Լրահոս
Օրվա լրահոսը

Սպենդիարյանական էսքիզներ

Հունիս 18,2021 13:00

«…Իմ մանկության եւ պատանեկության տարիների երաժշտական ազդեցություններից ամենաուժեղը մորս դաշնամուր նվագելն էր, ինչը ես շատ էի սիրում ունկնդրել եւ ինչն, անկասկած, իմ մեջ սեր արթնացրեց դեպի երաժշտությունը…»,- այս տողերը Ալեքսանդր Սպենդիարյանի հուշերից է։

Ռուսական կայսրության Տավրիկյան նահանգի Դնեպրովյան գավառի Կախովկա քաղաքում (այժմ՝ Խերսոնի մարզ, Ուկրաինա) ծնված Ալեքսանդրի ծնողների մտքով ժամանակին հավանաբար չէր էլ կարող անցնել, թե իրավաբանական կրթություն ստացած, հետագայում Պետերբուրգում Ռիմսկի-Կորսակովի դասարանում ուսանած իրենց զավակին կանխորոշված է դառնալ այն կոմպոզիտորը, հասարակական գործիչը, մանկավարժն ու նույնիսկ հայ սիմֆոնիկ երաժշտության հիմնադիրներից մեկը, ով յուրացնելով ժողովրդական երաժշտության օրինաչափությունները, դաստիարակվելով եվրոպական եւ մասնավորապես ռուսական դասական երաժշտության ավանդույթներով, ընդլայնելու է ազգային երաժշտության շրջանակները։

Սպենդիարյանի հիմնած Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի առաջին կազմը՝ 1924-25թթ.

Ալեքսանդր Սպենդիարյանը մեր այն մտավորականներից էր, որոնք Ավետիք Իսահակյանի, Երվանդ Քոչարի, Մարտիրոս Սարյանի, Ալեքսանդր Թամանյանի եւ մյուս մեծերի նման ժամանակին արձագանքեցին Հայաստանի իշխանությունների կոչին ու տեղափոխվեցին Հայաստան։ Կոմպոզիտորը Հայաստան եկավ 1924թ. ու այստեղ նախաձեռնեց երաժշտական ու մշակութային կյանքի զարգացման լայնածավալ աշխատանքներ։ Նա ստեղծեց Երեւանի պետական կոնսերվատորիայի սիմֆոնիկ նվագախումբն ու հիմնեց նվագախմբային դասարանը։

Հայաստանում եւ արտերկրում սկսվել եւ շարունակվում են սպենդիարյանական միջոցառումները՝ նվիրված մեծանուն կոմպոզիտորի ծննդյան 150-ամյակին։

Օրերս սպենդիարյանական ստեղծագործություններով շքեղ երեկո էր «Արամ Խաչատրյան» մեծ համերգասրահում։ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը ծաղկաքաղ էր արել կոմպոզիտորի հայտնի գործերից ու բարձրարվեստ ներկայացրեց դրանք։

«Առավոտի» ծաղկաքաղն էլ նրա կյանքից ու ստեղծագործական ուղուց է. 1933թ. հունվարի 20-ին «Ալմաստ» օպերայի բեմադրությամբ բացվել է Երեւանի օպերային թատրոնը, որը 1939-ից կրում է անվանի կոմպոզիտորի անունը։

Խորհրդային տարիներին ընդունված էր Սպենդիարյանին ներկայացնել Սպենդիարով։ Ազգանվան շուրջ տարիներ ձգվող վեճը պարզաբանելու է գալիս կոմպոզիտորի հայկական անձնագիրը, որը ստացել է 1925թ.։ Անձնագրից պարզվում է, որ Սպենդիարյանը նախընտրել է «եւ-եւ» տարբերակը, հայերեն էջում կոմպոզիտորի ստորագրությունը Սպենդիարյան է, իսկ ռուսերենում՝ Սպենդիարով։

Կոմպոզիտորի տուն-թանգարանը հիմնադրվել է 1963թ., Սպենդիարյանի դուստրերի՝ Մարինայի եւ Տատյանայի՝ Հայաստան այցից հետո։ Նրանք տեսնելով իրենց հոր նկատմամբ ջերմ վերաբերմունքը, ցանկություն են հայտնել հոր երեւանյան բնակարանը վերածել տուն-թանգարանի։ Այսօր թանգարանում (տնօրեն՝ Մարինե Օթարյան) պահպանվում են նրա անվանական սպասքը, որն իր վրա կրում է կոմպոզիտորի անուն-ազգանվան սկզբնատառերով դրոշմակնիք, դաշնամուրը, որոշ ստեղծագործությունների ձեռագրեր, ինչպես նշեցինք՝ անձնագիրը եւ այլն։ Զարդատուփը կոմպոզիտորի համար ծառայել է որպես նամակների ու լուսանկարների պահոց։ Այդտեղ բազմաթիվ նամակների թվում է նաեւ կնոջ՝ Վարվառա Մագիրովայի՝ 1915թ. փետրվարի 5-ին գրած նամակը, որտեղ կինը նրան հաջողություն է մաղթում Սիմֆերոպոլում կայանալիք համերգում։ Ի պատասխան՝ Սպենդիարյանն էլ նամակ է ուղարկել կնոջը, շնորհակալություն հայտնելով ու տեղեկացնելով, որ այդ նամակը որպես թալիսման ծոցագրպանում պահած բեմ է բարձրացել եւ հաջողությամբ ղեկավարել համերգը։

Հետաքրքիր է նաեւ 1926թ. Ղրիմից Հայաստան կոմպոզիտորի դաշնամուրը տեղափոխելու պատմությունը։ Սպենդիարյանն այնքան ոգեւորված է եղել երեւանյան բնակարանով, որ որոշել է Սուդակի ամառանոցից Երեւան տեղափոխել իր՝ 1800-ականներին արտադրված C.BECHSTEIN դաշնամուրը։ Այս առիթով Ռոմանոս Մելիքյանը, ով որոշ ժամանակ ապրել է կոմպոզիտորի բնակարանում, իր հուշերում պատմել է, թե ինչպես էր Սպենդիարյանն ամեն առավոտ վաղ արթնանում, թեյ պատրաստում, իսկ հետո երկուսով նստում էին դաշնամուրի մոտ եւ ինքն Ալեքսանդրին ծանոթացնում էր հանճարեղ Կոմիտասին։

Հանրածանոթ «Ա՜յ, վարդ» ռոմանսն էլ իր ստեղծման պատմությունն ունի. Մոսկվայի կայսերական համալսարանում ուսանելու տարիներին կոմպոզիտորը եղբոր՝ Լեոնիդի հետ հաճախ է ներկա լինում հայկական հավաքույթներում։ 1894թ. նման հավաքներից մեկում ներկա է գտնվում գրող Ալեքսանդր Ծատուրյանը, ով ընթերցում է իր «Ա՜յ, վարդ» բանաստեղծությունը։ Սպենդիարյանը շատ է հավանում այն եւ հեղինակին խնդրում է ռուսերեն տառերով գրել հայերեն տեքսը։ Իսկ հաջորդ երեկոյին արդեն հնչում է ռոմանսը։ Այն առաջին անդրադարձն էր հայ պոեզիային եւ կոմպոզիտորը նվիրել էր ուսանողական տարիների իր սիրուն՝ Վարվառա Էբեռլեին, որը Սպենդիարյանի ռոմանսների առաջին կատարողն էր։

Կոմպոզիտորի ուսանողներից Սերգեյ Շաթիրյանը հավաստիացնում է, որ Սպենդիարյանին ժամանակակիցները չէին պատկերացնում առանց սիգարի, նույնիսկ նվագախմբի հետ փորձերի ժամանակ։ Նա երբեմն բորբոքվում էր, ձեռքը մեկնում առաջին ջութակների կոնցերտմայստերին ու պորտսիգարի տուփից երկու գլանակ վերցնում, մեկը ծխում էր, մյուսը պահում ականջի ետեւում, չընդհատելով փորձը։

1905թ. կոմպոզիտորը Լերմոնտովի «Երեք արմավենի» բանաստեղծության վրա գրում է համանուն սիմֆոնիկ ստեղծագործությունը։ Նվագախմբի գործիքները չեն բավարարում ամբողջությամբ արտահայտել այդ ստեղծագործության պատկերայնությունն ու գունեղությունը։ Այդ բացը լրացնելու համար Սպենդիարյանը կաշվե գոտուց եւ 12 բրոնզե զանգակներից ստեղծում է երաժշտական նոր գործիք։ Նրա ուսուցիչը՝ Ռիմսկի-Կորսակովը այդ գործիքին տալիս է սպենդիարոֆոն անունը։ Այն կոմպոզիտորի հետ ճամփորդել է բոլոր եվրոպական քաղաքներում, որտեղ հնչել է «Երեք արմավենին»։

Սպենդիարյանի տուն-թանգարանում ցուցադրված է «Պավել Բուրե» ոսկե ժամացույցը, որը հայրն էր նվիրել։ Այն Մոսկվայի համալսարանում ուսանելու տարիներին հաճախ էր հայտնվում գրավատանը. հոր ուղարկած շոշափելի գումարը չէր բավականացնում, քանի որ Ալեքսանդրն ու եղբայրը օպերային ներկայացումների համար տոմսեր էին գնում ոչ միայն իրենց, այլեւ ընկերների համար։ Ժամացույցի սլաքները կանգնած են 02։10-ի վրա. դա այն ժամն է, երբ 1928թ. մայիսի 7-ին դադարել է բաբախել կոմպոզիտորի սիրտը։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
17.06.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930