«Ստեղծել են կեղծ օրակարգ, թե իբր երկու ուժ է հիմնականում ընտրապայքարի մեջ, իբր երկուսն ունեն շանս. դրանք նախկիններն են՝ նկատի ունենալով Ռոբերտ Քոչարյանին, քանի որ Սերժ Սարգսյանի թիմն՝ իրենց բոլշևիկյան աստղով, այլևս կենսունակ չի թվում, մյուսը ներկաներն են՝ ի դեմս կապիտուլյանտ թիմի՝ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ»,- «Հայացք» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում նկատեց «Ազգային-ժողովրդավարական Բևեռ» համահայկական կուսակցության (ԱԺԲ) խորհրդի անդամ Հայկ Մարտիրոսյանը:
Խոսելով Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիների մասին՝ Հայկ Մարտիրոսյանն ասաց. «Տեղի է ունեցել թալան, երկրի ենթակառուցվածքների հանձնում: Իսկ տնտեսական աճի ցուցանիշները պայմանավորված են եղել համաշխարհային մի քանի գործընթացներով: Դրանք տեղի են ունեցել ավերիչ շինարարության արդյունքում. ինչպես կառուցվեց Հյուսիսային պողոտան, մնացած նորակառույցները, հիշում եք: Որոշիչ դեր է խաղացել այդ շրջանում ադամանդագործությունը, որը չի կարելի համարել երկրի տնտեսական զարգացման հիմք: Իրականում կեղծ թվեր են»:
Հայկ Մարտիրոսյանը համարում է, որ Ռոբերտ Քոչարյանի օրոք եղել է չակերտավոր ինտեգրացիա ՌԴ-ի հետ, մինչդեռ խորացրել է ստրկացումը: Իսկ Նիկոլ Փաշինյանն ավելի խորացրեց ստրկացումը Ռուսաստանի հետ: Նա վստահեցրեց՝ այս իշխանության մնալու դեպքում առավել խորանալու է Հայաստանի գաղութացումն ու ստրկացումը:
Խոսելով Հայաստանի արտաքին քաղաքականության մասին՝ նա ասաց. «Հարաբերությունները եղել են միայն ՌԴ-ի հետ և դրանք եղել են ստրուկի և ստրկատիրոջ հարաբերություններ: ՀՀ-ն միշտ վախեցել է իրականացնել խորքային հարաբերությունների հաստատում արևմուտքի հետ, այդ թվում նաև տնտեսական»:
Կարդացեք նաև
Նրա հավաստիացրեց. «Միայն քաղաքական մերձեցումը Արևմուտքի հետ, ներդրումների նոր ձևաչափը կարող է ՀՀ-ն ոտքի կանգնեցնել: ՀՀ-ն այսպիսի ջախջախիչ վիճակում անկարող է լինելու ոտքի կանգել, եթե չունենա Արևմուտքի աջակցությունը: Իսկ Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ եղել է որպես գաղութատեր, երեսուն տարի Հայաստանը գնացել է աղքատացման»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ