Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նաիրի Սարգսյան․ «Այս պահին ունենք 275 անհետ կորածներ»

Հունիս 17,2021 12:55

«Հազարից ավելի անհետ կորածներ ունեցել ենք նոյեմբերի դրությամբ, հետագայում ԴՆԹ հետազոտությունների արդյունքում անհետ կորածների դիերը հայտնաբերվեցին եւ նրանք անհետ կորածների ցուցակից անցան զոհվածների ցուցակ»,-այսօր այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանը: Նա ասաց, որ 800-ից ավելի անհետ կորածների մարմին նույնականացվել է:

Նաիրի Սարգսյանն ասաց, որ զինծառայողների ապահովագրության հիմնադրամը հրապարակում է այն անձանց թիվը, որոնց հիմնադրամից աջակցություն է տրամադրվել ամսական 300 հազար դրամ՝ այն ժամանակահատվածի համար, երբ մեր զինծառայողներն անհետ կորած են եղել, ուստի այդ թիվը մեծ է․ «Այսինքն, այդ թիվը մնալու է այդպես, որ հազարից ավելի մարդ ստացել է 300 հազար դրամ աջակցություն, բայց դա չի նշանակում, որ մենք այս պահին ունենք այդքան անհետ կորածներ։ Անհետ կորած են ճանաչվում դատական կարգով, իսկ այս պահին քիչ ունենք դեպքեր, երբ մարդիկ դիմել են դատարան եւ ստացել են անհետ կորածի իրավական կարգավիճակ։ Ընթացքում ունեցել ենք, որ անհետ կորածների թիվն ավելացել է, այսինքն` ծնողները դիմած չեն եղել, բայց շատ քիչ դեպքեր ենք ունեցել, որ ընթացքում ավելացել է այդ թիվը։ Այս պահին ունենք 275 անհետ կորածներ»։

Հիշեցնենք, որ մամուլում շրջանառվեց զինծառայողների ապահովագրության հիմնադրամից մի փաստաթուղթ, ըստ որի անհետ կորածների թիվը 1064 է։ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանն էլ քարոզարշավի ժամանակ երեկ հայտարարեց․ «Անհայտ կորածների թիվը 1064 է: Այս չմարդը, այս ստահակը, ելույթ ունենալով ԱԺ-ում, հայտարարում է, որ անհայտ կորածների թիվը 321 է: Հիմա սրան ի՞նչ ասես»։

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն այս առնչությամբ պարզաբանում է տարածել, ըստ որի՝ «Նախորդ տարվա դեկտեմբերից անհայտ կորած զինծառայողների հարազատները սկսել են ստանալ աջակցություն՝ մինչև վերջնական շահառու դառնալու որոշման կայացումը։ Այնուհետ՝ աճյունների գտնվելուց և նույնականացվելուց հետո, շահառուները ստացել են զոհված անձի համար նախատեսված աջակցությունն, իսկ մյուսների վերջնական շահառու դառնալու հարցը կորոշվի սահմանված կարգով»։

Պարզաբանում է տարածել նաեւ քննչական կոմիտեն․ «2021 թվականի հունիսի 16-ի դրությամբ գտնվելու վայրն անհայտ զինծառայողների և քաղաքացիական անձանց թվաքանակը կազմում է 275 անձ։ Քրեական վարույթի շրջանակներում անձը դադարում է համարվել գտնվելու վայրն անհայտ, երբ իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների կատարման արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվում վերջինիս զոհվելու վերաբերյալ կամ հայտնի է դառնում անձի գտնվելու վայրը։ 2021 թվականի հունիսի 16-ին մամուլում գտնվելու վայրն անհայտ զինծառայողների թվաքանակի վերաբերյալ շրջանառվող տեղեկությունները վերաբերում են ռազմական գործողությունների հետևանքով գտնվելու վայրն անհայտ զինծառայողների ընտանիքներին տրված դրամական հատուցումների ֆինանսական հաշվետվություններին, ինչը չի արտացոլում այդ օրվա դրությամբ քրեական վարույթի շրջանակներում գտնվելու վայրն անհայտ անձանց թվաքանակը»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930