Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ժառանգություն». Ձայն չտալ մեր պետականությունը և ինքնիշխանությունը հիմնավորապես խարխլած Հայաստանի գործող վարչախմբին ու նրանց հայրենատվության մախաթը թելող քաղաքական միավորներին

Հունիս 17,2021 16:31

«Ժառանգություն» կուսակցությունը մեծ անհանգստությամբ արձանագրում է՝ 2021թ հունիսի 20-ին մեր երկրում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին նախորդած վերջին երկու շաբաթներն աչք զարնեցին քաղաքակիրթ նախընտրական քարոզչական գործընթացի հետ աղերս չունեցող բառամթերքով և գործիքակազմով: Վերոգրյալի հիմնական մեղավորն ու պատասխանատուն Հայաստանի դե ֆակտո իշխանություններն էին՝ կիրառած վաղ միջնադարի բարբարոսներին բնորոշ մրճահարումներով:

2020թ նոյեմբերի 9-ին կնքված հայրենատվության պայմանագրին հաջորդած ժամանակահատվածը ցույց տվեց, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատարի գործողությունները միայն ու միայն միտված էին հայրենատվության տխեղծ եղելության լեգիտիմացման միջոցով սեփական իշխանության երկարաձգմանը, ապա նաև՝ վերարտադրությանը: Անցնող ամիսներին մենք չենք տեսել երկրի առջև ծառացած խնդիրների լուծման համակարգային որևէ նախագիծ: Ցավոք պատերազմի վերքերը թաց են. թշնամին գտնվում է մեր ինքնիշխան տարածքում, իսկ հայրենիքի պաշտպանների մի մասը՝ Բաքվի բանտերում:

«Ժառանգություն» կուսակցությունը գտնում է՝ հետպատերազմական Հայաստանում հանրային միասնության և համախմբման այլընտրանքը պետականակործանման դժգույն վերջաբանն է լինելու, ինչին անշեղորեն գնում ենք վերջին յոթ-ութ ամիսներին: Պետք է փաստել, որ նախընտրական ժամանակահատվածում սեփական բնակչությանը վենդետաներով սպառնացող Հայաստանի գործող վարչախումբը հիմնավորապես մերկացրեց իր կացնամրճային տրամաբանությունը: Մենք կարծում ենք, որ ընտրված վաղ միջնադարի բարբարոսներին հատուկ գործիքները՝ որպես համախումբ խորհրդանիշ, ամենացածրակարգ և անարդյունավետ միջոցներն են հանրային անհրաժեշտ միասնության և համախմբման համար:

Ուստի հաշվի առնելով առկա վտանգավոր իրողությունները՝ կոչ ենք անում կուսակցության անդամներին, համակիրներին և համախումբ մեր եղբայրներին ու քույրերին 2021թ հունիսի 20-ին նշանակված արտահերթ խորհրդարանական ընտրություններում մասնակիցը չդառնալ հայրենատվության լեգիտիմացմանը՝ ձայն չտալով մեր պետականությունը և ինքնիշխանությունը հիմնավորապես խարխլած Հայաստանի գործող վարչախմբին ու նրանց հայրենատվության մախաթը թելող քաղաքական միավորներին:

 

«Ժառանգություն» կուսակցություն

17 հունիսի 2021թ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930