Անդրադառնալով ՀՀ 2-րդ նախագահի հասցեին Լեւոն Տեր-Պետրոսյանի հնչեցրած մեղադրանքին, թե ժամանակին Ռոբերտ Քոչարյանն է Արցախը բանակցություններից դուրս թողել, քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի տնօրեն Ռուբեն Հակոբյանն ասաց. «Երբ հայտնի դարձավ, որ ՀԱԿ-ը պետք է մասնակցի այս արտահերթ ընտրություններին, ինձ թվաց, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը արդարորեն, արդարամտորեն կարող է վերադարձնել մոլորված զանգվածը: Բայց հենց սկզբից հասկացրեց, որ հարևանցիորեն քննադատում է Նիկոլ Փաշինյանին, բայց քաղաքական առումով հիմնական հարվածի թիրախ դարձավ Ռոբերտ Քոչարյանը: Իհարկե, Ռոբերտ Քոչարյանին կարելի է շատ-շատ բաների համար քննադատել, բայց քաղաքական այն մեղադրանքները, որ ներկայացնում է Տեր-Պետրոսյանը, հիմնազուրկ են: Ուղղակի վտանգավոր են այնքանով, որ ինքը իսկապես լավ հռետոր է, տիրապետում է լեզվին, կարողանում է սուտը գեղեցիկ մատուցել: Եվ այդ սուտը թշնամություն է դառնում նրանց մոտ, ովքեր չեն տիրապետում ողջ ինֆորմացիային, չեն տիրապետում դիվանագիտական բանակցային ֆորմատին»:
Ռուբեն Հակոբյանը որպես այդ տարիների քաղաքական դաշտի ակտիվ գործիչ եւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ականատես եւ մասնակից, թվարկեց օրինակներ, ըստ որոնց՝ դեռ մինչեւ Ռոբերտ Քոչարյանի Հայաստան գալն էլ Արցախը բանակցության կողմ չէր եւ երկրի քաղաքական վերնախավը պայքարում էր Արցախը բանակցային ձեւաչափ բերելու համար:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ