«Առավոտի» զրուցակիցն է «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Տիգրան Աբրահամյանը
-Քարոզարշավն ավատվում է, եթե ամփոփենք, ի՞նչ արդյունք գրանցեց «Պատիվ ունեմ» դաշինքը:
-Այս քարոզարշավը ևս մեկ՝ շատ կարևոր առիթ էր, հանրության հետ անկեղծ երկխոսության մեջ մտնելու, մարդկանց հետ խոսելու, իրար հասկանալու, երկրում ստեղծված իրավիճակի պատճառահետևանքային կապը քննարկելու համար։ Կարծում եմ՝ ստացվեց։ Մարդկանց մեջ տրամադրություն փոխելը, իրականությունը հասցնելը, ամենասուր հարցերի հետ կապված բանավիճելն արդեն իսկ կարևոր է։
Մենք ամենաուշը որոշում կայացրեցինք մասնակցել ընտրություններին, որովհետև երկրում ստեղծված իրավիճակի ամենալավ լուծումը հաստատ արտահերթ ընտրությունները չէին, սակայն քաղաքական դաշտի ակտիվությունը արտահերթ ընտրություններին մասնակցության առումով այնպիսի իրավիճակ ստեղծեցին, որ մեր չմասնակցությամբ որևէ լուրջ խնդիր չէինք լուծի։
Կարդացեք նաև
Դրանով պայմանավորված` նախապատրաստական աշխատանքները ուշ սկսեցինք, սակայն բավականին բարձր տեմպ ենք վերցրել, ինչը հնարավորություն է տվել մեր ասելիքը հանրության հնարավորինս լայն խմբերի հասցնել։
-Իսկ, առհասարակ, ինչպե՞ս կբնութագրեք քարոզարշավը`ծրագրերի ներկայացման եւ դրանց «բախման» համատեքստում:
-Պետք է արձանագրել, որ ծրագրային բախում, կարելի է ասել, չկա։ Այս քարոզարշավն ընթանում է՝ հեռացնենք Նիկոլին, որպեսզի փրկենք պետությունը սկզբունքով, ինչն օբյեկտիվ հիմք ունի։ Հանրության մեջ, ընդհանուր առմամբ, ձևավորվել է կոնսենսուս առ այն, որ այս իշխանությունները պետք է հեռանան, որովհետև առանց դրա անհնար է կանգնեցնել պետության գահավիժումը։ Պետք է հիմքեր ստեղծել երկրի վերականգնման, մեր անվտանգային համակարգի վերակազմավորման համար, իսկ գործող իշխանության պայմաններում դրա հնարավորությունն ուղղակի չկա։
-Այս քարոզարշավն առանձնանում էր ատելության խոսքի բարձր դոզայով: Անգամ իր բնույթով շատ զուսպ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը որոշ դեպքերում չկարողացավ էմոցիաները զսպել: Ի՞նչ սպասել ընտրական եւ հետընտրական փուլերում:
-Արցախը ազատագրած, զինված ուժեր կազմավորած, պետության կայացման հիմքում եղած, մեր հաղթանակներում կարևոր դերակատարություն ունեցած մարդկանց համար չափազանց դժվար է առանց հուզականության խոսել Արցախի կորստի, մեր բանակի անկման ու պարտության մասին։
Մենք երկիր եք կորցրել, հազարավոր մեր հայրենակիցների ենք կորցրել, Հայաստանն ենք արդեն կորցնում և բնական է, որ սրա մասին դժվար է խոսել առանց սուր որակումների, հատկապես որ գործող իշխանությունները փորձում են հանրությանը ապացուցել, որ այդպես էլ պետք լիներ, նույն կերպ էլ, ի դեպ, փորձում են ցույց տալ, որ նորմալ է նաև ՀՀ տարածքի տարբեր հատվածների զիջումը Ադրբեջանին։
-Քանի որ անվտանգային խնդիրներն են թիվ մեկը, բանակի վերակազմավորման եւ վերազինման, սահմանների վերահսկողության ի՞նչ տեսլականներ, պատկերացումներ ունեք: «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն, օրինակ` խոսում է բանակը մեկ տարվա ընթացքում վերակազմավորելու եւ երեք տարվա ընթացքում վերազինելու ծրագրերի մասին:
-Զինված ուժերը մեկ օրում չեն ձևավորվել, բնականաբար, դժվար է լինելու շատ արագ վերականգնել։ Բայց մի քանի անհրաժեշտ քայլեր կան, որոնք արագ մթնոլորտ կփոխեն, կվերականգնեն բանակի ոգին, հույս ու սեփական ուժերի նկատմամբ վստահություն կբերեն զինվորականին։ Դա այս իշխանությանը արագ ճանապարհելն է։
Զինվորականը պետք է իմանա, որ ինքը, իր ընտանիքը ամենատարբեր իրավիճակներում լինելու են պաշտպանված։ Զինվորականը պետք է իմանա, որ սահմանին, մարտի դաշտում իր արած քայլերի, կայացրած որոշումների հետևում պետություն կա։
Մենք պետք է ամբողջությամբ գույքագրենք այն, ինչ կորցրել ենք պատերազմում, հասկանանք, թե իրականում ինչ ունենք հիմա, առաջադրենք բանակի բարեփոխումների անհրաժեշտ մոդելը, ապա դրանից բխող սպառազինություն գնենք, զինվորականին անհրաժեշտ գիտելիքներով և մասնագիտական հնարավորություններով զինենք։
Հայաստանը պետք է կազմավորի նվազագույն ռեսուրսներով առավելագույն խնդիրներ լուծող զինված ուժեր։
-Առաջին նախագահն օրերս չէր բացառել իր ղեկավարած ուժի՝ «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքների հետ կոալիցիան`Նիկոլ Փաշինյանի բացարձակ իշխանությունը կանխելու համար: «Պատիվ ունեմ» դաշինքում նման միավորման տարբերակ քննարկվե՞լ է, ինչպե՞ս եք դրան վերաբերվում:
-Այսպես ասեմ, մենք բացառում ենք որևէ կարգի համագործակցություն այս իշխանությունների և նրանց հրապարակային ու ոչ հրապարակային աջակցող ուժերի հետ։ Մյուսների հետ՝ առողջ ուժերի, իրական ընդդիմության հետ համագործակցությունը չբացառելով, կարծում եմ, որ ճիշտ կլինի թեմային անդրադառնալ հունիսի 20-ից հետո։
-Տեր-Պետրոսյանը նաեւ խոսել էր տեխնոկրատների կառավարության անհրաժեշտության եւ որեւէ ուժի բացարձակ իշխանության անթույլատրելիության մասին. սրան ինչպե՞ս եք վերաբերվում:
-Հայաստանն ու Արցախը չափազանց ծանր իրավիճակում են և ստեղծված պայմաններում բեկում մտցնելը մեծ կամք, համախմբվածություն և ռեսուրսներ են պահանջում։ Դժվար աշխատանք է սպասվում սրընթաց անկումը կասեցնելու, երկիրը զարգացման հուն վերադարձնելու և մեր անվտանգային համակարգը վերականգնելու համար։
Այն մարդիկ, ուժերը, որոնք պատրաստվում են այդ պատասխանատվության տակ մտնել, նվազագույնը մեր դեպքում, գիտակցում են, որ շուրջօրյա աշխատանքի, ծառայության հայտ են ներկայացնում՝ առանց դրա որևէ արդյունք չի լինի։
Իրավիճակի հաղթահարման ռեսուրսը պետք է փնտրել ներսում՝ սա չպետք է աթոռակռիվ դառնա կամ դիտվի կոմֆորտի, արտոնությունների հնարավորություն, պետք է տարբեր ոլորտներում ներգրավեն մարդիկ, ովքեր ունեն անհրաժեշտ գիտելիքներ, ունակություններ, փորձառություն։
Հակառակ դեպքում, հաջողելու հնարավորություն չենք ունենա։
Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ