«Բայց ինչո՞ւ պետք է մենք հունիսի 21-ին դուրս գանք փողոց։ Այսինքն, փողոց են դուրս գալիս նրանք, ովքեր չեն անցնո՞ւմ խորհրդարան։ Չանցնելու տարբերակ չկա»,-Երեւանում այսօր նախընտրական քարոզարշավի ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով հարցին, թե ընտրությունների արդյունքում խորհրդարան չանցնելու դեպքում փողոց դուրս կգա՞ն՝ ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
«Փողոց դուրս գալու տարբերակ կարող է լինել միայն այն դեպքում, երբ, օրինակ, ընտրությունները կեղծվեն կամ եթե երկրում ինչ-որ արհավիրք է տեղի ունենում։ Բայց ԼՀԿ-ն հիմա հանդես է գալիս փողոց դուրս գալը բացառելու համատեքստում։ Մենք միասնության եւ համերաշխության օրակարգով ենք գալիս, ի՞նչ փողոց։ Մենք փողոցներն ազատել ենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների նշանակմամբ։ Ժողովուրդն է ուզում համախմբում, մտեք ցանկացած բակ ու հարցրեք»,-շեշտեց Էդմոն Մարուքյանը։
Նրա խոսքով՝ այս օրերին իրար վրա ցեխ շպրտող քաղաքական ուժերը տասնյակ տարիների միջանձնային հարաբերություններ են պարզում ժողովրդի հաշվին, եւ ընտրողները նրանց համար «զորքեր» կարծես լինեն․ «Սպառնում են, որ ժողովրդով գալու են ասեն, մյուսն էլ ասում է, որ իր ժողովրդով է գալու ասի։ Դադար տվեք, թողեք ժողովուրդն ապրի»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ