Լրահոս
Օրվա լրահոսը

Դարձյալ միասնականության մասին

Հունիս 18,2021 09:30

Հայաստանի Հանրապետության համար արտաքին թշնամու վտանգը այսօր վտանգավոր չափերի է հասել: Հայաստանին բարեկամ, կամ դաշնակից պետություններից հստակ, առարկայական ու աներկբա աջակցություն եւ երաշխավորության ազդանշաններ չեն նշմարվում:

Իհարկե միշտ, բայց հատկապես այս պարագային, մեր անվտանգության միակ վստահելի երաշխավորը պիտի լինենք մենք՝ հայերս, մեր բանակով, մեր ներկա ամբողջ ներքին ու արտաքին ռեսուրսներով: Մենք ինքներս պիտի գծենք մեր ապագայի եւ ազգային անվտանգության ուղղությունը եւ ընթացքը: Անկախության հենց առաջին օրվանից սա պիտի լիներ մեր ուղեգիծը, բայց մենք անկախ հանրապետություն ստեղծելով՝ նրա ճակատագիրը մեծավ մասամբ կապեցինք օտարի հետ, կամ հանձնեցինք օտարների պատասխանատվությանը, մսխեցինք պետական ռեսուրսները եւ այսօր ունենք այն ինչ ունենք:

Շատ է խոսվել ու խոսվում միասնականության մասին, բայց այդ միասնականությունը միշտ չէ, որ ստացվել եւ ստացվում է: Երեւի պատճառներից մեկը այն է, որ չենք բացատրում այդ միասնականության ինչպիսի լինելը, էությունը…Միասնական լինել ինչի՞ մեջ, ի՞նչ հիմունքների վրա կառուցված:

Բարձրագոչ՝ վերացական խոսքերով, եւ ազգային վերամբարձ ու մշուշոտ գաղափարներով միասնականության քարոզները բավական չեն, եւ մեզ տեղ չեն հասցնելու: Հարցը խորքային է, սակայն այնուամենայնիվ ունի հստակ եւ բոլորի համար հասկանալի պատասխան:

Անվերապահորեն միասնական պիտի լինել առաջին հերթին արտաքին թշնամիներից պաշտպանվելու համար:

Բոլոր քաղաքական եւ հասարակական ուժերը այստեղ պիտի լինեն միաձայն: Դրա փորձը մենք պատմության մեջ ունեցել ենք: Լավագույն օրինակներից մեկը Սարդարապատի հաղթանակած հերոսամարտն էր, ուր բոլորը անխտիր մեկ մարդու պես դուրս եկան անարգ թշնամու դեմ: Հաջորդը Արցախյան ազատագրման առաջին պատերազմն էր, իսկ վերջինը, զարմանալի թող չթվա, մեր ժողովրդի (ոչ թե քաղաքական ուժերի) միասնությունն էր՝ ընդդեմ այսպես կոչված 17–ի շարժմանը, որի հեղինակների նպատակը ըստ էության իրենց անձնական նեղ շահերի եւ ամբիցիաների համար պետականության հիմքերը քանդելու գնով՝ իշխանությունը զավթելն էր: Եվ նրանց չհաջողվեց միայն ու միայն մեր ժողովրդի միասնականության ու իմաստնության շնորհիվ, որ չգնաց նրանց ետեւից… եւ ինչու չէ, նաեւ իշխանությունների խոհեմության շնորհիվ, որոնք չտրվեցին սադրանքների:

Իսկ ի՞նչ պատահեց 44–օրյա պատերազմի ընթացքում:

Մի կողմից հայ ժողովուրդը ամբողջ աշխարհով մեկ, մի մարդու պես, ոտքի կանգնեց պաշտպանելու իր իրավունքը եւ պետականությունը, մյուս կողմից, բանակում ծառայող մեր 18–20 տարեկան հերոս երիտասարդների ու սպաների կողքին տեսանք հին ռեժիմը ներկայացնող ուժերի պառակտիչ ու դավադիր գործունեությունը, որոնք երկրի ռազմաքաղաքական ղեկավարության կողքին կանգնելու եւ թուրք–ադրբեջանական–ջահադիստական ոհմակների դեմ միասին պայքարելու փոխարեն, բացահայտորեն որդեգրեցին պատեհապաշտական քաղաքականություն՝ լեգիտիմ իշխանություններին տապալելու եւ ամեն գնով նորից իշխանության հասնելու համար:

Դրան, իհարկե, օգնում էր անկազմակերպվածությունը, թերացումները, պետական ապարատի եւ բանակի մեջ համատարած սաբոտաժը: Մի խոսքով օդի մեջ սավառնում էր դասալքության եւ դավադրության թունավոր ոգին: Իսկ վերոնշյալ ուժերը ազգի ու բանակի կողքին կանգնելու փոխարեն, հրապարակայնորեն, անթաքույց հայտարարում էին, որ գեներալները իրենց զենքը ուղղեն դեպի Երեւան…
Պատերազմում պարտության կծիկը այստեղից է բացվում, եւ ցավոք դեռ շարունակվում է:

2018–ի հեղափոխությունը եկավ դրանց պատմության աղբանոց նետելու, սակայն ներքին ու արտաքին բազմաթիվ բացահայտ ու ոչ բացահայտ պատճառների բերումով պատերազմը չոքեց մեր դռանը եւ հների համար, նույնիսկ մեր պարտության գնով, դարձավ ամենահարմար առիթ՝ վերականգնելու իրենց իշխանությունը:

Եվ այսօր արտահերթ ընտրությունների այս շեմին արտաքին թշնամու դեմ միասնական ճակատ կազմելու փոխարեն, հակահեղափոխական ուժերը հին ու նոր նախագահների գլխավորությամբ, մեր սահմանները պաշտպանելու ի խնդիր, ոչ միայն ՄԱՏԸ ՄԱՏԻՆ ՉԵՆ ԽՓՈՒՄ, այլ արտաքին թշնամու հետ միեւնույն ճակատում՝ ձգտում են ամեն գնով հասնելու իշխանության:

Առանց իմանալու դավաճանության իմաստն ու բնույթը, ո’վ քնից արթնանում՝ մյուսին անվերապահ հայտարարում է դավաճան: Իսկ դավաճանը նա է, ով այս վտանգավոր պահին արտաքին թշնամու դեմ դուրս չի գալիս՝ գեթ սովորական մի հայտարարությամբ… Պարզ ասած լկտիության չափը անցած Ալիեւին չի հայտարարում, որ մենք կարող ենք ունենալ ներքին խնդիրներ, բայց քո դեմ մենք միասնական ենք եւ ջարդելու ենք մեր երկիրը ներխուժող յուրաքանչյուր թշնամու ողնաշարը:

Այս պարագային ժողովրդին մնում է հսկայական մեծամասնությամբ վերջին անգամ մերժել ազգը թալանած բոլոր կեղծ ազգային կոչված հին ու նոր հակահեղափոխական ուժերին եւ ազատ ընտրությամբ պաշտպանել իրենց իսկ իշխանությունը եւ կանգնել հեղափոխության եւ հեղափոխությանը աջակցող ուժերի կողքին:

Իսկ ժողովրդավարությանը եւ ինքնիշխան պետականությանը հավատարիմ ուժերին մնում է համախմբվել եւ ընտրություններում թույլ չտալ, որ «կեղծարարության մեջ գրոսմայստերներ» համարվող հակահեղափոխական ուժերը իրենց ռեսուրսներով կեղծեն ընտրությունները եւ այդպիսով ժողովրդից խլեն իրենց ազատ կամքի արտահայտությունը:

Կարո Հակոբյան
7 հունիս 2021, Շվեդիա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Քանի որ մենք մոռացության ենք տվել մեր ազգային կրոնը, դրա համար լավ կլիներ այն վերհիշել ազգային կրոն ունեցող ազգերի փորձից, օրինակ, ազգային կրոնի առաջ բոլորը հավասար են՝ լինի հարուստ թե աղքատ, սուրբ թե հանցագործ, կրոնական տաճար մտնելու համար պետք է հավաքես առնվազն ասենք տասներկու քո կրոնակիցների՝ անկախ նրանց լավ ու վատ լինելուց, որ միասին կարողանաք մտնեք տաճար եւ այլն: Իսկ այսօր մենք տարբեր կրոնների մարդիկ ենք՝ մեկս հարստության կրոնի մարդ է, որը վերեւից է նայում աղքատներին, մյուսս սուրբ է, որը զզվանքով է նայում ոչ սուրբերին, մեկս խելքի կրոնի ներկայացուցիչ է, որն արհամարհաում է անգրագետներին եւ այլն: Հայ ազգային կրոնը՝ դա այն ճանապարհային քարտեզն է դեպի Արարիչ, որով պետք է գնան բոլոր անխտիր հայերը՝ հարուստ թե աղքատ, խելոք թե հիմար, քրիստոնյա թե մահմեդական, աթեիստ թե կոմունիստ, սուրբ թե հանցագործ: Ազգային կրոնը չի հակադրվում մյուս կրոններին, հայ կրոնը բոլոր հայերին հավասարեցնում է Արարչի առջեւ, ինչպես վակուումում լույսի նկատմամբ բոլորն էլ միեւնույն՝ լույսի արագությամբ են շարժվում՝ լինի կրեա թե էլեկտրոն արագացուցիչի մեջ: Քաղաքակրթական ազգ նշանակում է ունենալ ազգային ուրույն ճանապարհային քարտեզը դեպի Արարիչ, իսկ այն ազգերը, ովքեր չունեն սեփական քարտեզը, նրանք չեն կարող լինել քաղաքակրթություններ, նրանք արարող քաղաքակրթությունների արժեքների սպառողներ են միայն: Մեր հոգեւորականներն ու գիտնականները պետք է միասին կազմեն մեր ազգային ճանապարհային քարտեզը դեպի Արարիչ, հիմքում ունենալով արարչագործությունը:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930