Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես երիտասարդներին կապել համայնքներին

Հունիս 18,2021 12:30

Հայաստանի երիտասարդությունը այս ժամանակաշրջանում հատկապես կարիք ունի ինքնակազմակերպվելու եւ համախմբվելու։ Այդ գործընթացները մեծապես կախված են նաեւ համայնքների զարգացման հետ:

Երիտասարդների կենսակերպի ակտիվացմանը նպաստելու եւ համայնքային կյանքին երիտասարդության մասնակցությունը խթանելու նպատակով, «Տեղական Ժողովրդավարության դպրոցի» շրջանակներում իրականացվում է «TELLus» երիտասարդների զարգացման ծրագիրը՝ ներառելով Արմավիրի մարզի 16-25 տարեկան երիտասարդներին։

Ծրագրի համակարգող Մարզպետ Յայլոյանը մեզ հետ զրույցում ասել է, որ ծրագրի առաջին փուլում Արագածոտնի մարզի Լուսագյուղ բնակավայրում անցկացվել է երիտասարդների զարգացման ճամբար, որի նպատակն էր ավելի ակտիվացնել երիտասարդների ապրելակերպը, ձեւավորել միջհամայնքային հաղորդակցություն, տալ ազատ արտահայտվելու, տեսակետներ հայտնելու հնարավորություններ, բարձրացնել համայնքային կյանքին նրանց մասնակցության մակարդակը՝ նպատակ ունենալով նրանց դարձնել ավելի նախաձեռնող, ավելի ակտիվ ու գործունյա։

Ճամբարի ընթացքում նրանց այցելեցին փորձառու մասնագետներ, որոնք կիսվեցին իրենց փորձով եւ գիտելիքներով, որը, ինչպես մասնակիցներն են փաստում, շատ կարեւոր ու առաջնային դեր ունեցավ։ Ճամբարականների համար օրերը հագեցած ու անմոռանալի դարձան, քանի որ դրանք լցված էին հետաքրքիր բացահայտումներով, հիշարժան ակնթարթներով: Դասընթացների արդյունքում մասնակիցներն արժեւորեցին համայնքում իրենց դերը եւ թե իրենք ինչքան կարեւոր են համայնքների զարգացման, իսկ մեր երկրին՝ առաջընթաց ապահովելու գործում։ Մասնակիցները քննարկեցին, թե ինչպես պիտի իրացնեն իրենց իրավունքները եւ թե ինչպես պետք է կատարեն իրենց պարտականությունները սեփական համայնքների նկատմամբ։

«Այս օրերին մեր մասնակիցները ճամբարում ձեռք բերած գիտելիքներն են կիրառում՝ անցկացնելով պրակտիկա Արմավիրի մարզի տարբեր համայնքներում»,-մեզ հետ զրույցի ընթացքում ասել է ծրագրի համակարգող Մարզպետ Յայլոյանը։

Ըստ մեր զրուցակցի, հունիսի 26-ին կլինի ծրագրի մասին պատմող գրքույկի շնորհանդեսը եւ ամփոփիչ միջոցառում, որը մի նոր սկիզբ կարող է լինել հետագա համագործակցության՝ հանուն Արմավիրի մարզում երիտասարդական ներուժի հզորացման ու զարգացման։ «Ծրագրի իրականացման ադյունքները տեսնելով, մեր թիմը մեծ ոգեւորություն ունի շարունակական դարձնել նմանատիպ նախաձեռնությունները, ներառելով երիտասարդների՝ Արմավիրի մյուս համայնքներից»,-զրույցը եզրափակեց Մարզպետ Յայլոյանը։

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
17.06.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930