«Մեր համոզմամբ 44-օրյա պատերազմը ԼՂ հայության ինքնորոշման համատեքստը ավելի է ուժեղացրել՝ «անջատում՝ հանուն փրկության» տրամաբանության ներքո: Ակնհայտ է, որ հայատյացությունը Ադրբեջանում ոչ միայն մնում է պետական քաղաքականություն, այլեւ ավելի է ընդգծվում այնպիսի օրինակով, ինչպիսին Բաքվում բացված ավարի խայտառակ պուրակն է»,- այսօր Հանրապետության հրապարակում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավային ամփոփիչ հանրահավաքի ժամանակ ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ անվտանգության առանցքը հայ-ռուսական հարաբերությունների զարգացումն է. «Տարածաշրջանային անվտանգության առումով ուզում եմ հատուկ ընդգծել Իրանի հետ մեր համագործակցության խորացման անհրաժեշտությունը եւ ռազմավարական երկխոսության մեկնարկը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ամբողջական վերաներգրավումը տարածաշրջանային անվտանգության գործերին: Վերջերս այդ թեզի գործնական արդյունավետության շատ լավ օրինակ տեսանք: Մեր երկրի անվտանգության պահպանության առանցքային գործոնը մեր բանակի, ԶՈւ- բարեփոխումների ընթացքն է: Անցումը պրոֆեսիոնալ բանակին այլընտրանք չունի»:
Խոսելով տնտեսության մասին՝ Փաշինյանը խոստացավ տարեկան ապահովել 7% տնտեսական աճ, ՀՆԱ հարաճուն ցուցանիշ:
Փաշինյանը խոսեց նախկին իշխանությունների կոռուպցիոն համակարգի մասին: Նա նաեւ խոստացավ օբյեկտիվ ուսումնասիրել 44-օրյա պատերազմի հանգամանքները. «Ժողովրդի տված պողպատե մանդատով Հայաստանում հաստատելու ենք անառարկելի իրավունքների եւ պարտականությունների կուռ համակարգ: Սա պարզապես խորհրդարանի եւ կառավարության ձեւավորման գործընթաց չէ: Իրապես վրա է հասել ՀՀ քաղաքացու ճշմարտության պահը: Այս ընտրությունները ստեղծել են բացառիկ հնարավորություն, որ ՀՀ քաղաքացին իր ասելիքը ասի Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության կազմակերպիչներին, Մարտի 1-ի մարդասպաններին, ՀՀ քաղաքացուն երկար տարիներ ընտրելու իրավունքից զրկած ընտրակեղծարարներին, այսօր ոմանք իրենց թիմակիցներին իրենց կողքին պահելու համար ասում են՝ արխային, ամեն ինչ որոշված է, իբր թե «էլիտաները» որոշել են, թե ինչ արդյունք են ունենալու ընտրությունները: Այդ մարդիկ չեն հասկանում, որ ընտրակեղծարարության իրենց գնացքը վաղուց գնացել է: Հայաստանի ընտրակաշառք բաժանողները ձերբակալվում են հենց այս րոպեներին ու կալանավորվում: Ինչքան ակտիվանան, այնքան ավելի մեծ փաթեթներով են ձերբակալվելու ու կալանավորվելու»:
Կարդացեք նաև
Փաշինյանը հավաստիացրեց, որ ՀՀ ժողովուրդը ջախջախիչ տոկոսներով հաղթելու է: Նա հորդորեց քաղաքացիներին հանրահավաքից երթով իրեն ուղեկցել հեռուստատեսային բանավեճի:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ