ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը դավաճան համարո՞ւմ է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին ։ Չէ՞ որ Վանեցյանն ինքը ժամանակին սպասարկել է վարչապետի շահերը։ Ի՞նչ է նշանակում ներքին անվտանգություն, և ինչպե՞ս այն ապահովել։ Այս ամենի մասին՝ մեր հարցազրույցում։
«Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը Sputnik Արմենիային տված հարցազրույցում խոսել է Հայաստանում և Արցախում տիրող իրավիճակի մասին, պատասխանել ներքաղաքական օրակարգին վերաբերող հրատապ և մի շարք այլ հարցերի։
– Ձեր քաղաքական դաշինքի ներկայացուցիչները մշտապես հայտարարում են, որ Հայաստանը վերջին երեք տարիներին շարունակաբար անդունդն է գլորվում։ Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ է դա տեղի ունենում։ Որո՞նք են հիմնական պատճառները:
– Պատճառներն ակնհայտ են, և դրանք դեռևս 2019 թվականի սեպտեմբերին հստակ արտացոլված են եղել իմ հրաժարականի դիմումի մեջ։ Չեմ կրկնի այն, միայն կարճ նշեմ․ անիրազեկություն, քաղաքական և կենցաղային կոռուպցիա, ժողովրդավարության, խոսքի ազատության բացակայություն, իշխանությունների տարանջատման սկզբունքի վիթխարի խախտում, պետական պաշտոններ զբաղեցնող անձանց ագահություն ու եսասիրություն և որևէ էթիկայի բացակայություն։ Սուտ, որը պաշտամունքի աստիճանի է բարձրացվել, և լիակատար անպատասխանատվություն՝ քաղաքական, բարոյական և իրավական։ Եվ որպես հետևանք` կաթվածահար վիճակ, ավելի ճիշտ ՝ պետության բացակայություն, գործող իշխանության ոչ լեգիտիմություն ու ոչ սուբյեկտայնություն։
Կարդացեք նաև
– ՀՀԿ ներկայացուցիչներից շատերի նկատմամբ բազմաթիվ քրեական գործեր հարուցվեցին, երբ ԱԱԾ-ն դուք էիք գլխավորում։ Հայտնում էին, որ դրանցից մեկով անցնում է Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ Ինչպե՞ս ստացվեց, որ «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական ցուցակում Տարոն Մարգարյանի անունը անմիջապես Ձեր անունից հետո է։
-Ցուցակում յուրաքանչյուր թեկնածուի տեղը կշռադատված քաղաքական որոշման արդյունք է։ Ինչ վերաբերում է ԱԱԾ տնօրենի պաշտոնում իմ սկզբունքներին, ապա պետք է հիշեցնեմ՝ ես ԱԱԾ կադրային սպա եմ և երբեք Նիկոլի քաղաքական թիմի անդամ չեմ եղել։ Ես միշտ ջանասիրաբար պայքարել եմ այն բանի դեմ, ինչը մենք անվանում ենք արատավոր երևույթներ։
Ծառայության ընթացքում ինձ համար երբեք որևէ մեկի քաղաքական պատկանելությունը հետաքրքրություն չի ներկայացրել, բայց միշտ առաջին տեղում է եղել քաղաքացիների օրինապաշտությունը, ինչի մասին նույնպես բազմիցս ասել եմ ԱԱԾ տնօրեն եղած ժամանակ։ Իմ ղեկավարությամբ ԱԱԾ-ն պայքարում էր ՀՀ քրեական օրենսգիրքը խախտող մարդկանց, երևույթների և գործողությունների դեմ։
Ինչ վերաբերում է կոնկրետ Տարոն Մարգարյանն, ապա դա իշխանական ԶԼՄ-ների մանիպուլյացիաների հետևանք է: Այն ժամանակ ԱԱԾ-ի հայտարարության մեջ Մարգարյանի մեղավորության մասին ոչ մի խոսք չկար, խոսքը «Երևան» հիմնադրամի մասին էր։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, և «Երևան» հիմնադրամի ղեկավարը պատասխանատվություն կրել է: Նա փոխհատուցել է մայրաքաղաքի բյուջեին հասցված վնասը՝ վճարելով 1.8 մլրդ դրամ։
Գործող օրենսդրության համաձայն՝ քրեական վարույթը կարճվել է։
Ի դեպ, քրեական գործում խոսքը ոչ թե միջոցների յուրացման, այլ պատշաճ ընթացակարգերի խախտման մասին էր։ Տարոն Մարգարյանն այս գործում երբեք չի եղել ո՛չ որպես մեղադրյալ, ո՛չ էլ կասկածյալ։ Ավելին ասեմ՝ եթե նույն խստությամբ ստուգենք Երևանի քաղաքապետարանի գործունեությունն այսօր, ապա վստահ եմ` շատ ավելի լուրջ խախտումներ ի հայտ կգան։
– Բայց չէ՞ որ մինչև որոշակի ժամանակ դուք խիստ ազդեցիկ անձ եք եղել իշխանության ուղղահայաց համակարգում և, ըստ էության, կարող էիք ինչ-որ բան փոխել, բայց, այնուամենայնիվ, գերադասեցիք հեռանա՞լ։
– Այո, եղել եմ և փոխել եմ։ Եվ ոչ թե «ինչ-որ բան», այլ շատ բան։ Որոշ բաների մասին գուցեև խոսեմ, բայց ոչ հիմա։ ԱԱԾ տնօրենի պաշտոնում արել եմ ամեն հնարավորը իրավական պետության կայացման՝ անվտանգության, իրավակարգի ամրապնդման և ավելի լավ ու ավելի արդար կյանքի մասին մեր քաղաքացիների իղձերի իրականացման համար:
Հիշում եք՝ 2018 թվականի գարնանը մեր ժողովուրդը փոփոխություններ էր ուզում։ Բնակչության մեծամասնությունը սրընթաց փոփոխություններ էր ցանկանում, և այդ ալիքը Նիկոլ Փաշինյանին իշխանության բերեց։ Ի դեպ, ես նրա քաղաքական թիմից դուրս ամենաբարձր վարկանիշն ունեի, և դա նրան խիստ նյարդայնացնում էր։ ԱԱԾ-ում ես պարզապես իմ աշխատանքն էի անում և գոհ էի, որ պատիվ ունեմ ծառայելու պետությանը։
Իմ ղեկավարման մեկուկես տարիների ընթացքում ԱԱԾ-ն գերազանց արդյունքներ է արձանագրել, որոնց մասին շատ բան է ասված։ Նաև բարդ պահեր են եղել, բայց դրանց մասին առայժմ չեմ կարող խոսել։ Թեև շատերն են հիշում, թե ինչպես պետական կառավարումից ոչինչ չհասկացող Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ-ից պահանջում էր «դևերին գտնել», «ստուգել ՀԴՄ կտրոնների տրամադրումը» և «ֆեյքերի որս սկսել»։ Դա զվարճալի էր։ Բայց այն ժամանակ ինձ թվում էր, որ դրանք իմ ծառայության կողմնակի ազդեցություններն են, որ հանուն հայրենիքին ծառայելու կարելի է և նման բաներ հանդուրժել
-Իսկ ե՞րբ հասկացաք, որ ինչ-որ բան այն չէ։
– 2019-ի ամռանը ես վերջնական եզրակացության եկա, որ ո՛չ Փաշինյանը, ո՛չ նրա թիմը չեն ուզում որևէ բան սովորել, ենթակա են զանազան ազդեցությունների և երկիրը դեպի անդունդ են տանում։ Պարզվեց, որ նրանցից շատերը ոչ թե պարզապես փողոցից եկած, կյանքում ոչ մի բանի չհասած մարդիկ են, այլև մարդիկ, որոնք իշխանության գալուց առաջ, պայմանական ասած, պետության «դեմ» են աշխատել։ 2018թ․-ին նրանց մտածողությունը չի փոխվել և չի փոխվի։
Իհարկե, Փաշինյանի թիմում կային անհատներ, որոնք սկզբում փորձում էին որոշակի սկզբունքայնություն ցույց տալ՝ հայտարարելով, որ 2018 թ․-ի իրադարձություններն իրենց համար երկրին ու ժողովրդին ծառայելու հնարավորություն են համարում։ Բայց ընտրություններից մոտ կես տարի անց այդ մարդկանց կամքը կոտրվեց, և նրանք, մեծամասամբ սկզբունքները մի կողմ դնելով, սկսեցին ծառայել անձամբ Փաշինյանին
Ես կարծում եմ, որ հեղափոխության իդեալները վերջնականապես անհետացան 2019 թ․-ի ամռանը, իսկ հետագայում մենք բոլորս տեսանք, որ Նիկոլի հայտարարած սկզբունքներն ու արժեքները ֆեյք էին և օգտագործվում էին միայն ուղեղները լվանալու համար:
Ընտրություններում հաղթելուց անմիջապես հետո անվտանգության համակարգի վերականգնման հետ մեկտեղ մեր ուժի առաջնահերթությունը լինելու է հասարակության համախմբումը համազգային գաղափարի և համազգային նախագծերի շուրջ:
Առհասարակ ես կտրականապես դեմ եմ մեր հասարակության մեջ անելանելիության տրամադրություններ սերմանելուն։ Հայաստանն ու հայ հասարակությունը շատ ավելի ծանր իրավիճակներում են առաջ շարժվելու ուժ գտել իրենց մեջ։ 1915 թ․-ի Ցեղասպանությունից ընդամենը երեք տարի անց մենք ստեղծեցինք Առաջին հանրապետությունը։ Ի դեպ, Առաջին հանրապետության դասերը պետք է ևս մեկ անգամ լավ սովորել։
-Որո՞նք են լինելու Ձեր առաջին քայլերը Հայաստանի Հանրապետության կառավարության առաջնորդի դերում՝ ներքին խնդիրները լուծելու համար:
-Կարծում եմ՝ վերջին երեք տարիների ընթացքում մեզ մոտ այնքան շատ են նոր խնդիրներ առաջացել, որ ստիպված ենք լինելու համալիր լուծում տալ դրանց։ Իհարկե, որոշ ժամանակ կծախսվի կառավարության ձախողումներն ուսումնասիրելու և գործերի իրական վիճակը գնահատելու համար․ ոչ այն վիճակը, որի մասին Նիկոլը մշտապես ստում է, այլ այն, ինչ մենք ունենք իրականում։ Դա պետք է շատ արագ անել, և մենք կանենք։
Կուզեի հատուկ ընդգծել, որ մեր թիմի կադրային պահուստում, ինչպես նաև հենց ընտրական ցուցակում բազմաթիվ պրոֆեսիոնալներ կան, որոն իրենց ոլորտներում բարձր դիրքերի են հասել ինչպես հենց Հայաստանում, այնպես էլ միջազգային մակարդակում։ Կարծում եմ, որ հունիսի 20-ի հաղթանակից հետո մենք պետք է համախմբենք ուժերը մյուս թիմերի հետ և, թևերը քշտելով, անհապաղ ձեռնամուխ լինենք ինստիտուտների վերակենդանացմանը և Հայաստանի Հանրապետության հեղինակության վերականգնմանը։
Իհարկե, ինչպես ներքին, այնպես էլ արտաքին անվտանգության հարցերը մեր ժողովրդի համար առաջնային են։ Մեր տարածքում թշնամական զինված կազմավորումների, ինչպես նաև ադրբեջանական բանտերում հարյուրավոր գերիների առկայությունը հաջորդ կառավարության առջև դրված առաջնահերթ խնդիրն է։ Պետական մեքենան պետք է ամբողջ հզորությամբ աշխատի, և այդ ժամանակ կարծում եմ` այդ հարցերը կսկսեն լուծվել։ Ի վերջո, աշխարհում մենք ավելի շատ ընկերներ ունենք, քան թշնամիները: Համենայնդեպս այդպես էր, նախքան երկիրը ծածկեց նիկոլիզմի մուտացված վիրուսը:
– Իսկ ի՞նչ նկատի ունեք «ներքին անվտանգություն» ասելով։
– Եթե կարճ, ապա դա միջոցառումների, մեթոդների և միջոցների համալիր է, որն ապահովում է ազգային շահերի պաշտպանությունը Հայաստանի տարածքում գտնվող օբյեկտներից բխող սպառնալիքներից։
Դա իմ մասնագիտությունն է։ Սակայն այս պահին կարևոր է նաև մեկ այլ բան։
Կարծեմ ձեր լրատվամիջոցումի լրահոսում նույնպես եղել է այն նորությունը, որ կապիտուլյանտն իր կողմնակիցներին արդեն կոչ է արել ընտրություններին հենց հաջորդ օրը հավաքվել մայրաքաղաքի հրապարակում։ Այդ հավաքի նպատակն անձամբ ինձ համար հասկանալի է և հաստատվում է տեղեկացված աղբյուրներից ստացվող որոշակի տեղեկություններով։
«ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ» դաշինք