Լրահոս
Օրվա լրահոսը

«Վերադառնալ այն գործունեությանը, որն ավելի շատ է համապատասխանում իմ խառնվածքին և իմ ունակություններին». Միքայել Զոլյանի այս որոշումն ուրախացրել է հորը

Հունիս 18,2021 11:09

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը երեկ ՖԲ գրառմամբ մասնավորապես տեղեկացրել էր. «Հավանաբար գիտեք, որ ես չեմ մասնակցում այս ընտրություններին որպես թեկնածու։ Այո, ես որոշել եմ դուրս գալ քաղաքականությունից և վերադառնալ այն գործունեությանը, որն ավելի շատ է համապատասխանում իմ խառնվածքին և իմ ունակություններին։ Կարծում եմ, որ ես ավելի շատ օգուտ կարող եմ բերել մեր երկրին որպես դասախոս, գիտնական և վերլուծաբան, քան որպես պաշտոնյա և քաղաքական գործիչ։

Բայց այսօր չեմ կարող չհայտնել իմ դիրքորոշումն ընտրությունների վերաբերյալ։ Որպես ՀՀ քաղաքացի՝ ես պատրաստվում եմ իմ ձայնը տալ Քաղաքացիական Պայմանագիր կուսակցությանը։ Այն մարդկանց, ում համար իմ կարծիքն արժեքավոր է, հորդորում եմ հետևել իմ օրինակին։ Իմ համոզմամբ, այսօր այդպիսի ընտրությունը միակ իրական երաշխիքն է քրեաօլիգարխիկ ռեստավրացիայի դեմ։

Իհարկե, որևէ մեկին չեմ փորձում պարտադրել իմ կարծիքը, ամեն մեկն ինքն է որոշում։ Բայց ունեմ մի մեծ խնդրանք՝ քվեարկության ժամանակ առաջնորդվել ոչ թե զգացմունքներով, այլ սթափ հաշվարկով։ Խնդրում եմ զգուշանալ այն ուժերից, որոնք խաղում են մեր ցավի, մեր կորուստների և մեր դժբախտության վրա։ Նրանք փորձում են անիրատեսական սպասումներ ձևավորելով մարդկանց տանել իրենց hետևից, և, որքան էլ ցավալի է, անգամ որոշ բանիմաց և պարկեշտ մարդիկ դարձել են այդ քարոզչության զոհը։  Բայց նաև համոզված եմ, որ, որքան էլ ոմանք հայհոյեն մեր երկիրը և մեր ժողովրդին, ժողովուրդն իմաստուն է և կկատարի ճիշտ ընտրություն»:

Բրյուսովի անվան համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանը «Հրապարակի» հետ զրույցում չթաքցրեց իր ուրախությունը, որ որդին՝ «Իմ քայլի» պատգամավոր Միքայել Զոլյանը, այլեւս չի շարունակելու ճանապարհը գործող իշխանության հետ, ընդգրկված չէ ՔՊ նախընտրական ցուցակում։

Արդյոք իր սկանդալային գրառո՞ւմն է դեր խաղացել որդու դուրս մնալու հարցում․ հիշեցնենք, որ Զոլյանը պատերազմից հետո Փաշինյանի մասին գրել էր. «Վաղն իր գժի թուղթը կհանի եւ որպես անմեղսունակ՝ պատասխանատվությունից կազատվի»։

Զոլյանը պատասխանեց, որ դա որդու որոշումն է եղել․ «Ինքը գիտությամբ է ուզում զբաղվել, չափահաս մարդ է՝ ինքն էր ի սկզբանե որոշել, թե որտեղ լինի։ Համենայնդեպս, դուք նայեք, որ վերջին շրջանում ինքը հրապարակային հայտարարություններ չէր անում, ի տարբերություն մնացած պատգամավորների։ Չեմ կարծում, թե իմ ազդեցությունն է, դա իր որոշելիքն է»։

Հետաքրքրվեցինք՝ իսկ անցած երեք տարիներին չե՞ք հուշել որդուն, որ իշխանության քայլերը լավ տեղ չեն տանում։ «Ոչ, ես չեմ խառնվել, ամենաանշնորհակալ գործն է ուրիշի գործերին խառնվելը»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930