Հունիսի 15-ին` Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի «Սպենդիարյան —150» համերգով մեկնարկեց կոմպոզիտորի հոբելյանական տարին։
Ճեմասրահում բացվեց «Մեկ ցուցանմուշի պատմություն. Սպենդիարաֆոն» ժամանակավոր ցուցադրություն: Ներկայացվեց կոմպոզիտորի մտահղացմամբ 1905 թվականին ստեղծված երաժշտական գործիքը, որը մի քանի ժամով տեղափոխվել էր կոմպոզիտորի տուն – թանգարանից։ Ցուցադրության ձևավորումն ու հետաքրքիր լուծումներով պրոեկցիան իրականացրել էր #Factoryproduction ընկերությունը:
«Սպենդիարյան -150 » հոբելյանական միջոցառման բացման ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, որը ևս մեկ անգամ կարևորեց կոմպոզիտորի դերն ու նշանակությունը հայ սիմֆոնիզմի կայացման և զարգացման գործում։
Արա Խզմալյանը հույս հայտնեց, որ հոբելյանական տարին կարևոր ժամանակաշրջան է կոմպոզիտորի կյանքը և ստեղծագործական ժառանգությունը հանրահռչակելու և մեծ հայի անունը Հայաստանի սահմաններից դուրս հնչեցնելու համար։
ՀՀ ԿԳՄՍ նախարարության ոսկե մեդալով պարգևատրվեց ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Կոմիտասի անվան ԵՊԿ-ի պրոֆեսոր, երաժշտագետ Արմեն Բուդաղյանը։
Նվագախումբը գեղ. ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ կատարեց «Պարսկական քայլերգ»-ը՝ «Ալմաստ» օպերայից, «Ղրիմյան Էսքիզներ» ստեղծագործության 1-ին սերիան , ինչպես նաև հնչեցին կոմպոզիտորի ռոմանսները՝ մեներգիչ Նավասարդ Հակոբյանի /բարիտոն/ մեկնաբանությամբ, իսկ համերգային երեկոն ավարտվեց «Երեք արմավենի» սիմֆոնիկ պատկերով։
Միջոցառումը կազմակերպել էին Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանը, ՀԱՖ նվագախումբը՝ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։
Կարդացեք նաև
ՀԱՖՆ