ր ունեն, ժողովուրդ: Իրենց ասածները ներկայացնելու խնդի՞ր ունեն: Բա այս ժողովուրդը 10 տարի չի՞ տեսել այդ մարդկանց արածները: Լավ երկիր կառուցող էիք, կառուցեիք ժամանակին, երբ ունեիք հնարավորություն, ոչ թե Արցախի հաղթանակը մսխեիք, երկիրը բերեիք հասցնեիք այսպիսի կրախի առաջ: Այդ ինչպե՞ս ստացվեց, որ ձեր ղեկավարման օրոք բոլոր գեներալները դարձան միլիոնատերեր: Ինչպե՞ս ստացվեց, որ 2003-ից մինչեւ 2018-ի խորհրդարաններում 60%-ը դոլարային միլիոնատերեր էին: Ձեր ղեկավարման օրոք թեւածում ու զարգանում էր ռազմական օլիգարխիան, քրեաօլիգարխիան: Այդ ինչպե՞ս ստացվեց, որ կիսագրագետները, տառաճանաչները դարձան միլիոնատերեր, հանցավոր արժեքներով ապրող որոշները սողոսկեցին գործադիր իշխանություն, օրենսդիր իշխանություն: Դուք գիտե՞ք, որ մենք վարչապետ ենք ունեցել, որը ապրել է ոչ ֆորմալ հանցավոր արժեքներով ու պատկերացումներ է ունեցել, դրանցով է առաջնորդվել այս երկրում: Մենք բազմաթիվ նախարարներ ենք ունեցել, որոնք կիսագողական պատկերացումներ են ունեցել եւ ունեն»:

Նորիկյանին անհանգստացնում է, որ այսօրվա Հայաստանում հնարավոր մեծ ու փոքր հանցագործները վխտում են ազատության մեջ. «Որեւէ մեկը այդպես էլ պատասխան չտվեց իր արածների համար: Հայաստանում, ցավոք, ոչնչացված է պատասխանատվության ինստիտուտը: Այն մարդիկ, որոնց լեզուները այսօր երկար են, պատասխան տալու փոխարեն այսօր, որքան էլ աբսուրդ է, պատասխան են պահանջում: Պատկերացնո՞ւմ եք ինչպիսի ապաշնորհ քաղաքականություն էր հնարավոր իրականացնել, որ երկրի թիվ մեկ ամբաստանյալները այսօր հավակնում են երկրի թիվ մեկ աթոռին: Չէր կարելի այսպիսի կեղծ երկընտրանքի առջեւ կանգնեցնել մեր ժողովրդին, այսինքն, ընտրեք կա՛մ գործող, կա՛մ նախորդ իշխանությանը: Եթե երկիրը դուք լավ եք ղեկավարել, ինչո՞ւ ենք մենք հայտնվել այսպիսի ողբերգական իրավիճակի մեջ: Բա եթե դուք բոլորդ սուրբ եք եղել, բա վանքի խաչն ո՞վ է գողացել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930