«Քչերն են գիտակցում՝ ինչ է կատարվել: Արցախյան պատերազմը լուրջ խնդիրներ է առաջացրել շրջակա միջավայրի համար, բավական չէ, որ մեր հատուկ պահպանվող տարածքից է անցել թշնամու տիրապետության տակ, Արցախում կիրառված կասետային եւ ֆոսֆորային զենքերի հետեւանքները դեռ երկար ժամանակ կզգանք»,-այսօր «Հայելի» ակումբում ասաց բնապահպան Սիլվա Ադամյանը:
Ըստ նրա, 2001 թվականի նոյեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան յուրաքանչյուր տարվա նոյեմբերի 6-ը հայտարարել է պատերազմի ժամանակ շրջակա միջավայրի շահագործումը կանխարգելելու միջազգային օր: Սակայն Շրջակա միջավայրի նախարարության օրացույցում այս օրը չկա: Մինչդեռ, ըստ Սիլվա Ադամյանի, մենք պետք է ամեն տարի այդ օրը հիշենք ու աշխարհին հիշեցնենք Արցախում տեղի ունեցածը, որը լուրջ խնդիրներ է առաջացրել Արցախի ու նաեւ Հայաստանի շրջակա միջավայրի եւ նաեւ մարդկանց համար:
«Ֆոսֆորային զենքը լուրջ հետեւանք ունեցավ Արցախի հանրապետության համար, բայց ֆոսֆորային զենքը չի կարող տեղական ազդեցություն ունենալ, այն կարող է քամու, ջրի, հողի վերին շերտի միջոցով տարածվել հարեւան տարածքներ, եւ շրջակա միջավայրի վրա լուրջ վնասակար ազդեցություն ունենալ: Արցախի հանրապետությունը անմիջապես սահմանային տարածք է Հայաստանի հետ, այդ ամենը լուրջ հետեւանքներ կունենա նաեւ Հայաստանի համար: Ֆոսֆորային զենքը կարող է տարիներ շարունակ մնալ հողի բերրի շերտի մեջ եւ վնաս պատճառել մարդկանց, շրջակա միջավայրին»,-ասաց տիկին Ադամյանը՝ հիշեցնելով, որ այդ խնդիրների մասին բարձրաձայնում են՝ անապատացման եւ երաշտի դեմ պայքարի օրվան ընդառաջ, որն աշխարհը նշում է հունիսի 18-ին:
Կարդացեք նաև
Սիլվա Ադամյանի տվյալներով, Հայաստանում մոտ 2 միլիոն հեկտար հողատարածք ենթարկված է էրոզիայի, որից ջրային էրոզիայի ենթարկված է 1 միլիոն 800 հեկտարը, 30 հազար հեկտար էլ՝ քամու էրոզիայի: Բնապահպան Նաիրի Սահակյանը բացատրեց՝ դրանք անապատացված հողեր են, որոնք աղակալման հետեւանքով պիտանի չեն օգտագործման:
Բնապահպանները մտահոգություն հայտնեցին, որ Սոսիների պուրակը, «Շիկահող» եւ «Արեւիկ» ազգային պարկերը դարձել են սահմանային, իսկ դրանցից որոշ տարածքներ ընդհանրապես անցել են հակառակորդի տիրապետության տակ:
«Բուֆերային հատվածն այլեւս չկա, ինչը բերում է բնապահպանական լուրջ խնդիրների: Ջրային տարածքները, որոնք թշնամու կողմից օգտագործվում էին տարբեր կարիքների համար, հիմա գտնվում են ադրբեջանցիների հսկողության տակ: Սա նույնպես խնդիրներ կարող է առաջացնել՝ հատկապես այն տարածքների համար, որտեղ անապատացման խնդիր կա»:
Անդրադառնալով Ամուլսարի շահագործման խնդրին, Սիլվա Ադամյանն ասաց, որ հանքի շահագործման դեպքում Ջերմուկի տարածաշրջանում կունենանք անապատացման խնդիր: Վկայակոչելով մասնագետների հաշվարկներն՝ ասաց, որ Ամուլսարում ոսկու պաշարները շատ քիչ են եւ հանուն դրա չի կարելի տարածաշրջանը անապատացման ենթարկել:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ