«Իմ կարծիքով՝ պատերազմի կազմակերպիչները ռուսներն էին, որոնց ձեռնտու էր Արցախ խաղաղապահներ բերելը, որ տարածքն ամբողջությամբ վերահսկեն։ Ադրբեջանը խախտեց ՀՀ սուվերեն տարածքը, բայց ՀԱՊԿ-ը չարձագանքեց։ Այդ կնքված պայմանագրերն էլ ո՞ւմ են պետք։ Աշխարհն էլ չարձագանքեց, երբ ահաբեկիչներն Արցախում մարդկանց կոտորում էին»,-Արագածոտնի մարզի Սասունիկ համայնքում այսօր «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական հավաքի ժամանակ դիմելով կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին՝ ասաց տղամարդկանցից մեկը։
«Ինչ աչքերս բացվել են, իմացել եմ, որ ռուսը մարդասպան է, մարդասպան զենք է արտադրում։ Մեր տնտեսությունն էլ ռուսի ձեռքում է։ Կախվածության մեջ ենք ու այլ տարբերակ չունենք։ Ի՞նչ անենք»,-հարցադրումները շարունակեց քաղաքացին։
Էդմոն Մարուքյանը պատասխան հարց տվեց՝ իսկ դուք ի՞նչ եք առաջարկում։
Կարդացեք նաև
Քաղաքացին ասաց, որ ինքն էլ չգիտի այդ կախվածության հետ ինչ անել։
Մարուքյանն արձանագրեց․ «Ուզենք-չուզենք, մենք ՀԱՊԿ-ի անդամ ենք։ Պետք է հասկանալ, թե ինչպես է այն գործում։ Մենք իշխանության մեջ չենք եղել, որ հասկանայինք՝ ո՞նց ենք դիմել ՀԱՊԿ-ին, ի՞նչ են ասել, ի՞նչ քննարկումներ են եղել։ Շատ քննարկումներ հրապարակային չեն եղել։ Մյուս կողմից, հասկանալով, որ չունենք բարեկամ, եղածների հետ եկեք գոնե չթշնամանանք: Եթե կանգնենք ու ասենք, թե իրենք մարդասպան են, դա ու՞ր է տանելու։ ՌԴ-ում երեք միլիոն հայ է ապրում։ Լուծումը որեւէ մեկը չի գտել։ Պատերազմը լինում է այն ժամանակ, երբ դիվանագիտությունն է տապալվում, իսկ այս իշխանությունը մեզ ասում էր, թե ՌԴ-ի հետ փայլուն հարաբերություններ են։ Սա՞ էր փայլունը»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ