Լրահոս
Օրվա լրահոսը

Բորիս Նավասարդյան. Ընտրությունների ընթացքում կլինեն ընտրախախտումներ

Հունիս 17,2021 20:11

Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական պլատֆորմը հունիսի 20-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ քննարկում էր կազմակերպել:

«Սա մրցակցություն է հնի և նորի միջև: Մրցակիցներից գրեթե ոչ ոք չի կարող տրամադրել ապագայի վերաբերյալ անհրաժեշտ տեսլականը»,- քննարկման ընթացքում ասաց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:

Նա կարծում է, որ անվտանգության խնդիրները և ներքին ճգնաժամը պահանջում են կառավարման ավտորիտար համակարգ. «Այդ պատճառով՝ թեկնածուների մեջ հասարակությունը փնտրում էր ավտորիտար առաջնորդների: Եվ որպես արդյունք մենք ունենք այս երկու մարդկանց, որոնք հավակնում են առաջատար դիրքեր գրավել Հայաստանի կառավարությունում, նկատի ունեմ Նիկոլ Փաշինյանին և Ռոբերտ Քոչարյանին: Երկուսն էլ ապացուցել են, որ ավտորիտար են՝ միևնույն ժամանակ տարբեր գաղափարներով»:

Բորիս Նավասարդյանի խոսքով՝ եթե վերլուծենք Հայաստանում նախորդ քաղաքական զարգացումները, դժվար թե երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարող է համարվել մարտահրավեր. «Քանի որ իր դաշինքը կազմված է երկու կուսակցություններից, որոնցից մեկը նոր է, իսկ մյուսը՝ նախորդ ընտրություններում նախկինը ներկայացնող կուսակցություններից պակաս հաջողակ էր. Շատ հետ էր Բարգավաճ Հայաստան կուսակցությունից, հետ էր Հանրապետական կուսակցությունից: Բայց այժմ, երբ նրանց առաջնորդը Ռոբերտ Քոչարյանն է, նրանք երկու ֆավորիտներից մեկն են, ինչը հետաքրքիր երևույթ է»:

Նա համարում է, որ այս երևույթը նշանակում է, որ մարդիկ ցանկանում են որպես երկրի առաջնորդ տեսնել վճռորոշ մեկին: Եվ այդ է պատճառը, որ Ռոբերտ Քոչարյանը հիմնական մարտահրավերն է հանդիսանում ներկայիս իշխող ուժի համար. «Եվ չնայած, որ ասում ենք, որ խորհրդարանական ընտրություններ են, իրականում անձերի ընտրություններ են: Սա գալիս է Հայաստանի Սահմանադրության առանձնահատկություններից, որովհետև վարչապետի պաշտոնը ավելի ուժեղ է, քան մինչ Սահմանադրության փոփոխությունները, երբ մենք ունեինք նախագահական հանրապետություն: Հիմա, ըստ մեր հիմնական օրենքի, վարչապետը ունի ավելի շատ իշխանություն, քան նախկինում նախագահը»:

Ըստ Բորիս Նավասարդյանի՝ կիրակի օրը կայանալիք ընտրությունների ընթացքում կլինեն ընտրախախտումներ, քանի որ այն ինստիտուտները, որոնք պատասխանատու են ազատ և արդար ընտրությունների համար վատ վիճակում են. «Հայ հասարակության մեծամասնությունը ավելի հանդուրժող կլինի ընտրախախտումների, քան ընտրություններից հետո առճակատումների նկատմամբ: Նրանք ավելի շուտ կնախընտրեն ակնկալել կասկածելի արդյունքներ, քան քաղաքացիական պատերազմ»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930