Լրահոս
Օրվա լրահոսը

«Միայն այն բանի շնորհիվ, որ դուք մեզ հետ էիք, մեզ բոլորիս չկերան սատանաներն ու դեւերը». Արարատ Միրզոյան

Հունիս 17,2021 21:21

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն այսօր Հանրապետության հրապարակում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավային ամփոփիչ հանրահավաքի ժամանակ ասաց. «Միասին մենք անցանք դժոխքի միջով միայն այն բանի շնորհիվ, որ այդ ողջ ընթացքում դուք մեր հետ էիք, մեր թիկունքին, մեր դիմացը, մեր հետեւը: Միայն այդ բանի շնորհիվ մեզ բոլորիս չկերան սատանաներն ու դեւերը: Եղան նաեւ այնպիսիք, ում հավատը սասանվեց, ում մոտ կասկած առաջացավ՝ արդյոք ճի՞շտ էր, որ մասնակցեց հեղափոխությանը»:

Միրզոյանը ներկայացրեց, թե ինչ է արել իրենց իշխանությունը 3 տարվա ընթացքում, ընդ որում, շեշտեց, որ առաջին մեկ տարում խորհրդարանական մեծամասնություն չէին ու չունեին անհրաժեշտ գործիքները՝ բարեփոխումներ անելու, բացի այդ, կորոնավիրուսի համավարակ եղավ, ամենասարսափելին՝ պատերազմ. «Ճգնաժամային կառավարման շրջան էր, իրականում 1-1,5 տարի ունեինք: Ինչ ենք արել մենք այնուամենայնիվ 3 տարում՝ «Ընտրական նոր օրենսգրքի» ընդունում, «Կուսակցությունների մասին» նոր օրենքի ընդունում: Դատաիրավական բարեփոխումները՝ ահռելի, ծավալուն, ցավոք՝ դեռ անավարտ, կիսատ, բայց պտուղները վստահաբար արդեն սկսելու ենք տեսնել:

Հիշատակենք «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքը: Տնտեսություն եւ սոցիալական քաղաքականություն. Կոռուպցիոն շահեր չհետապնդելու, արդար կառավարման արդյունքում մենք վերացրել ենք արհեստական մենաշնորհները, գրեթե վերացրել ենք ստվերը, ստվերից դուրս են եկել բազմաթիվ բիզնեսներ, շուրջ 85 հազար աշխատատեղ: Արդյունքում՝ պետբյուջեի հարկային եկամուտներն ավելացել են ավելի քան 26%-ով, այն դեպքում, երբ մենք նվազեցրել ենք հարկերը: Եկամտային հարկը նվազեցրել ենք 23%: Շահութահարկի դրույքաչափը դարձրել ենք 18%: Մինչեւ 24 մլն դրամ միկրոձեռնարկություն ազատվել է շահութահարկից: Այս բարեփոխումներն են, որ թույլ են տվել, որ տնտեսությունն ազատ շնչի ու նույնիսկ կորոնավիրուսի ու պատերազմի հարվածից հետո մեր տնտեսությունը շնչել է ու կազդուրվել է արդեն»:

Նա ասաց, որ նվազագույն աշխատավարձը բարձրացրել են 68 հազար ու հասկանում է, որ դա քաղաքացիների երազանքների բարեկեցության մակարդակը չէ ու բավարար չէ, բայց մի մեծ քայլ է. «10%-ով բարձրացվել է ուսուցիչների աշխատավարձը, նախատեսվում է անել ավելին: 30-40%-ով ավելացվել է բուժաշխատողների աշխատավարձը»: Միրզոյանը խոսեց նպաստների բարձրացումից, թոշակներից, տնտեսական ծրագրերից, զրոյական տոկոսադրույքով վարկերից,կառուցված ճանապարհներից, մանկապարտեզներից ու դպրոցներից սպառազինության ծախսերի ավելացումից. «Որոշները սա համարում են ապիկարություն, ապաշնորհություն: Համարձակվում են ասել, որ իրենք՝ նախկինները, ավելի լավ էին կառավարում: Բա իհարկե, նրանք էլ ունենին այսպիսի տպավորիչ ցուցանիշներ, միայն թե այդ ցուցանիշները վերաբերում էին միայն իրենց անձնական գույքին ու դրամական միջոցներին: Նրանք, ովքեր այստեղ կանգնած էին, եւ նրանք, ովքեր հիասթափվել են, կամ տատանվում են, այս ընտրությունների ելքը որոշվելու է ոչ թե մեր՝ հարթակում կանգնածների իշխանության լինել-չլինելու հարցը, այլ նշածս փոփոխությունների շարունակականության հարցը: Դուք կարող եք հիասթափվել մեզանից, բայց չեք կարող հիասթափվել ձեր երազանքներից, երկրի մասին ձեր պատկերացումներից, չեք կարող կասկածի ու վտանգի տակ դնել հավասարությունը, ազատություն ու ժողովրդավարությունը, այդ արժեքների համար 3 տարի առաջ ձեր իսկ մղած պայքարը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930