Լրահոս
Օրվա լրահոսը

Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ ինչպիսի դիրքորոշում ունեն քաղաքական ուժերը. «Հայկական ժամանակ»

Հունիս 17,2021 10:56

Ժամանակին Ամուլսարի շուրջ ծավալված քննարկումներն ու աղմուկն այդպես էլ չդադարեցին, քանի որ չկայացվեց հանքի շահագործմանը վերաբերող հստակ ու վերջնական որոշում: Ամուլսարի հարցն այսօր էլ օրակարգից դուրս չի եկել:

«Հայկական ժամանակն» առանձնացրել է այն քաղաքական ուժերին, որոնք այս ընթացքում խոսել են հանքի շահագործման մասին, որոշներին էլ հարցումներ ենք արել, պարզելու՝ իրենց տեսակետները:

«Հանրապետություն» կուսակցության անդամներն օրինակ՝ նախընտրական իրենց խոսքում բազմիցս արդեն շեշտել են, որ մեր երկրի սոցիալ- տնտեսական խնդիրների լուծման համար անհրաժեշտ է առաջին հերթին շահագործել բոլոր հանքերը, օգտագործել ջրային ռեսուրսները:

«Շիրինյան-Բաբաջանյան» դաշինքի անդամ Լեւոն Շիրինյանը «Հայկական ժամանակին» հայտնեց, որ Ամուլսարի շահագործումը խախտում է ամբողջ էկոլոգիական հաշվեկշիռը, եւ եթե դա Ջերմուկի շրջանում չլիներ՝ կարգավորել հնարավոր կլիներ: «Խախտել հանգստի գոտին չիմանալով շահագործման պարագայում ստացված արդյունքը՝ սխալ է: Տարիներ շարունակ Հայաստանում խոսում են ինչ-որ օգուտից, բայց հանքը չպիտի աշխատի»,-ասաց նա:

Թեմայի վերաբերյալ ավելի վաղ բավականին կոշտ դիրքորոշում էր հայտնել նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Միքայել Մելքումյանը: Ըստ Մելքումյանի՝ բյուջե մի քանի տասնյակ միլիոն դոլար բերելու համար չարժե գնալ բնապահպանական աղետի: Այսօր էլ վերահաստատելով իրենց կուսակցության դիրքորոշումը ԲՀԿ-ական պատգամավորը «Հայկական ժամանակին» փոխանցեց. «Եթե այն բնապահպանական աղետ է առաջացնում, առողջություն քայքայում, Ջերմուկի առողջավայրի հետ կապված լրջագույն ռիսկեր է առաջացնում, ապա ինչո՞ւ պիտի շահագործվի»:

«Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանն էլ օրեր առաջ Ջերմուկի բնակիչների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով հարցին, թե արդյոք կշահագործվի հանքավայրը, հայտարարել էր. «Եթե Ամուլսարի շահագործմամբ Ջերմուկը կդադարի լինել առողջարանային քաղաք, ուրեմն չպետք է շահագործել: Ինձ զարմացնում են քննարկումները հանքի շահագործման մասին՝ նալին են խփում, հետո մեխին, արդյունքում անհասկանալի վիճակ է ստեղծվել: Որոշակիություն եւ կանխատեսելիություն. սա է ներդրումային քաղաքականության հիմնաքարը»,- նկատել էր Քոչարյանը:

Նա նաեւ շեշտել էր, որ խնդրին լավ տեղյակ չէ, քանի որ փաստաթղթերի մի զգալի հասանելի չէ ոչ մեկին: «Մի բան կարող եմ ասել, եթե ազդեցությունը բացասական է լինելու, ապա հանքը չպետք է շահագործվի»,- եզրափակել էր «Հայաստան» դաշինքի առաջնորդը:

«Հայ ազգային կոնգրես» կուսակցության ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանն էլ երեկ Առաջին ալիքի եթերում հանրային քննարկման ընթացքում անդրադառնալով թեմային նշել էր, որ իրենք բավարար չեն համարում իրականացված հետազոտությունները եւ դա չի կարող հիմք հանդիսանալ, որպեսզի հանքի շահագործումը համարեն անվնաս:

Իսկ ահա իշխող՝ «Իմ քայլը» խմբակցությունն իրատեսական է համարում հանքի շահագործումը: Ամիսներ առաջ 1in.am-ին տված հարցազրույցում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. «Ամուլսարի հանքը բացելու հավանականություն կա եւ այն մեծ է»:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության գործող պատգամավոր, տնտեսական հարցերի հանձնաժողովի անդամ Գեւորգ Պապոյանն էլ «Հայկական ժամանակի» հետ զրույցում խոսելով որոշման հավանականության մասին ավելի վաղ ասել էր՝ կշեռքի նժարի մի կողմում տնտեսական օգուտներ են, մյուս կողմում՝ բնապահպանական վնասներ: Ըստ Պապոյանի այդ համեմատության մեջ տնտեսական օգուտները ակնհայտորեն շատ ավելի մեծ են, քան բնապահպանական վնասները: Նա հավանական էր համարել հանքի շահագործումը:

«Հայկական ժամանակի» հետ զրույցում Գեւորգ Պապոյանը վերահաստատելով իրենց որոշումն ասաց, որ այն անփոփոխ է. «Ինչպիսին որ մեր որոշումը երկու տարի առաջ էր, այդպիսին է նաեւ հիմա: Բայց այնպես էլ չէ, որ մենք այդ քայլով միայն տնտեսական շահեր ենք հետապնդում: Անչափ կարեւորում ենք Հայաստանի համընդհանուր շահը: Եթե տնտեսական շահը պաշտպանելով ավելի արդյունավետ կլուծենք մեր երկրի անվտանգային հարցերը, ապա բնականաբար մենք գնալու ենք դրա հետեւից: Իսկ եթե գնահատվի, որ բնապահպանական ռիսկերը տնտեսական շահերից մեծ են, ապա բնականաբար կգնանք այն ճանապարհով, որ հանքը չի բացվի»:

Պապոյանը, սակայն նկատեց՝ այդ որոշումը դեռևս հստակ չէ, քանի որ կան վերջանական մի քան հարցեր, որոնք ճշգրտման կարիք ունեն:

Աղունիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930