Հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ քիչ չեն կանխատեսումները, որ կարող է նաև ընտրությունների երկրորդ փուլ լինել: Իրավաբան, Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Գոհար Մելոյանի հետ զրույցում փորձել ենք հասկանալ, թե ո՞ր դեպքում է երկրորդ փուլ նախատեսվում, ո՞ր ուժերն են մասնակցում երկրորդ փուլին, և այդ դեպքում ի՞նչ է սպասվում այն ուժերին, որոնք ո՛չ առաջին, ո՛չ էլ երկրորդ տեղում են, բայց առաջին փուլում հաղթահարել են անցողիկ շեմը:
Գոհար Մելոյանը նշեց, որ Սահմանադրության համատեքստում Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքը նախատեսում է հետևյալը. «Նախ՝ եթե որևէ ուժ ստանում է ԿԸՀ-ը կողմից բաշխած մանդատների բացարձակ մեծամասնությունը, երկրորդ փուլ չի անցկացվում: Երկրորդ փուլ չի անցկացվում նաև այն դեպքում, երբ առավելագույնը երեք ուժ կոալիցիա են կազմում և այդ կոալիցիան բացարձակ մեծամասնություն է ստանում: Այս դեպքերում երկրորդ փուլի անհրաժեշտություն չի լինում: Իսկ եթե ԱԺ 8-րդ գումարման ընտրություններին մասնակցող ուժերից որևէ մեկին չի հաջողվում վերցնել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից բաշխված մանդատների բացարձակ մեծամասնությունը, այդ դեպքում անցկացվում է ընտրությունների երկրորդ փուլ: Երկրորդ փուլ է անցկացվում նաև այն դեպքում, երբ բաշխված մանդատների բացարձակ մեծամասնությունը չի հաջողվում վերցնել նաև երեք ուժերի կոալիցիա կազմելու դեպքում»:
Գոհար Մելոյանը շեշտեց, որ ընտրությունների երկրորդ փուլն անցկացվում է երկու առավելագույն ձայներ հավաքած ուժերի միջև:
Նա հավելեց, որ նվազագույն շեմը հաղթահարած բոլոր ուժերը, որոնք մասնակցել են առաջին փուլով, ստանում են իրենց մանդատները:
«Պայմանական ասենք՝ եթե վեց ուժ անցնի խորհրդարան, ապա երկրորդ փուլում պայքարը գնալու է առավելագույն ձայներ հավաքած առաջին և երկրորդ տեղերը զբաղեցրած ուժերի միջև: Մյուս չորսը կարող են իրենց մանդատները ստանալ, որևէ ուժի հետ կոալիցիա չկազմել ու չմասնակցել ընտրությունների երկրորդ փուլին: Կոալիցիա կազմելու դեպքում, արդեն, բնականաբար, մեկ դեմքով են հանդես գալիս, և երկրորդ փուլին որպես կոալիցիոն ուժ են մասնակցում: Ընդ որում՝ նվազագույն շեմը հաղթահարած ուժերը երկրորդ փուլի դեպքում 8 օրվա ընթացքում առաջին և երկրորդ տեղերը զբաղեցրած ուժերի հետ դաշինք կազմելու հնարավորություն ունեն»,-նշեց Գոհար Մելոյանը:
Ընդգծելով մեկ այլ դրույթի մասին՝ մեր զրուցակիցը հավելեց. «Եթե, օրինակ՝ 15 ուժ է անցել, և 15-ից 5-ն ուզում է առաջին կամ երկրորդ տեղում գտնվող ուժի հետ կոալիցիա կազմել, օրենսդրությունն այս առումով սահմանափակում է դնում: Կոալիցիա կարող են կազմել առավելագույնը երեք ուժ. եթե երկրորդ փուլ է, ապա առավելագույն ձայն ստացած ուժերից մեկը կարող է կոալիցիա կազմել անցողիկ շեմը հաղթահարած ոչ ավելի, քան երկու ուժի հետ»:
Կարդացեք նաև
Աննա ԲԱԴԱԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։