ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի 11.05.2021թ. NԿ269-Ա և 17.05.2021թ. NԿ289-Ա հրամաններով գեոդեզիայի և հողօգտագործման վերահսկողության վարչությունը 2021 թ․ մայիսի 13-26- ներառյալ ՀՀ հողային օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ ստուգում է իրականացրել ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքում, որի արդյունքում արձանագրվել են հողային օրենսդրության պահանջների մի շարք խախտումներ։
Մասնավորապես, համայնքում փաստաթղթերի ուսումնասիրությունից և տեղազննումից պարզվել է հետևյալը․
Համայնքի ղեկավարի 01.07.2020թ. որոշմամբ՝ Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող 0.4388հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության՝ այլ գործառնական նշանակության հողամասը օտարվել է աճուրդում հաղթող ճանաչված Ռոլանդ Գևորգյանին:
Հողամասը վաճառվել է՝ առանց հաշվի առնելու այն հանգամանքը, որ այն վաճառքի պահին ծանրաբեռնված է եղել ապօրինի հասարակական շինությամբ։ Ընդ որում՝ առանց որևէ օրինական հիմքերի առկայության՝ օգտագործվում է նաև ինքնակամ ցանկապատված հարակից լճակը։
Մեկ այլ գործով՝ համայնքի սեփականություն 120.0հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության՝ այլ գործառնական նշանակության հողամասը, վարձակալության իրավունքով 06.11.2008թ. կնքված պայմանագրով 25 տարի ժամկետով տրամադրվել է «Գորիս Էներջի» ՍՊԸ-ին։ Վերջինս առանց սահմանված կարգով հողամասի նպատակային նշանակությունը ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության փոխելու և առանց ընդերքի օգտագործման համար գործառնական նշանակության հողամասի փոխելու և լեռնահատկացման, ընդերքարդյունահանման թույլտվության և համայնքի հետ համապատասխան հողամասի պայմանագիր կնքելու զբաղվում էր ընդերքարդյունահանմամբ։
Կարդացեք նաև
«ԱՏ-ՄԵՏԱԼՍ» ՍՊԸ-ն ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կողմից 24.12.2014թ.-ին լեռնահատկացման ակտով և ընդերքարդյունահանման թույլտվությամբ ստացել է ընդերքի շահագործման իրավունք, որի գործողության ժամկետը մինչև 24.06.2022թ.-ն է։ Համայնքը, հաշվի չառնելով այն հանգամանքը, որ նշված ՍՊԸ-ն արդեն իսկ առանց սահմանված կարգով հողամասի նպատակային նշանակությունը ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության փոխելու ինքնակամ արդյունահանել է՝ օգտագործելով վերգետնյա և ստորգետնյա տարածքները՝ որպես դատարկ գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամաս (հարթ, ազատ տարածք) կազմել է հողաշինարարական գործ։ Այն սահմանված կարգով 15.03.2021թ.-ին ստացել է դրական եզրակացություն՝ համայնքային սեփականություն հանդիսացող 38.84469հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողատեսքից՝ ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության՝ ընդերքի օգտագործման համար գործառնական նշանակության հողամասի փոխելու նպատակով։ Սակայն մինչ ստուգման պահը ՍՊԸ-ն համայնքի հետ օրենքով սահմանված կարգով վարձակալության պայմանագիր չէր կնքել։
Հողամասի նպատակային նշանակությունը սահմանված կարգով փոխելու պահանջը շրջանցվել է նաև «ԱԳԱՐԱԿԻ ՊՄԿ» ՓԲԸ-ի գործունեության դեպքում։ Ընկերությունն առանց որևէ օրինական և նպատակային նշանակության փոփոխության վերաբերյալ փաստաթղթերի առկայության՝ իրեն օգտագործման տրամադրված 123.65հա մակերեսով հողամասից բացի ինքնակամ օգտագործում է նաև համայնքային սեփականության գյուղատնտեսական նպատակային նշանակության՝ այլ գործառնական նշանակության հողամաս, որի մակերեսը տարեցտարի ընդլայնվում է։ «ԱԳԱՐԱԿԻ ՊՄԿ» ՓԲԸ-ն չունի նաև պոչամբարի 37.0հա և 175.0հա մակերեսներով հողամասերի նկատմամբ օրենքով նախատեսված վարձակալության պայմանագրեր։
ՀՀ Սյունիքի մարզպետի 27.07.2009թ․ որոշմամբ՝ պետական սեփականություն հանդիսացող անտառային նպատակային նշանակության՝ անտառի արոտավայր գործառնական նշանակության 0.02հա մակերեսով հողամասը՝ կառուցապատման իրավունքի պայմանագրով, 50 տարի ժամկետով տրամադրվել է «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ-ին։ Վարձակալված հողամասի վրա առանց որևէ օրինական և նպատակային նշանակության փոփոխության վերաբերյալ փաստաթղթերի առկայության ինքնակամ կառուցվել է բջջային կապի աշտարակ՝ հաշվի չառնելով այն պահանջը, որ անտառային հողերը տրամադրվում են միայն անտառօգտագործման նպատակով։
25.06.2020թ. կայացած մրցույթի արդյունքներով Մեղրի քաղաքի Արաքսաշեն 2-րդ թաղամաս 7/17 հասցեում առկա ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողամասի նկատմամբ վարձակալության իրավունք է ձեռք բերել «Կուրոս» ՍՊ ընկերությունը, հողամասը տրամադրվել է վարձակալության իրավունքով՝ թաքցնելով այն հանգամանքը, որ վարձակալության իրավունքով տրամադրելու պահին հողամասը շինություններով ծանրաբեռնված է եղել։
Արդյունքում թույլ են տրվել հետևյալ խախտումները՝
• Քաղաքացիներին և համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի նպատակային նշանակությունները փոխված չեն,
• Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը առանց սահմանված կարգով հողամասի նպատակային նշանակությունը փոխելու և համապատասխան հողամասի պայմանագիր կնքելու զբաղվել է ընդերքարդյունահանմամբ։
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ ՔՏՀԱ տեսչական մարմինը նշված խախտումներին իրավական գնահատական տալու և պատասխանատու պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու նպատակով դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն։
Հավելենք, որ ՏՄ կողմից իրականացված ստուգման արդյունքում Մեղրի համայնքում արձանագրված խախտումների բնույթով պայմանավորված ի հայտ են գալիս հողամասերի՝ առերևույթ ձևական աճուրդների կազմակերպման և օտարման մի շարք հանգամանքներ, որոնք կներկայացվեն առանձին հրապարակմամբ։
ՀՀ գլխավոր դատախազություն