Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ո՞նց է Ռուսաստանի հետ բարեկամական կապերը լավ, որ Եվրոխորհրդարանում միայն ԲՀԿ-ի պատգամավորն է ՌԴ-ի օգտին քվեարկում». Գագիկ Ծառուկյան

Հունիս 17,2021 21:03

Գագիկ Ծառուկյանի ելույթից առաջ, Ազատության հրապարակում, ԲՀԿ-ի եզրափակիչ հանրահավաքի ժամանակ պայթեցին «վարչապետ Ծառուկյան» վանկարկումները:

Գագիկ Ծառուկյանն ասաց`գալիս է փրկելու հայրենիքն ու ժողովրդին. «Դուք բոլորդ տեսաք, որ Ալիեւն ու Էրդողանն եկան մեր հող`Շուշի, իրար հետ փաստաթուղթ ստորագրեցին: Որ ես վեց ամիս է ասում եմ`հարկավոր է Ռուսաստանի հետ նոր փաստաթուղթ ստորագրել, մեր բարեկամ երկրի հետ`ռազմաքաղաքական: Ես դա իմանալով, որ Թուրքիան աջակցելու է Ադրբեջանին, թուղթ ստորագրեցին, որ ցանկացած պատերազմի ժամանակ Թուրքիան Ադրբեջանի կողքն է լինելու, մեր դարավոր բարեկամը Ռուսաստանն է, մենք պետք է իր հետ անկեղծ լինենք, վերականգնենք կապերը»:

Գագիկ Ծառուկյանը քննադատեց գործող իշխանության քաղաքականությունը`տարակուսանք հայտնելով այն հայտարարությունների առնչությամբ, որ ՀՀ-ի եւ ՌԴ-ի հարաբերություններում խնդիրներ չկան. «Եվրոխորհրդարանում քննարկում է լինում, որ ասենք թե լիարժեք, Հայաստանը դեմ է լինում ՌԴ-ին: Բա ո՞նց է Ռուսաստանի հետ բարեկամական կապերը լավ: Միայն ԲՀԿ-ի պատգամավորն է ՌԴ-ի օգտին քվեարկում: Դրա համար հիմնական խնդիրը մենք պետք է վերականգնենք: Մենք պետք է կարողանանք Ռուսաստանի հետ միասին, ոչ թե, ինչ-որ լինում է մեր ռուս գործընկերների վրա գցենք»:

Գագիկ Ծառուկյանի կարծիքով, Հայաստանը պետք է ունենա պրոֆեսիոնալ բանակ, իսկ պայմանագրային զինծառայողներին մեկ միլիոն դրամ պետք է վճարել, ոչ թե 150 հազար: Անվտանգային խնդիրները ԲՀԿ վարչապետի թեկնածում առաջնային է համարում:

Նա մանրամասն ներկայացրեց նաեւ ԲՀԿ-ի տնտեսական ծրագիրը, անդրադարձավ մասնավորաբար գյուղատնտեսության զարգացմանը: Ասաց, որ 2018-ից հետո մեկ միլիարդ դոլարի ներդրում է բերել  Հայաստան, որպեսզի Արարատի մարզում պարարտանյութերի գործարան հիմնեն, բայց իշխանությունները ընթացք չեն տվել`«մարդը թողել-գնացել է»: ԲՀԿ-ն առաջարկում է նաեւ փոքր ու միջին բիզնեսին մեկ տարով ազատել հարկային պարտավորություններից, որպեսզի հնարավոր լինի կայացնել այդ խավը:

Գագիկ Ծառուկյանը վստահեցնում է, որ իրենց առաջարկած տնտեսական ծրագրի իրագործման պարագայում հնարավոր կլինի զարգացում ապահովել, աշխատավարձերը եւ կենսաթոշակները բարձրացնել եւ կասեցնել արտագաղթը, որը աննախադեպ չափերի է հասնում: Գագիկ Ծառուկյանը խոսեց նաեւ Հայաստանում ազատ տնտեսական գոտի հիմնելու մասին`Դուբայի օրինակով: Նա ասաց, որ միշտ է զարգացման ծրագրեր առաջարկել, բայց բոլոր ժամանակներում իշխանությունները խանգարել են իրեն`տարբեր տիպի ճնշումներ գործադրելով:

ԲՀԿ-ում պատրաստ են ընտրություններից հետո համագործակցության քննարկումներ սկսել այն ուժերի հետ, որոնք կիսում են իրենց գաղափարները:

Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ 2018-ից հետո միավորված նախարարությունները պետք է առանձնացվեն: Գյուղատնտեսության, սփյուռքի նախարարությունները պետք է պարտադիր վերականգնվեն:

Գագիկ Ծառուկյանը լավատես է, նա վստահ է, որ «Աստված, Հիսուս Քրիստոսը մեզ անտեր չի թողնի»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930