«Ազատություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը այսօր բավականին հետաքրքիր տեղեկություններ հրապարակեց Էրդողանի՝ Շուշի այցելության եւ Ադրբեջանին մատուցած տարածքներում թշնամու կողմից կատարվող գործողությունների մասին:
«Իմ ունեցած տեղեկություններով Էրդողանին գաղտնի բարձրացրել են նաեւ Իշխանասարի կողմը, ցույց տվել Հայաստանը, որ միջանցքը ջոկի: Որեւէ կասկած չունեմ, որ Նիկոլը դա տալու է: Նույն օրը Ադրբեջանը նաեւ սկսել է ականապատել ինչ գրավել են Գեղարքունիքում եւ Սյունիքում: Հասկանո՞ւմ եք՝ մեր տարածքները: Իսկ Հայաստանի դավաճան իշխանությունը նրանց ականապատման քարտեզներն է տրամադրում»- ասաց նա:
«Ինչ վերաբերում է ընտրություններին, հունիսի 20-ին քվեարկվում է դավաճանությունը եւ ոչ դավաճանությունը, քվեարկվում է հայրենասիրությունը եւ հայրենիքի դավաճանությունը: Ինձ հաճախ հարցնում են, թե ինչ կլինի, եթե Նիկոլի կուսակցությունը ու նրա 14-15 արբանյակները շատ ձայն հավաքեն: Կարծում եմ՝ դրանք շատ ձայն չեն հավաքի: Ազգը պետք է հասկանա, որ դավաճանությունը չի քվեարկվում»,- ավելացրեց ԱԺ ընտրացուցակում 5-րդ համար քաղաքական ուժի ղեկավարը:
Հրանտ Բագրատյանը Aravot.am-ին ասաց, որ, ընդհանուր առմամբ, գոհ է իրենց կուսակցության իրականացրած քարոզարշավից: «Ժողովրդին փորձեցինք առավելագույն չափով օբյեկտիվ ներկայացնել իրավիճակը, ստեղծված վիճակից դուրս գալու մեր ծրագրերը, որոնք ներառում են թե քաղաքական, թե տնտեսական, թե արտաքին հարաբերությունների, թե սոցիալական, թե մյուս ոլորտները: Եվ կարծում եմ՝ հաջողել ենք: Ընդ որում` ընտրապայքարի մեջ մտած բոլոր քաղաքական ուժերի մեջ գործող իշխանության սխալներն ամենից շատ «Ազատություն» կուսակցությունն է վեր հանել ու ամենասուրը քննադատել: Եվ հունիսի 20-ի ընտրություններում մենք կարող ենք հավակնել հաղթելու»,-ասաց նախկին վարչապետը, որը պատրաստակամ է ընտրություններից հետո համագործակցել բոլոր նախկին նախագահների եւ այն քաղաքական ուժերի հետ, որոնք չեն առնչվում ներկայիս իշխանությանը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ