«Դեպի ուժեղ Հայաստան», «Կրելու ենք», «Մնաց երեք օր» վանկարկումներով եւ աղուհացով Վարդենիսում դիմավորեցին «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչներին:
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն ասաց. «Այն քաղաքացիները, ովքեր ձայն կտան այս իշխանություններին, թշնամուն բերում են դեպի իրենց տուն եւ սա չափազանցության չէ. թշնամին Վարդենիսի սահմաններին է մոտեցել, Սոթքի հանքի շահագործումը հարցականի տակ է: Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի կառուցումից հետո, տարածաշրջանում աշխուժություն էր նկատվում, բայց այսօր այդ ճանապարհն էլ անցել է թշնամուն»:
Դաշինքի առաջնորդ, վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանին լիճքեցի Լենդրուշ Ղարիբյանը դիմեց՝ «ամենայն հայոց նախագահով» ու մանգաղ նվիրեց նրան՝ պատգամելով վերականգնել գյուղնախարարությունը: Հիշեցնելով, որ վարչապետի պաշտոնակատարը մուրճով է քայլում՝ վարդենիսցին ասաց, որ մուրճն ու մանգաղը բանվորի եւ գյուղացու հայտնի գործիքներն են. «Ես ուզում եմ ձեզ մանգաղ նվիրել, որպեսզի այս մանգաղով ամբողջ մոլախոտը հեռացնեք քաղաքականությունից»:
Ռոբերտ Քոչարյանը մոտեցավ ու վերցրեց նվերը՝ հումոր անելով. «Սկզբում տեսա՝ վախեցա, մտածեցի կարող է կաստրացիայի գործիք է»: Ռոբերտ Քոչարյանը խոստացավ մանգաղն իր նշանակությամբ օգտագործել:
Կարդացեք նաև
Լենդրուշ Ղարիբյանին հետաքրքրում էր նաեւ, թե ի՞նչ է մտածում Ռոբերտ Քոչարյանն այն մասին, որ Ալիեւն ու Էրդողանը նույն օրը Շուշիում տոնակատարության էին անում, ՀՀ վարչապետի պաշտոնակատարն էլ մուրճով գնացել էր Սյունիք: Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ իր համար էլ այդ իրողությունը ցավալի էր ու հիշեցրեց, որ Նիկոլ Փաշինյանը նաեւ սպառնում էր ՀՅԴ-ի դրոշը վառել: «Մտածում եմ… հիմնավոր կասկած կա, որ այդ միլիարդը դեռ ամբողջությամբ չի ստացել, հավանաբար դեռ գործ կա անելիք, հանձնելու, Հայաստանն այն աստիճան թուլացնելու, որ տարածաշրջանում որեւէ գործոն մենք չլինենք»,- պատասխանեց Ռոբերտ Քոչարյանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ