Լրահոս
Օրվա լրահոսը

«Քաղաքացիական բախումները չեն ստացվում, դասակարգային բախումների են տանում». Արամ Թալալյանը` Փաշինյանի մասին

Հունիս 17,2021 17:02

«Բավական է բացել Պանդորայի արկղը, եւ դու այլեւս գտնվում ես քաոսի տիրույթում, ու այդտեղ ցանկացած տեսակի բառապաշար հնարավոր է»,- «Հայելի» ակումբում ասաց անվանի թավջութակահար, դիրիժոր Արամ Թալալյանը` պատասխանելով Նիկոլ Փաշինյանի հայհոյախառն քարոզարշավի մասին հարցին:

«Տարբեր ուժեր, գործիչներ կան, անընդհատ ասում են` մենք կոչ ենք անում բոլորին հետեւեք ձեր լեզվին, հավաքեք ձեր լեզուն, բայց ինչու կոչ անել բոլորին: Ես զարմացած եմ, թե ինչ կարճ է մեր հանրության հիշողությունը: Իսկ ո՞վ բացեց Պանդորայի արկղը…Առաջինը ո՞վ սկսեց նման բառապաշար օգտագործել: Բացի մեկ տեղից, ես այլ տեղից չեմ լսել նման բան, զենքեր ցույց տալ, վախեցնել, վարչական ռեսուրս կիրառել…

Այնպես որ, պետք չէ կոչեր անել բոլորին: Բոլորին կոչ անելը մանիպուլյացիայի տեսակներից մեկն է, չէ՞ որ շատ կոնկրետ ուժ է խառնվել իրար, եւ մեկը մյուսի հետեւից երեք տարի միայն ստեր ենք լսում: Այդ ոչ թույլատրելի բառապաշարն էլ ստելուց է գալիս: Երբ սուտը վերջանում է, մնում է ոչ նորմատիվ բառամթերք օգտագործելը: Որովհետեւ ստի ռեսուրսը օգտագործված է, մարդիկ սկսում են իրար ուշունց տալ»,- ասաց երաժիշտը:

Արամ Թալալյանը հավելում է, որ եւ հայկական, եւ ռուսական հեքիաթներում անընդհատ նման իրավիճակների մասին զգուշացումներ կան, թե ինչ չի կարելի անել, որ անուղղելի հետեւանքներ չլինեն:

«Փողոցներում սկսեցին երեխաներին օգտագործել որպես վահան, թե՞ ուզում են ապացուցել, որ եկող սերունդն էլ է իրենց կողմից… Սա անթույլատրելի է, ոչ մի մշակույթում նման բան չի օգտագործվում ոչ պատերազմների ժամանակ, ոչ ընտրությունների…Անհամեմատելի բաներ են ուղղակի»,-տարակուսանք է հայտնում թավջութակահարը:

Արամ Թալալյանի խոսքով, փորձ է արվում քաղաքացիական բախումներ հրահրել, ինչը չի ստացվում, դրա համար էլ օգտագործում են շատ հին մեթոդ` դասակարգային բախումները. «Ուզում են ասել` տեսեք գոյություն ունեն լավ ապրող պրոֆեսորներ, հոգեւորականներ, բժիշկներ, իրենք լավ են ապրում, ուզում են ձեզ իշխել… Ուղիղ 100 տարի առաջ մեր հյուսիսային հարեւանը նույն խնդրի առաջ էր կանգնել` գնանք հարուստներից պոկենք եղածը, ջարդենք փշրենք, բաժանենք ժողովրդի մեջ… Հիմա էլ լրիվ նույն բանն է, տեսնում են, որ քաղաքական բախում չի ստացվում, քանի որ ուժերը այլ կերպ են դասավորվում, նույնիսկ այն ուժերը, որոնք դժվար թե 7 տոկոս ձայն հավաքեն, չեն ցանկանում մանիպուլյացիաների մասնակցել, դրա համար փորձում են մարդկանց համոզել, որ իրենք դասակարգերի են բաժանված…Անընդհատ ինքը (Նիկոլ Փաշինյանը-Գ.Հ.) էլիտա է ասում, որովհետեւ գիտի, որ ինչ էլ ասի, իր բերանից դուրս եկած ցանկացած խոսք վատ տպավորություն է թողնում»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930