«Առավոտի» զրուցակիցն է «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Ագնեսա Խամոյանը
– Նախընտական քարոզարշավն արդեն ավարտվում է, եթե ամփոփենք արդյունքներն` ինչպիսի՞ք էին դրանք «Հայաստան» դաշինքի համար:
– Քարոզարշավի ավարտին մնացել է երկու օր, բայց այլեւս փաստ է, որ հասարակությունը տեսավ եւ հասկացավ՝ ով ով է: Չնայած նրան, որ էժանագին շոուների սիրահար ժ/պ-ն փորձեց ամեն ինչ անել աղմուկի մեջ խլացնելու «Հայաստան» դաշինքի եւ մասնավորապես՝ նախագահ Քոչարյանի ձայնը, բայց աներկբա է, որ այս կարճ քարոզարշավի ընթացքում մեզ հաջողվեց ներկայացնել ե՛ւ մեր ծրագիրը, ե՛ւ մեր թիմը, ե՛ւ այն ճանապարհը, որով երկրին բերելու ենք խաղաղություն եւ բարեկեցություն: Ապագայի մասին խոսող, բայց իրականում անցյալի մեջ թաթախված ժպ-ն այլեւս ոչինչ չունի առաջարկելու հասարակությանը. շրջիկ միտինգավորները, բեմականացված քարոզարշավը, նույն տեքստերը, ղժղժան եւ լաչառ տեսքը արդեն հոգնեցրել են մարդկանց: Հունիսի 20-ին հայ ժողովուրդը փակելու է պարտության, նվաստացումների ու անարժանապատիվ կյանքի խորհրդանիշ Նիկոլ Փաշինյանի էջը:
– Հրապարակված վերջին հարցումների համաձայն՝ «Հայաստան» դաշինքի առավելությունը իշխող ուժի նկատմամբ չնչին էր. գոհացուցի՞չ արդյունք է դա Ձեզ համար:
Կարդացեք նաև
– Բավականին ուշագրավ էր ձեր արձանագրումը. «Հայաստան» դաշինքը՝ նախագահ Քոչարյանի գլխավորությամբ, այս ընտրություններում ամենաշատ ձայներ հավաքած ուժն է լինելու: Սա այլեւս փաստ է: Գիտեք, այս հարցը լսելով, վերհիշեցի այն երեք տարիները, որոնց միջով անցավ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը. հալածանքներ, քաղաքական հետապնդում, բանտ, պայքար, հաղթանակ, ազատություն, ընտրություններ եւ մի քանի օրից՝ իշխանություն: Երեք տարի առաջ կազմակերպված խմբի կողմից Երեւանում տապալում էին նրա ասուլիսը, իսկ այսօր նա ամենապահանջված մարդն է Հայաստանի ամենահեռավոր գյուղում: Մի՞թե սա բացառիկ չէ: Բայց ամեն ինչ դեռ առջեւում է, եւ ես վստահ եմ, որ ընտրությունների օրը շատ ավելի է լինելու մեր առավելությունը գործող իշխանություններից: Նիկոլ Փաշինյանը հունիսի 21-ին ապրելու է իր կյանքի ամենամեծ հիասթափությունը. հայ ժողովուրդը նրան ցույց է տալու, որ ունի արժանապատվություն, պատիվ ու հիշողություն:
– Ի դեպ, «Հայաստան» դաշինքը ի սկզբանե, իսկ վերջին օրերին առավել եւս ակնհայտ է, որ իշխող ուժի կեցվածքով է հանդես գալիս: Օրինակ, Արմավիրի մարզում քարոզարշավի ժամանակ անգամ նախագահ Քոչարյանը հայտարարեց, որ քարոզարշավն իր թիմի համար իշխանությունը ստանձնելուց առաջ խնդիրներին առարկայական ծանոթանալու հնարավորություն է: Ի սկզբանե արդեն հաղթած ուժի կեցվածքը խնդիր չե՞ք համարում:
– Կարեւոր արձանագրում արեցիք՝ «Հայաստան» դաշինքը իշխող ուժի կեցվածքով է հանդես գալիս», եւ իսկապես խնդիրն այլեւս դե ֆակտո- դե յուրեի տիրույթում է: Ես ուզում եմ ձեզ հիշեցնել, որ դեռեւս քարոզարշավից առաջ, չկորցնելով ժամանակ, Ռոբերտ Քոչարյանը մեկնեց Մոսկվա եւ դուրս եկավ «AFK Սիստեմա» ընկերության տնօրենների խորհրդի կազմից: Այս ընթացքում նա բազմաթիվ ոլորտային հանդիպումներ է ունեցել. բժիշկներ, իրավաբաններ, գյուղատնտեսներ, բիզնեսմեններ, ուժայինների ներկայացուցիչներ…այցելություններ մի շարք ձեռնարկություններ, հարցազրույցներ՝ ամենահեղինակավոր տեղական եւ արտասահմանյան լրատվամիջոցներին: Նախագահ Քոչարյանին աջակցելու կոչով են հանդես եկել նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, բազմաթիվ գործարարներ, այդ թվում՝ ռուսաստանաբնակ, արձանագրումով, որ միայն իր ընտրվելու դեպքում ներդրումներ կանեն Հայաստանում: Ի աջակցություն Քոչարյանի՝ մի շարք կազմակերպություններ եւ հեղինակավոր անձինք են հայտարարությամբ հանդես եկել, այդ թվում մի շարք մտավորականներ, նույնիսկ՝ Ջավախքի մտավորականների միությունը: Ես երկար կարող եմ թվարկել նախագահ Քոչարյանին աջակցություն հայտնած մարդկանց թիվը: Իսկ ի՞նչ է անում այդ ընթացքում ժ/պ-ն, դե, իհարկե, սեփական շողքից վախեցած մուրճը ձեռքին մարզից մարզ թատերականացված քարոզարշավի է շտապում: Հիմա դուք ասեք՝ ո՞վ է իշխանությունը, ո՞վ՝ ընդդիմությունը:
– Այո, վերջին օրերին Նիկոլ Փաշինյանը քարոզարշավների է գնում մուրճով. Ինչ-որ ակնարկ տեսնո՞ւմ եք դրանում, ինչի՞ համար է այն:
– Գիտեք, մարդն ակնհայտորեն հոգեբանական խնդիրներ ունի, եթե մեղմ ձեւակերպեմ: Եվ ընդամենը երկու օր առաջ իր իսկ թիմակիցների արտահոսած ձայնագրությունից պարզ դարձավ, որ թիմն է անգամ արձանագրում այդ խնդիրների մասին: Դուք պատկերացնո՞ւմ եք՝ ամբողջ թիմով նստում սպասում են, թե երբ է իրենց շեֆի եւ ոչ բարով մեր երկրի գերագույն գլխավոր հրամանատարի վիճակը կայունանում, որ հետը խոսեն: Պարզ է, չէ՞, որ այդ մուրճը սեփական վախերը հաղթահարելու համար է: Մուրճի մասով լավագույնս արտահայտվել է մեր դաշինքի առաջնորդը, այդ մուրճը մենք օգտագործելու ենք երկիրը նորից կառուցելու համար: Իսկ անձամբ Քոչարյանը մուրճով սրան-նրան սաստելու կարիք չունի. դրա համար նրա մեկ հայացքն էլ է բավական: Դուք հասկանո՞ւմ եք, պատերազմից հետո մարդիկ սպասում էին, որ քարոզարշավի գնացող ուժերը եւ հատկապես իշխող ուժը հանգստություն եւ խաղաղություն են քարոզելու եւ բերելու, բայց հանկարծ հարթակին կանգնած անհավասարակշիռ անձը հանում է մուրճն ու այսուայնկողմ թափահարում: Կարծում եմ՝ այդ մուրճը պետք կգա Փաշինյանին քրեակատարողական հիմնարկում:
– Դուք վստա՞հ եք, որ հաջողելու եք:
– Այո, միանշանակ, եւ իմ այդ վստահությունը գալիս է երկրորդ նախագահի երկու անգամ հաջողած փորձերից եւ 2008-2018թթ.-ներում կուտակած փորձից: Նախագահ Քոչարյանի գլխավորությամբ, մենք բերելու ենք արժանապատիվ խաղաղություն եւ բարեկեցություն, ամրացնելու ենք մեր երկրի սահմանները եւ բերելու ենք ներազգային համերաշխություն: Հայաստանը կրկին դառնալու է ապրելու եւ արարելու երկիր:
Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
17.06.2021