Լրահոս
Օրվա լրահոսը

Արսեն Բաբայան․ «Երեք նախագահների ժամանակ անընդհատ աճել է դատավորների անկախությունը»

Հունիս 17,2021 21:33

Այսօր «Հոդված 3» ակումբում «Հանրապետություն» կուսակցության նախընտրական ցուցակում ընդգրկված, արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանը ներկայացնելով իրենց նախընտրական ծրագրից մի դրույթ, ասաց ՝Հայաստանում դատավորների, քննիչների, դատախազների քանակը շատ փոքր է օպտիմալից․«Մենք հետեւողականորեն բարձրացնելու ենք նրանց թվաքանակը, այդ թվում՝ դատավորների աշխատակազմն ենք ընդլայնելու»։

Նա նաեւ ասաց, որ նախկին իշխանության ժամանակ համակարգային կոռուպցիա է եղել, որը խոչընդոտել է մեր երկրի զարգացմանը։

Քննարկմանը ներկա «Պատիվ ունեմ» դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված, պատգամավորի թեկնածու Արսեն Բաբայանն արձագանքելով պարոն Զեյնալյանին ասաց՝ դատավորների դեպքում կան վերլուծություններ, ըստ որոնց, այո, նրանց քանակը քիչ է․«Բայց որքան գիտեմ, դատախազների եւ քննիչների դեպքում չկան ուսումնասիրություններ՝ արդյոք նրանց քանակը բավարար է առկա գործերը քննելու համար, թե՝ ոչ»։

Պարոն Բաբայանը դատական համակարգի ծանրաբեռնվածության մասին ասաց․«Մի քանի փոփոխություն կարելի է անել՝ արտադատական վեճեր լուծող մարմինների ավելացում, դատավորների օգնականների ավելացում եւ դատավորների հաստիքների ավելացում։ Նախկինում դա արվել է եւ այս իշխանության ժամանակ մի քանի դատավոր ավելացվել է, սակայն նոր ոլորտ են ընդունել՝ կոռուպցիայի հետ կախված գործերի քննություն եւ այլն»։

Պարոն Զեյնալյանը պատասխանելով Բաբայանի դիտարկմանն, ասաց՝ ժողովրդավարական հասարակարգում գեներացվում է այնքան դատական վեճ, որի արդյունավետ սպառման համար անհարժեշտ է հարյուր հազար բնակչի հաշվարկով քսան դատավոր․«ՀՀ-ում այս պահին, վերջին ավելացումների հետ միասին, ընդամենը յոթնն են։ Դատախազների եւ քննիչների թվի մասին՝ես եւ Արա Ղազարյանը հետազոտություն են կատարել՝ դատախազների եւ քննիչների քանակը սերտորեն կապված է դատավորների քանակի հետ։ Այսօր 240 դատավորի հաստիք ունենք, որից տասը թափուր է։ Մարդիկ չենք ուզում դատավորներ դառնալ, եւ այստեղ խնդիրը միայն աշխատավարձը չէ, դա պայմանավորված է վերաբերմունքով, այն ատելության խոսքը, պատիվն ու արժանապատվությունն արատավորող խոսքը, որ հնչում է, մարդկանց վանում է դառնալ դատավոր»։

Պարոն Զեյնալյանը տեղեկացրեց՝ այս պահին իրականացվում է դատավորների եւ բազմաթիվ այլ պաշտոնատար անձանց բարեվարքության ստուգում․«Այստեղ ես էլ ունեմ իմ մասնակցությունն՝ որպես նախկին նախարար»։

Արսեն Բաբայանն էլ դատարանների անկախությանն անդրադառնալով, ասաց՝ երեք նախագահների ժամանակ անընդհատ աճել է դատավորների անկախությունը, օրինակ՝ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ ավելի է աճել դատարանների անկախությունը, քան մինչ այդ էր, Սերժ Սարգսյանի ժամանակ էլ ավելի է աճել, քան կար նրանից առաջ, եւ կան դրանք հաստատող ուսումնասիրություններ։

«Այն բոլոր դատավորները, որոնք վայելում են փաստաբանների մեծամասնության հարգանքը, նրանց վերաբերվում են որպես արդար եւ ազնիվ դատավորների, նրանց 97%-ը նշանակվել է հենց Հանրապետական իշխանության ժամանակ։ Մեր դաշինքի պրոֆեսիոնալ մասնագետները կհասնեն նրան, որ դատարանները կանկախանան այնքան, որքան անհրաժեշտ է ժողովրդավար պետություն ունենալու համար»,-ասաց պարոն Բաբայանը։

Քննարկման մասնակից, ՀԱԿ ընտրական ցուցակում ընդգրկված Հասմիկ Պետրոսյանն արձագանքեց պարոն Բաբայանի դիտարկմանը․«Այդ հետազոտությունները, որոնք նշում եք, ցույց են տալիս, որ դատարանների անկախությունը հիմնված է օրենսդրական կարգավորումների վրա։ Այսինքն, օրենսդրական մեխանիզմ է ներդրվել, որով կարելի է ապահովել դատարանների անկախությունը։ Բայց եկեք չմոռանանք, որ մենք խոսում ենք այն շրջանի մասին, երբ 2008 -ի հայտնի իրադարձություններից հետո հարյուրից ավելի քաղաքական բանտարկյալներ կային, քաղաքական հետապնդումներ էին տեղի ունենում, ինչի վերաբերյալ ՄԻԵԴ վճիռներ կան։ Ընդդիմության ճնշմամբ նրանք ազատ արձակվեցին։ Բայց չմոռանանք՝ այդ դատավորները, որոնք կայացրել էին նման վճիռներ, մինչեւ հիմա պատասխանատվության չեն ենթարկվել։ Եւ նաեւ սա է դատարանների նկատմամբ անվստահության պատճառներից մեկը»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930