Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Եթե Նիկոլը նորից ընտրվեց, ապա Հայաստանի պետականության մասին կարելի է մոռանալ»

Հունիս 18,2021 15:30

Ասում է ՌԴ հայտնի քաղաքական գործիչ, հրապարակախոս, արմատներով հայ Սեմյոն Բաղդասարովը

Համաձայն «Աստվածաշնչի»՝ մարդու կատարած սխալը կամ գործած հանցանքը նրան Աստծո առաջ դարձնում է մեղավոր եւ դրանով նա անջատվում է Աստծուց: Սա մեղքի մասին քրիստոնեական բարոյականության ուսմունքն է, իսկ քրեական իրավունքի տեսության համաձայն` մեղքը դա հանցանք կատարած անձի հոգեբանական վերաբերմունքն է իր կողմից կատարած հասարակական վտանգավոր արարքի եւ առաջացրած վտանգավոր հետեւանքների նկատմամբ:

Մեղքի ձեւերից է նաեւ անուղղակի դիտավորությունը, որի դեպքում անձը գիտակցում է իր կատարած գործողության կամ անգործության հասարակական վտանգավորության վտանգավոր բնույթը, նախատեսում է վտանգավոր հետեւանքների առաջացման հնարավորությունը, թեկուզեւ չի ցանկանում, սակայն գիտակցաբար թույլ է տալիս կամ ցուցաբերում է անտարբերություն (ինչ ուզում է, թող լինի):

Իմ պատկերացմամբ՝ Նիկոլ Փաշինյանը եւ իր ղեկավարած անգործունյա կառավարությունը, հենց մեղքի անուղղակի դիտավորությամբ երկիրը տարան նվաստացուցիչ պարտության, թշնամուն հանձնեցին Արցախը, որի հետեւանքով հազարավոր մարդիկ տեղահանվեցին եւ մնացել են անօթեւան, կյանքից զրկվեցին հազարավոր զինվորներ եւ խաղաղ բնակիչներ, թշնամու զինված հրոսակախմբերին թույլատրեցին ներթափանցել ՀՀ պետական սահմանը, առքուվաճառքի նմանվող գործարքով վերակենդանացրին Մեղրիի միջանքի կամ թուրքական «Թուրան» ծրագիրը, գցեցին մեր պետության միջազգային իմիջը եւ բարի համբավը:

Նիկոլի եւ նրա կլանի հիշյալ գործողությունների եւ անգործությունների հետեւանքով զգալի նյութական եւ բարոյական վնասներ են պատճառվել Քրեական օրենսգրքով պաշտպանվող հասարակական հարաբերություններին, որոնք առերեւույթ առաջացնում են հանցագործության կազմեր (քրեական հետապնդում իրականացնող մարմիններն այդ հանգամանքները ուշադրություն չեն դարձնում):

Նման պարագայում տրամաբանական հարց է ծագում. բազմաթիվ մեղքեր գործած անձն իր քաղաքական թիմով ինչ իրավական եւ բարոյական հիմունքներով է կատարում վարչապետի պարտականությունները եւ մասնակցում արտահերթ խորհրդարանական ընտրություններին` նորից հավակնելով վարչապետի պաշտոնին:

Քաղաքակիրթ երկրներում պետությանը պարտության տանող ղեկավարը կամովին հրաժարական է տալիս, եւ ապաստան խնդրում այլ պետությունից կամ ժողովուրդը ամբաստանում է նրան եւ վտարում երկրից: Ի տարբերություն մեր «հպարտ» քաղաքացիների, մի զգալի մասը ամբաստանելու կամ դատաստանի փոխարեն անցել են Նիկոլի կողմը, նրան ընդունում են աղուհացով, շոյում արյունոտ ձեռքերը եւ ծնկի գալիս, իսկ Նիկոլը մուրճը ձեռքին՝ իր ասած գժականով, քարոզչություն է անում, ստում եւ հրապարակավ հայհոյում այլոց:

Անտարակույս այս երեւույթները նույնպես փոխկապակցված են ժողովրդի անտարբերության եւ թեթեւամտության հետ, որով, ըստ էության, նրանք անուղղակի օժանդակում են Նիկոլի վերարտադրմանը կամ պետականության կործանմանը: Այս առնչությամբ, ժողովրդի այս խավի եւ ընթերցողների ուշադրությունն եմ հրավիրում ՌԴ հայտնի քաղաքական գործիչ, հրապարակախոս, արմատներով հայ Սեմյոն Բաղդասարովի կանխատեսումներին. «Եթե Նիկոլը նորից ընտրվեց, ապա Հայաստանի պետականության մասին կարելի է մոռանալ, թուրքերը եւ ադրբեջանցիները հաղթելուց հետո ցանկանում են կապիտուլյացիայի ենթարկել արդյունքները եւ Հայաստանի տարածքներից ստանալ առավելը եւ դրանով ոչնչացնել Հայաստանի պետականությունը»:

Աստված հեռանում է մեղք գործողներից, իսկ մենք ընդունում ենք նրան եւ հակադրվում քրիստոնեական բարոյականության սկզբունքներին եւս:

Այս անտարբերության եւ թեթեւամտության համար անկասկած մեր հետագա սերունդները մեզ մեղադրելու են Հայոց Պետականության դեմ ծանր հանցագործություն կատարելու մեջ:

Արամ ՄԽԻԹԱՐՅԱՆ
Մոսկվա, իրավաբան

«Առավոտ» օրաթերթ
18.06.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930