Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը այսօր Հանրապետության հրապարակում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավային ամփոփիչ հանրահավաքի ժամանակ վստահեցրեց, որ կոմունիկացիաների բացման համատեքստում Հայաստանի որեւէ սուվերեն տարածքի կարգավիճակի փոփոխությունը բացառում են կատարելապես, միջանցքի հարց չի քննարկվում. «Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից հնչող հայտարարությունները Հայաստանի տարածքով միջանցք տրամադրելու մասին այլ բան, քան աբսուրդ դժվար է անվանել: Մեր դիրքորոշումը արտահայտել ենք հստակ՝ տնտեսական տարածաշրջանի կոմունիկացիաները պետք է ապաշրջափակվեն եւ այդ իմաստով տարանցում, հաղորդակցության ուղիներ երկրները կստանան հավասարաչափ եւ համաչափ հնարավորություններ, այնպես, ինչպես նկարագրված է Մոսկվայի 2021-ի հունվարի 11-ի հայտարարության մեջ:
ՀՀ-ն տրամադրված է հետեւողականորեն առաջ շարժվել այս հայտարարության դրույթները կյանքի կոչելու համար: Սա ռազմավարական նվաճում կլինի ոչ միայն Հայաստանի, այլեւս ողջ տարածաշրջանի համար՝ լայն դռներ բացելու խաղաղության, կայունության եւ երկարատեւ զարգացման համար: Այսօր այս հեռանկարին խանգարում են Ադրբեջանի կողմից հնչող ագրեսիվ հայտարարությունները, նրա ապակառուցողական դիրքորոշումը, մասնավորապես այն փաստը, որ Ադրբեջանը շարունակական նկրտումներ է ցուցաբերում ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ եւ չի կատարում միջազգայնորեն ստանձնած իր պարտավորությունները, մասնավորապես, մեր գերեվարված եղբայրներին վերադարձնելու մասով:
Մեր 15 գերինների վերադարձը, որը տեղի ունեցավ մի քանի օր առաջ, հույս է ներշնչում, որ առաջիկայում մենք կունենաք տարածաշրջանային մթնոլորտի էական փոփոխություն: Որեւէ կասկած չկա, որ մեր բոլոր գերեվարված եղբայրները շատ շուտով վերադառնալու են հայրենիք: Բայց կարեւոր է, որ հումանիտար հարցերում իրադարձությունները տեղի ունենան հնարավորինս արագ, օր առաջ՝ առանց հակահումանիստական ու հակամարդկային սակարկությունների: Հայաստանը արտահայտում է իր պատրաստակամությունը՝ նման քայլերով առաջ գնալու»
Կարդացեք նաև
Խոսելով անվտանգային ոլորտում մյուս հարցի՝ Սոթք-Խոզնավար հատվածի իրադրության մասին, Փաշինյանը կրկնեց այն, ինչ ասել էր մարզային հավաքների ժամանակ՝ ռուս խաղաղապահների տեղակայում սահմանի ողջ երկայնքով, միջազգային դիտորդների ներգրավմամբ սահմանազատմանն, սահմանագծման աշխատանքների իրականացում: Նա հորդորեց չվախենալ «դեմարկացիա-դելիմիտացիա» բառերից:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ