Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրություններն առաջին փուլով չեն ավարտվի․ վստահեցնում է Անդրիաս Ղուկասյանը

Հունիս 17,2021 21:15

Այսօր Գյումրիում  քարոզարշավ անցկացրեցին «Ազատ հայրենիք» դաշինքի  ներկայացուցիչները։

Դաշինքի ցուցակը գլխավորող Անդրիաս Ղուկասյանը ցավով նշեց, որ քարոզարշավն ուղեկցվեց սպառնալիքներով, բռնության կոչերով, հների ու նորերի մասին բանավեճերով, իսկ Հայաստանի համար կարևորագույն հարցերը՝ Հայաստանի անվտանգությունը, Արցախի կարգավիճակը, տնտեսական կայուն զարգացումը  դուրս մնացին օրակարգից։

Նա նաև նշեց, որ մինչ ընտրություններն այն կարծիքին էր, որ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը բացասաբար է ազդելու քաղաքական համակարգի վրա, այդպես էլ եղավ։

«Քննարկում ենք այդ միֆերը, մի թեկնածուն պնդում է, որ իր կառավարման ժամանակ հրաշք է եղել Հայաստանում, մյուսը պնդում է, որ ապագա կա, անցյալի  պատասխանատվությունը փոխանցում է ուրիշներին, և այստեղ չկան այն լուծումները, որոնք որ մեր քաղաքացիներն ուզում են տեսնել  այսօր»,- ասաց Անդրիաս Ղուկասյանը։

Նա նաև ասաց, որ իրենք առաջարկել են կոնկրետ ծրագրեր, սակայն  քաղաքական ուժերը ցանկություն չեն հայտնել  դրանք  քննարկել  իրենց հետ։ Իրենք առաջարկել են հայոց բանակի վերակազմակերպման, վերազինման, եվրոպական չափանիշներին համապատասխան մակարդակի հասցնելու ծրագիր։ Առաջարկել են Ֆրանսիայի հետ կնքել ռազմաքաղաքական ծրագիր, Արցախի անկախության հիմքերը ներկայացնել ՄԱԿ-ում ու ձեռք բերել ՄԱԿ-ի համաձայնությունը, որպեսզի ստանան միջազգային դատարանի իրավական վավերացումը, որը մեծագույն նշանակություն կունենա Արցախի կարգավիճակի հարցը դուրս բերելու Թուրքիայի և Ադրբեջանի տիրույթից։

Փոխարենը, ըստ բանախոսի,  ողջ նախընտրական քարոզարշավը  իշխանությունները փորձեցին պահել  հների ու նորերի  բանավեճի տիրույթում, կամ ով ում մուրճով «կշինի»,  կսպանի կամ վենդետա կանի։

«Այդ ամբողջը, ցավոք սրտի, մեզ համար իրողություն է,  բացի նրանից, որ մեզ ազգի վարկանիշը ուրիշ ժողովուրդների աչքերում նվազեցնում է,   նաև լուրջ վտանգ է ստեղծում, որ այս փուլում  մենք չունենանք բախում։ Մեր քաղաքացիները մեզ հարցնում են, երևում է, որ հասարակությունն ահաբեկված է, բոլորը վախենում են, որ քվեարկությունը կարող է վերածվել քաղաքացիական բախումների»,-ասաց Անդրիաս Ղուկասյանը։

Նա կարծիք հայտնեց, որ այս ընտրությունները չեն կարող ավարտվել առաջին փուլով։

Ըստ Անդրիաս Ղուկասյանի, իրենք հարցում են կատարել Երևանում ու հարցման արդյունքներն  են այդ մասին  փաստել։  Ըստ այդ հարցումների, «Ազատ հայրենիք» դաշինքը երրորդ տեղում է։

«Առաջատար ուժերը չեն անցնում այն առաջատար շեմը, որպեսզի խոսեն համարձակ  հաղթանակների մասին։

ՔՊ-ի և «Հայաստան դաշինք»-ի պնդումները, որ իրենք արդեն հաղթել են և կարելի է քվեարկության չգնալ, իրենց երազանքը, երևի, դա կլիներ, այդպես չէ․ այդ մասին վկայում են հարցումները, որոնց 592 երևանցու ենք ներգրավել։

Մյուս քաղաքներում չեմ կարող ասել, բայց այստեղ էլ ես տեսնում եմ, որ քաղաքացիների զգալի մասը տրամադրված է պատասխանատու ընտրություն անելու և «հնի-նորի» մուրճով բանավեճին այդքան էլ  չտրվեցին, ինչքան որ շոուի հեղինակները ուզում էին,  որ ատելությունն այսպես ասած զոհ դառնա այդ ամեն ինչին»,- ասաց Անդրիաս Ղուկասյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930