Լրահոս
Օրվա լրահոսը

«Անկախ դիտորդ» դաշինքի 2021թ. երկարաժամկետ դիտարկումն իրականացվում է 2 փուլով

Հունիս 18,2021 14:00

ՀՔԱՎ պաշտոնական կայքը երեկ ներկայացրել է «Անկախ դիտորդ» դաշինքի 2021թ. Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների երկարաժամկետ դիտարկման միջանկյալ զեկույցը, որն ամփոփում է նախընտրական քարոզչության՝ օրենքով սահմանված ժամանակահատվածին նախորդող ժամանակահատվածի՝ 01.05.2021-06.06.2021թ. դիտարկման արդյունքները։ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին ընդառաջ՝ «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքն իր դիտորդական առաքելությունն սկսեց նախաքարոզարշավային շրջանի երկարաժամկետ դիտարկմամբ՝ 2021թ. մայիսի 1-ից մինչեւ հունիսի 6-ը ժամանակահատվածում։ Նախընտրական քարոզչությանը նախորդող ժամանակահատվածում դիտարկումն իրականացվել է 24 դիտորդի կողմից, որոնց հիմնական արձանագրումներն ու խախտումների որոշ դրսեւորումներ ամփոփված են ներկայացվող զեկույցում։

«Անկախ դիտորդ» դաշինքի 2021թ. երկարաժամկետ դիտարկումն իրականացվում է 2 փուլով։ 2021թ. մայիսի 1-ից մինչեւ նախընտրական քարոզչության օրենքով սահմանված ժամանակահատվածի մեկնարկի դիտարկում, երկրորդ փուլը՝ նախընտրական քարոզչության օրենքով սահմանված ժամանակահատվածի՝ 2021թ. հունիսի 7-ից 18-ի դիտարկում։ Դիտարկվել է 103 կուսակցական գրասենյակ, նախնական հարցազրույց է անցկացվել 74 կուսակցական գրասենյակների ներկայացուցիչների հետ։ Հարցազրույց է անցկացվել 34 հ/կ-ների ներկայացուցիչների հետ։

Ըստ զեկույցի. «Ուժային կառույցները նույնպես զերծ չեն մնացել քաղաքական գործընթացներից։ ԱԱԾ, ոստիկանության, քննչական մարմինների մի շարք պաշտոնյաներ ունեն քաղաքական նախապատվություններ, որոնք չեն թաքցնում։ Ավելին՝ որոշ դեպքերում բացահայտ լծված են քարոզչություն իրականացնելու գործին։ Բավական ակտիվ մասնակցություն են ունենում նախընտրական գործընթացներում նաեւ Հայ Առաքելական եկեղեցու սպասավորները, հատկապես՝ ընդդիմության շարքերում»։

Վարչական ռեսուրսի չարաշահման օրինակների մեջ դիտորդները նշել էին նաեւ. «Ընդհանուր դիտարկմամբ հստակ է, որ ընդդիմադիր համայնքապետերի զգալի մասը լծված է քարոզչություն իրականացնելուն (աշխատանքային ժամերին)։ Նրանք են նաեւ ապահովում «Հայաստան» դաշինքի մարզային հանդիպումների մասնակիցներին։ Ըստ ստացված ահազանգերի՝ Գյումրի քաղաքում՝ դպրոցների տնօրենների մասնակցությամբ ուսուցիչներին փորձել են ուղղորդել տարբեր կերպերով «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների անունից (միգուցե առանց նրանց իմացության) ներգրավելու տեղամասային ընտրական հանձնաժողովներում»։

Դիտարկման ընթացքում արձանագրված խախտումներն էին պաստառների վնասումը: Օրենսգիրքը սահմանում է, որ նախընտրական քարոզչության մեկնարկից առաջ վերացման են ենթակա 5 քառակուսի մետրը գերազանցող բոլոր այն պաստառները, որոնք ԿԸՀ-ն կամ տարածքային ընտրական հանձնաժողովը ճանաչում են ընտրությունների հետ ասոցացվող։ Մայիսի 31-ին ԿԸՀ-ն 6 որոշում էր կայացրել, որոնցով ընտրությունների հետ ասոցացվող են ճանաչել. Լեւոն Շիրինյանի եւ Արման Բաբաջանյանի համատեղ լուսանկարով եւ «Շիրինյան-Բաբաջանյան Ժողովրդավարների Դաշինք» գրառմամբ պաստառները, Նորայր Նորիկյանի լուսանկարով եւ «Արդար Հայաստան» գրառումը պարունակող պաստառները, Տիգրան Արզաքանցյան Բարեգործական Հիմնադրամ. «Ուժը՝ Մարդն Է» գրառմամբ կամ նշված գրառմամբ եւ Տիգրան Արզաքանցյանի լուսանկարը պարունակող պաստառները, Ռոբերտ Քոչարյանի «Կյանք եւ Ազատություն» գրքի պատկերով եւ «Հայաստանը Կառուցելիս» գրառմամբ պաստառները, «Արարատի բարձրությունն է 5165 մետր» գրառմամբ պաստառները, Էդմոն Մարուքյանի լուսանկարով եւ «Լուսավոր Հայաստան Կուսակցություն» գրառմամբ պաստառները:

Դիտարկվող ժամանակահատվածում բռնության եւ ճնշումների, ծեծկռտուքների եւ վեճերի վերաբերյալ ահազանգերի մեջ նշվել էին Սյունիքի մարզում Ռ. Քոչարյանի եւ Ն. Փաշինյանի համակիրների միջեւ ընդհարումները: Մասնավորապես, Գորիսի Վանքի տափ կոչվող թաղամասում, որտեղ ապրում են Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ազգականները, վիճաբանություններ են տեղի ունեցել կանանց միջեւ, որի հետեւանքով այդ թաղամասի շենքերից մեկում Ն. Փաշինյանի աջակից մի կնոջ ինքնազգացողությունը վատացել է: Ըստ ահազանգի՝ Ս. Խաչատրյանի ազգականները չեն թողել, որ այդ կնոջ համար ժամանած շտապօգնության մեքենան մոտենա եւ առաջին բուժօգնություն ցուցաբերի:

Իսկ Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում ՔՊ ներկայացուցիչները հարձակվել եւ ձվերով հարվածել են «Հայաստան» դաշինքի շտաբին։
Զեկույցում նշվել էր քարոզարշավը բարեգործական նպատակներով օգտագործելու մասին նույնպես: Այսպես, օրինակ, հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ, ԲՀԿ ղեկավար Գ. Ծառուկյանի նախաձեռնությամբ Աբովյան քաղաքում կազմակերպվել է մանկական միջոցառում։

Երեխաների տոնը քարոզչական նպատակներով օգտագործելուց զերծ չի մնացել նաեւ «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ, «Հայրենիք» կուսակցության Վանաձորի կազմակերպությունը՝ մայիսի 28-ին բարեկարգելով բնակելի շենքերից մեկի մանկական խաղահրապարակը եւ հունիսի 1-ին կազմակերպելով խաղահրապարակի բացումը՝ դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանի մասնակցությամբ: Հունիսի 4-ին Կոտայքի մարզի 321 շրջանավարտների Գ. Ծառուկյանի կողմից շնորհավորական բացիկներ, ծաղկեփնջեր եւ դրամական պարգեւներ են տրվել։

Դիտորդների տեղեկացմամբ, Կոտայքի մարզի Առինջ համայնքի Կոլյա Ծառուկյանի անվան դպրոցի շրջանավարտներին Գ. Ծառուկյանի անունից շնորհավորել է «ԵՌԿ»-ի ղեկավար Լիաննա Բաբայանը եւ փոխանցել խոշոր դրամական պարգեւներ եւ ծաղկեփնջեր: Կոտայքի մարզի Քասախ համայնքի ղեկավարը շրջանավարտներին նվիրել է «Իշխանություն» ֆիլմի տոմսեր եւ տեղեկացրել, որ անձամբ է սպասելու շրջանավարտներին «Մոսկվա» կինոթատրոնի մուտքի մոտ:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
17.06.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930