Լրահոս
Օրվա լրահոսը

Ճանապարհը՝ խաղաղ, ազատ և արդար ընտրություններն են: Հուսով եմ՝ ողջամտությունն ու ազգապահպանության մղումը գերակա կլինեն. Սամվել Կարապետյանի հայտարարությունը

Հունիս 18,2021 11:28

«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը հանդես է եկել հայտարարությամբ

Դիմում եմ ձեզ գալիք խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ։ Ակնհայտ է, որ մեր հայրենիքում ստեղծված իրավիճակը առանձնանում է ծայրահեղ բարդությամբ։ Ծանր պարտություն տանելով հայրենական պատերազմում, մենք հայտնվել ենք աննախադեպ մի ճգնաժամի մեջ։ Ընդ որում, խոսքն ինչպես քաղաքական, տնտեսական, այնպես էլ արժեհամակարգային ճգնաժամի մասին է։

Գիտեմ, որ շատերի համար իրավիճակը փակուղային է թվում, և դա հասկանալի է։ Մեր բազմադարյա պատմության մեջ դժվար ժամանակներ շատ են եղել, սակայն այս շրջանն առավել ողբերգական թվում։ Այնուամենայնիվ, ես վստահ եմ, որ մենք կարող ենք հաղթահարել այս բազմաշերտ ճգնաժամը։ Ճանապարհը՝ խաղաղ, ազատ և արդար ընտրություններն են։

Հասկանալի է, որ հունիսի 20-ին մենք ոչ թե պարզապես նոր խորհրդարան ու նոր կառավարություն ենք ընտրում, այլ պատրաստվում ենք ներկայացնել աշխարհին, մեր բարեկամներին ու թշնամիներին մեր էությունը։ Ներկայացնել այն ուղին, որով առաջիկա՝ բոլորիս համար շատ բարդ տարիներին, շարժվելու է Հայաստանը։

Կկարողանա՞նք արդյոք տոկուն լինել։ Կարո՞ղ ենք արդյոք արագ վերականգնման գործընթաց սկսել։ Կարո՞ղ ենք արդյոք ազատվել հակասությունների կապանքներից և հասարակության մեջ կառուցողական մթնոլորտ ձևավորել։ Այս հարցերի պատասխանները կախված են Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու ընտրությունից։

Հուսով եմ, որ ողջամտությունն ու ազգապահպանության մղումը գերակա կլինեն։ Հուսով եմ, որ ընտրությունները կավարտվեն պաշտոնական տվյալների ամփոփմամբ, այլ ոչ թե ներքաղաքական լարվածության նոր շրջափուլով։ Երկիրը հասարակական համերաշխության սուր կարիք ունի։

Սիրելի քույրեր և եղբայրներ, ես անկեղծ հավատում եմ, որ մենք կհաղթահարենք այս մարտահրավերը։ Եվ կշարունակենք հպարտանալ մեր ընդհանուր հայրենիքով այնպես, ինչպես հպարտացել ենք միշտ։

Ես անկեղծ հավատում եմ, որ ամեն ինչ լավ է լինելու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930