Լրահոս
Օրվա լրահոսը

Քննիչը` տուժողին. «Էստեղ քո տեղը չի, դու պետք է գնաս «Կիսաբաց լուսամուտներ»

Հունիս 18,2021 13:30

«Իրավաբանների եւ հոգեբանների միջազգային ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպությանն է դիմել Երեւանի բնակչուհի Ա. Բաղոյանը եւ հայտնել, որ ինքը 2012 թվականին դիմել է այն ժամանակ «Էրեբունի» ԲԿ- ում աշխատող դիմածնոտային վիրաբույժ Ա. Հ.-ին, բժիշկը խոստացել է կատարել քթի պլաստիկ վիրահատություն եւ վերացնել նախկին վիրահատությունից հետո ի հայտ եկած չնչին դեֆորմացիան։ Վիրահատության ժամանակ բժշկի կողմից թույլ տրված կոպիտ սխալների պատճառով ինքը կորցրել է առողջությունը, շնչառությունը վատթարացել է, վիրահատությունից հետո դեմքի եւ քթի ավելի շատ դեֆորմացիաներ են ի հայտ եկել, առաջացել են անտանելի ցավեր։ Ըստ բողոքաբերի. «Բժիշկը կոպտորեն խախտելով պայմանավորվածությունը, աճառներ տեղադրելու փոխարեն հեռացրել է դրանք։

Հեռացրել է նաեւ ոսկրային որոշ հատվածներ, նեղացրել շնչուղիները, ինչի հետեւանքով Ա. Բաղոյանը կորցրել է բնականոն շնչառությունը, շնչում է միայն բերանով»։ Դիմումատուի իրավապաշտպան կազմակերպությանն ուղղված դիմումի համաձայն՝ բժշկի հանցավոր անփութության պատճառով քաղաքացին երկար տարիներ տառապում է ցավերից եւ շնչահեղձությունից, ինչն էլ իր հերթին առաջացրել է անքնություն, սիրտ-անոթային անբավարարություն, ծանր դեպրեսիա, կան փաստը հաստատող բժշկական փաստաթղթեր։ Բժիշկ Ա. Հ.-ն խոստացել է այդ վիրահատությունը կատարել բարձր որակով, լուծել քթի վրա առկա դեֆորմացիան, ասել, թե ամեն ինչ կլինի նորմալ, ինքը ունի աշխատանքային մեծ փորձ, ցուցադրել է նկարներ համակարգչի մեջ, թե ինչպես է ինքը վերացրել բազմաթիվ նման դեֆորմացիաներ։ Հետո քաղաքացին հասկացել է, որ դրանք ֆոտոշոփով սարքած նկարներ են եղել, սակայն այդ պահին ինքը հավատացել եւ խաբվել է:

Վիրահատության համար բժիշկը դիմողից պահանջել եւ ստացել է 1800 ԱՄՆ դոլար։ Կողմերի միջեւ կայացած նախնական պայմանավորվածության համաձայն՝ նշված գումարից 400 ԱՄՆ դոլարը դիմողը պետք է վճարեր հիվանդանոցին, իսկ մնացած 1400 ԱՄՆ դոլարը պետք է տրվեր առձեռն։ Բժշկի այդ պայմանը քաղաքացին լրիվ կատարել է։ Ըստ դիմումատուի, չարաշահելով իր վստահությունը, բժիշկը կատարել է այնպիսի գործողություններ, որը հանգեցրել է իր համար ծանր հետեւանքների։ Բժիշկը հեռացրել է աճառային հյուսվածքը նաեւ ականջից, ականջից հանվածը պետք է տեղադրվեր քթի հատվածում, ինչը չի արվել։ Հեռացրել է նաեւ քթի աճառային եւ ոսկրային հատվածներից, պացիենտի վրա կատարել է փորձարկում, նեղացնելով նաեւ նրա շնչուղիները։

Բժշկի կատարած ապօրինությունների մյուս մասը, որը պացիենտը չի կարողացել պարզել Հայաստանում գտնվելու ժամանակ, հետագայում՝ 2018-21թթ. բուժման նպատակով Գերմանիայի Դաշնությունում գտնվելու ժամանակ պարզվել է գերմանացի բժիշկների հետազոտության ժամանակ։ Պարզվել է, որ բժիշկը քթի միջնապատից էլ է աճառ հեռացրել, որի վերականգնելը շատ բարդ է, գրեթե անհնար։ Տուժողը բազմաթիվ դժվարությունների միջով անցնելով, կրկնակի հետազոտվել է Գերմանիայի տարբեր քաղաքների կլինիկաներում։ Բոլոր փաստաթղթերում նշված է, որ վնասված է եւ անհրաժեշտություն կա վիրահատության, սակայն շատ բժիշկներ հրաժարվել են կատարել այդ վիրահատությունը, պատճառաբանելով, որ վնասվածքները շատ մեծ են, չեն կարողանա վերականգնել դրանք։ Որոշ բժիշկներ պահանջել են 8000-10 000 եվրո գումար` կրկնակի վիրահատռւթյան համար։

Ա. Բաղոյանը նշված փաստի վերաբերյալ 2013թ. դիմել է իրավապահ մարմիններին, փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Էրեբունու բաժնում հարուցվել էր քրեական գործ, նրան ճանաչել են տուժող։ Գործի նախաքննության ընթացքում շատ անհասկանալի կերպով գործով քննիչ Գոռ Մկրտչյանը հոգեբանական ճնշում է գործադրել տուժողի վրա եւ սպառնալիքներ տեղացել, որ «եթե ինչ-որ թուղթ չստորագրեմ, ինձ կձերբակալի»։ Ըստ դիմումատուի՝ ինքը այն ժամանակ միայնակ է եղել, օգնող որեւէ մեկը, կամ իրավաբան, կամ փաստաբան չի ունեցել, առողջական վիճակն էլ մյուս կողմից թույլ չի տվել, որպեսզի կարողանա ճիշտ եւ արդյունավետ կերպով կողմնորոշվել, քննիչի սպառնալիքներից վախեցել է, տեսել է, որ բժիշկը երկու թիկնեղ փաստաբաններով շրջապատված մտնում-դուրս է գալիս քննիչի մոտ, պատահաբար լսել է բժշկի հեռախոսազրույցը Հայկ անունով ինչ-որ մեկի հետ (ենթադրել է, որ զրույցը կայացել է «Էրեբունի» ԲԿ- ի այն ժամանակվա տնօրեն Հայկ Քուշկյանի հետ), որին ասել է հետեւյալ բառերը. «Հայկ ջան, մենք Գոռի մոտ ենք, ամեն ինչ նորմալ է, կարգավորված է, շնորհակալություն»։ Այդ ընթացքում ստացեյ է տարբեր զանգեր փակ համարներից, ինչ-որ ձայներ են արձակել վախեցնող, ինչի մասին նույնպես հայտնել է նախաքննության մարմնին, սակայն դրա դեմ նույնպես ոչինչ չի նախաձեռնվել։ Քննիչը ծաղրանքի տոնով պատասխանել է. «էստեղ քո տեղը չի, դու պետք է գնաս «Կիսաբաց լուսամուտներ»։ Նշված փաստերի մասին տեղեկություններ ունեն տուժողի քույրը եւ ՀՀ-ում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցները։

Հետագայում` սթրեսային իրավիճակներից եւ վախից դրդված, ձերբակալության սպառնալիքները որպեսզի չիրականացվեն, գնացել է քննիչի մոտ եւ ստորագրել ինչ-որ փաստաթուղթ, որն առ այսօր չգիտի, թե ինչ փաստաթուղթ է եղել, ինչի տակ է ստորագրել, դա արել է անելանելի իրավիճակից եւ վախից դրդված, չի կարդացել։ Վերադառնալով արտերկրից` տեսնելով, որ իր առողջական վիճակը օրեցօր ավելի է վատթարանում, լսելով մեր` «Իրավաբանների եւ հոգեբանների միջազգային ասոցիացիայի» կողմից իրականացվող իրավապաշտպան գործունեության մասին, բառ առ բառ հիշելով նաեւ, թե ինչպես է բժիշկը իրեն խաբել, ինչպիսի վարքագիծ է դրսեւորել քննիչը, իրավական աջակցություն ստանալու նպատակով որոշել է դիմել մեզ։ Հաշվի առնելով դիմումում նշված եւ կից ներկայացված փաստերը, մեր իրավապաշտպան կազմակերպությունը ՀՀ քրեական օրենսգրքի՝ պաշտոնական դիրքի չարաշահման, շորթման, հանցավոր անգործության, անփութության հատկանիշներով հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն, որպեսզի նոր ի հայտ եկած հանգամանքների հիման վրա հարուցվի քրեական գործ, կատարվի օբյեկտիվ նախաքննություն, մեղավորները՝ քննիչն ու բժիշկը կրեն համապատասխան պատիժ։

Խաչատուր ՄԱՐՈԶՅԱՆ
Իրավապաշտպան, ԻՀՄԱ նախագահ

«Առավոտ» օրաթերթ
17.06.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930