Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայաստանը պետք է պատրաստ լինի կոշտ արձագանքել մեր ինքնիշխան տարածքի նկատմամբ ցանկացած ոտնձգության. Նորայր Աղայան

Հունիս 17,2021 15:32

Aravot.am-ի հարցերին պատասխանում է «Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի անդամ Նորայր Աղայանը

– Պատերազմ, համավարակ: Հայաստանը ոչ միայն տնտեսական ճգնաժամի մեջ է, այլ քաղաքական: «Ազգային օրակարգ» կուսակցությունն ի՞նչ ծրագրեր ունի երկիրը ճգնաժամային այս իրավիճակից դուրս բերելու համար:

– Հայաստանում ճգնաժամ է բոլոր ոլորտներում՝ սոցիալ-տնտեսական, քաղաքական, կառավարման: Պետական ինստիտուտները մեծամասամբ չեն գործում և մենք կանգնած ենք ինքնիշխանության կորստի վտանգի առջեւ: Առաջին հերթին անհրաժեշտ է հանգուցալուծել քաղաքական ճգնաժամը եւ, որպես անհրաժեշտ նախապայման՝ օտարի շահերը սպասարկող Նիկոլ Փաշինյանին եւ նրա իշխանախմբին զրկել իշխանությունից: Ընտրությունները, սակայն, չեն լուծելու քաղաքական ճգնաժամը եւ նույնիսկ կարող են այն խորացնել, եթե դրանց արդյունքում իշխանության չգան ազգային, եթե կուզեք՝ ազգայնական ուժեր եւ չձեւավորեն ազգային պետություն: Մեր երկիրը զավթվել է ներսից եւ միայն ազգային-ազատագրական պայքարի միջոցով է հնարավոր հասնել վերը նշված նպատակին: Մենք հենց այդ տրամաբանությամբ ենք գործում եւ ընտրությունները դիտարկում ենք որպես այդ պայքարի հերթական փուլ:

Մենք մշակել ենք մանրամասն ծրագիր եւ նշել այն առաջնային քայլերը, որոնք անհրաժեշտ են այս իրավիճակից դուրս գալու համար: Այդ ծրագրային դրույթները մենք պարբերաբար ներկայացնում ենք մեր հասարակությանը տեղեկատվական հարթակներում, մեր կուսակցության ֆեյսբուքյան պաշտոնական էջում եւ տելեգրամ ալիքում: Մենք հարգում ենք մեր ընտրողին եւ շատ կուզենայինք, որ մեր ազգը գոնե այս անգամ ընտրություն կատարի ծրագրային դրույթների հիման վրա, այլ ոչ թե անձնավորված կամ զգացական շարժառիթներով:

-Այսօր առաջնահերթ հարց է՝ գերիների վերադարձն ու Հայաստանի տարածքից ադրբեջանական ուժերին հեռացնելու խնդիրը: Ինչպե՞ս եք պատրաստվում այս երկու կարեւոր խնդիրները լուծել:

– Հայաստանի շուրջ տեղի են ունենում լրջագույն իրադարձություններ, տեղի է ունենում տարածաշրջանի ձեւափոխում, Հայաստանի վերաբերյալ որոշումներ են կայացվում առանց հայկական կողմի մասնակցության եւ այդ որոշումները վերջնական փուլում ուղղակի պարտադրվում են մեզ: Այս իրավիճակից դուրս գալու համար առաջնային է ինքնիշխանության վերականգնումը: Ազգային ուժերի իշխանության գալու պարագայում հրատապ լուծում պետք է ստանան անվտանգային հարցերը: Հայաստանը պետք է պատրաստ լինի կոշտ արձագանքել մեր ինքնիշխան տարածքի նկատմամբ ցանկացած ոտնձգության: Սահմանախախտ ցանկացած անձ պետք է ստանա համարժեք պատասխան, հնարավորության դեպքում այդպիսի անձինք պետք է գերեվարվեն հայկական ուժերի կողմից եւ այնուհետեւ փոխանակվեն հայ ռազմագերիների հետ: Մենք պետք է գիտակցենք վերջապես, որ թշնամին հասկանում է միայն ուժի լեզուն եւ այդ ուժը պետք է ցուցադրել: Միաժամանակ անհրաժեշտ է վերագործարկել մեր դիվանագիտական ջանքերը բոլոր հնարավոր հարթակներում եւ իրավական ու քաղաքական ճնշում գործադրել թշնամու վրա:

-5 հազար զոհեր, կորցրած տարածքներ, ապագայի նկատմամբ հավատի կորուստ, երեք տարի շարունակ սեւերի եւ սպիտակների բաժանված հասարակություն. ի՞նչ քայլեր եք անելու հասարակությանը համախմբելու, սպասվող արտագաղթը, որի մասին Ձեր քաղաքական ուժն էլ հաճախ է մտավախություն հայտնել, կանխելու համար:

– Այս պահին արտագաղթի միտումները պայմանավորված են առաջին հերթին անվտանգության վերաբերյալ մտավախություններով: Մենք պետք է վերականգնենք հավատը պետական ինստիտուտների նկատմամբ եւ առաջին հերթին՝ բանակի: Հայը պետք է սկսի սիրել իր պետությունը: Հասարակության համախմբումը, անկասկած, կարեւոր խնդիր է, բայց համախմբվել ինչի՞ շուրջ: Հայությունը վերջապես պետք է ձեւակերպի իր ազգային նպատակները եւ ապրի իր արժեհամակարգին ու առաքելությանը հատուկ վարքականոններով: Հենց դրա շուրջ էլ պետք է տեղի ունենա համախմբումը:

-Արցախի հարցի լուծման՝ «Ազգային օրակարգի» ճանապարհային քարտեզը ո՞րն է:

– Նախ պետք է կասեցնել Պուտին-Ալիեւ-Փաշինյան եռակողմ հայտարարությունների գործողությունը եւ մասնավորապես սահմանազատման ու սահմանագծման գործընթացները, որոնց հիմնական նպատակն է Արցախի վերջնական հանձնումը, ինչպես նաեւ Նախիջեւանի ու հայկական այլ կենսատարածքների նկատմամբ մեր ազգային նկրտումների բացառումը: Միաժամանակ պետք է ձեւավորել Արցախյան հիմնահարցի լուծման նոր օրակարգ՝ Մինսկի խմբի շրջանակներում: Պետք չէ մոռանալ, որ հենց վերջինս է օժտված հիմնահարցի կարգավորման լիազորություններով, եւ Պուտին-Ալիեւ-Փաշինյան ոչ իրավաչափ եռակողմ հայտարարությունները չեն կարող փոխարինել այդ ձեւաչափը: Հիմնախնդրի հայանպաստ լուծման հասնելու համար կարեւոր է ռազմավարական գործընկերային հարաբերությունների հաստատումը Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Եվրոմիության, Չինաստանի, Հնդկաստանի եւ Իրանի հետ:

– Ինչպե՞ս եք պատկերացնում Թուրքիայի հետ հարաբերությունները, ինչպե՞ս եք վերաբերվում սահմանները բացելու իշխանության հայտարարություններին:

– Թուրքիայի եւ թուրքական աշխարհի նպատակները տարածաշրջանում չեն փոխվել: Դեռ ավելին, դրանք թեւակոխել են ակտիվ իրագործման փուլ եւ մեր ռազմավարությունը պետք է ելնի այդ իրողություններից: Թուրքիայի հետ հարաբերությունները պետք է դիտարկել հայրենազրկման հետեւանքների վերացման համատեքստում: «Ազգային օրակարգը» վճռականորեն դեմ է թուրքական աշխարհն իրար միացնող հաղորդակցության բացմանը եւ դրանով իսկ Թուրքիայի վաղեմի երազանքի իրագործմանը: Տարածաշրջանում Հայաստանը պետք է ունենա իր նպատակները եւ իր ասելիքը, հստակ ձեւակերպի կենսական ազգային իր շահերը, այլապես մենք կարող ենք կորցնել որեւէ աշխարհաքաղաքական եւ տարածաշրջանային կենտրոնի հետաքրքրությունը: Այդ պարագայում, այն է՝ սեփական ռազմավարություն չունենալու դեպքում, անհասկանալի է, թե ինչի շուրջ են ձեւավորվելու ռազմավարական գործընկերային հարաբերությունները հիշատակված կենտրոնների հետ: Պետք է գիտակցել, որ տարածաշրջանային գործընթացները լի են մարտահրավերներով, բայց նրանք անխուսափելիորեն ընձեռելու են նաեւ հնարավորություններ:

– Մեր երկրի ՀՆԱ-ում մեծ մասնաբաժին է կազմում գյուղատնտեսությունը: Այսօր գյուղացուն հետաքրքրում է գյուղմթերքի իրացման, գյուղատնտեսական վարկերի տակից դուրս գալու խնդիրները, կուսակցության ծրագրով ի՞նչ իրատեսական լուծումներ եք առաջարկում՝ գյուղացու հոգսը թեթեւացնելու համար:

– Նախ պետք է վերականգնել գյուղատնտեսության նախարարությունը: Գյուղատնտեսության լրջագույն խնդիրներից է արդյունավետության ցածր մակարդակը, այն պետք է դառնա «խելացի» եւ «ճշգրիտ», օգտագործի նորարարական տեխնոլոգիաներ: Մենք նախաձեռնելու ենք նոր ջրամբարների կառուցում, հիմնական ջրագծերի արդիականացում եւ հողային բարեփոխումներ: Մրցունակ արտադրանք ունենալու համար կարեւոր է նաեւ գյուղատնտեսական տնտեսությունների արտադրական ծավալների մեծացումը: Այդ նպատակով մենք խրախուսելու ենք կոոպերացիաների ստեղծումը՝ նրանց տրամադրելով տեխնիկական աջակցություն եւ վարկավորման արտոնություններ, բնական ճանապարհով խոշորանալու համար: Աջակցելու ենք գյուղատնտեսական հիմնական շրջաններում բազմանպատակ տեխնիկական կայանների ստեղծմանը՝ պետություն-համայնք-մասնավոր համագործակցության միջոցով: Անհրաժեշտ է նաեւ զարգացնել տեղական սերմնաբուծությունը եւ տոհմաբուծությունը, տեղական պարարտանյութերի արտադրությունը՝ ագրարային ուսումնական հաստատությունների եւ գիտական կառույցների ներգրավմամբ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930