Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակ Զեյնալյան․«Ճանապարներ, դատարաններ շրջափակելը ազգային անվտանգությանը սպառնալիք է․ նաեւ այս անհամաձայնությունների պատճառով եմ դադարել պաշտոնավարել»

Հունիս 17,2021 20:40
aratak zeynalyan

Երկրում արդյունավետ կառավարում իրականացնելու համար կարեւոր է բարոյահոգեբանական մթնոլորտը, առանց բարոյահոգեբանական պատշաճ մթնոլորտի եւ վստահության հնարավոր չէ իրականացնել արդյունավետ կառավարում։ Սա փորձելու է վերականգնել «Հանրապետություն» կուսակցությունն՝ իշխանություն գալու դեպքում։ Այս մասին այսօր «Հոդված 3» ակումբում ասաց «Հանրապետություն» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված, արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանը։

Ներկայացնելով նախընտրական ծրագրի արդարադատության ոլորտի վերաբերյալ դրույթները, պարոն Զեյնալյանն ասաց․«Ատելության խոսքն ու վիրավորանքը պետք է բացառվի։ Մենք իրականացնելու ենք սահմանադրական փոփոխություններ, թեեւ չի խրախուսվում հաճախ անել սահմանադրական փոփոխություններ, սակայն սահմանադրությունների եւ դրանց փոփոխությունների լեգիտիմության ճգնաժամ ունենք, բոլոր սահմանադրություններն ընդունվել են կեղծիքներով, եւ մենք կարծում ենք, որ պետք է անցկացվի նոր Սահմանադրության հանրաքվե»։

Որպեսզի դատական գործերն ավելի արդյունավետ, արագ քննվեն եւ կանխատեսելի լինի արդյունավետությունը, այս կուսակցությունը ներդնելու է բլոկչեյն տեխնոլոգիաներ, եւ ինչպես պարոն Զեյնալյանն ասաց, որպեսզի մարդկանց համար պարզ լինի ժամանակակից համակարգչային եւ կապի տեխնոլոգիաներ են ներդնելու եւ հայցերը, դիմումները, միջնորդությունները ուղղված դատարանին, լրացվելու են առցանց եւ դրանց լրացմանը զուգընթաց երեւալու է, թե դրանց բավարարելու կամ մերժելու հավանականությունն ինչպիսին է։

Պարոն Զեյնալյանն ասաց ՝Հայաստանում դատավորների, քննիչների, դատախազների քանակը շատ փոքր է օպտիմալից․«Մենք հետեւողականորեն բարձրացնելու ենք նրանց թվաքանակը, այդ թվում՝ դատավորների աշխատակազմն ենք ընդլայնելու, բարձրացնելու ենք նրանց սոցիալական ապահովության երաշխիքները, որովհետեւ դրանք ոչ թե իրենց իրավունքն է, այլ դրանք արդար դատաքննության իրավունքի կրողների իրավունքն է, մեր բոլորի իրավունքն է։ Հայաստանը վերջին տեղում է Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում, նախավերջին տեղում գտնվող Մոլդովայում դատավորների աշխատավարձը երեք անգամ գերազանցում է ՀՀ դատավորների աշխատավարձի չափին, ընդ որում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն մեր երկրում ավելի բարձր է»։

Անցումային արդարադատության մասին էլ պարոն Զեյնալյանն ասաց՝ այն չափազանց ծախսատար է եւ երկարատեւ․« Մենք ներդնելու ենք արտադատական կարգով իրավունքների վերականգնման մեխանիզմներ, դրա համար կանոնակարգելու ենք քննիչ հանձնաժողովների գործունեությունը ԱԺ-ի, որպեսզի քրեական եւ քաղաքական վարույթներն իրար չխառնվեն»։

Քննարկմանը ներկա ՀԱԿ ընտրական ցուցակում ընդգրկված Հասմիկ Պետրոսյանն էլ ասաց՝ 1995 թվականին Սահմանադրական կեղծիքի վերաբերյալ որեւէ հիմնավոր փաստ չի ներկայացվել։ Տիկին Պետրոսյանը հարց ուղղեց պարոն Զեյնալյանին՝ հեղափոխությունից հետո որպես արդարադատության նախարար ի՞նչ միջոցներ ձեռնարկվեցին նշված խնդիրները հասցեավորելու եւ ձեր նշած փոփոխություններին հասնելու համար, արդյոք կային որոշակի խոչընդոտներ, որոնք թույլ չտվեցին այդ փոփոխություններին հասնել։

Պարոն Զեյնալյանն անդրադառնալով ՀԱԿ ներկայացուցչի այն պնդմանը, թե 1995-ին Սահմանադրության հանրաքվեն չի կեղծվել,ասաց․«Հիմնավոր կասկածների վերաբերյալ ասեմ՝ այն հաշվարկները, որով նաեւ Հայոց համազգային շարժումը ցույց է տալիս, որ կեղծվել են դրանից հետո տեղի ունեցած համապետական ընտրությունները, նույն մեթոդաբանությամբ հաշվարկ է կատարված եւ ցույց է տրվում, որ կեղծվել է նաեւ 1995 թվականի Սահմանադրական հանրաքվեն»։

Պարոն Զեյնալյանն ասաց՝ անցումային արդարադատությունն իրականացվում է նաեւ հիմա․«Անցումային արդարադատության իրավական հիմքերի հիմնադիրը նաեւ ես եմ։ ՍԴ-ի 833 որոշմամբ գործող իշխանությունը այդ ժամանակ չի գիտակցել, թե ինչ որոշում է կայացրել, թե ՍԴ-ն ինչպիսի կարեւոր որոշում է կայացրել եւ այդ որոշման կիրառմամբ է, որ հիմա վերաբացվում են 2008 թվականի դեպքերի ժամանակ անօրինական դատապարտված անձանց գործերը։ Դրանք մի քանի տասնյակ են, սակայն, իրականում հարյուրից ավելի անձ ենթարկվել է պատժի։ Արդարադատության համակարգը դեռեւս չի կարողանում այդպիսի ծավալի գործեր վերաբացել, ուստի պետք է նկատի ունենանք, որ դրանք ժամանակատար են։ Այո, հիմա իրականացվում է անցումային արդարադատություն, ուղղակի մարդկանց մոտ տպավորություն կա, որ այն բոլոր դատավարական գործերը, որոնք քննվել են, կարող են նորից քննվել եւ իրենց օգտին դատական ակտեր կայացվեն։ Ոչ, դատական ակտերի կայունության սկզբունքը ժողովրդավարության եւ իրավական պետության կարեւորագույն սկզբունքներից են եւ դրանք պետք է պահպանվեն»։

Պարոն Զեյնալյանը պարզաբանեց, թե ինչու է այն ժամանակ դադարեցրել պաշտոնավարումը․« Մեր իշխանության գալու դեպքում մենք նախաձեռնելու ենք ԱԺ որոշում, որով հայտարարելու ենք ճանապարհների, մայրուղիների, իշխանության ճյուղերի, պետական, սահմանադրական ինստիտուտների շրջափակման ավարտը։ Եւ Հայաստանում կա քրեական պատասխանատվություն դրա համար։ Կարծում եմ՝ պետք է քաղաքական ուժերն ու հասարակությունը գա կոնսենսուսի եւ հայտարարություն անի, որ այլեւս չի կարող որեւէ ճանապարհ փակել, որովհետեւ դա դադարեցնում է զարգացումը, դա ազգային անվտանգությանը սպառնալիք է, պետք է վերջ դրվի դրան։ Սրան պետք է վերջ դրվի։ Չի կարող մարդու ազատ տեղաշարժման իրավունքը սահմանափակվի օրենքով չնախատեսված դեպքում։ Նաեւ այս անհամաձայնությունների պատճառով է, որ ես դադարել եմ պաշտոնավարել որպես արդարադատության նախարար»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930