Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները Էրդողանի Շուշի կատարած այցի ժամանակ Շուշիում հունիսի 15-ին ստորագրել են, այսպես կոչված, «Շուշիի հռչակագիրը»։
Այս այցի ընթացքում Ալիևը Շուշիից Էրդողանին ցույց է տվել հեռվում երևացող Ստեփանակերտը՝ ասելով, որ այնտեղ նույնպես հյուրանոց կկառուցեն։
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն ասաց, որ այդ այցը զարմանալի չէր։
«Մենք միշտ ասել ենք, որ ի դեմս Ադրբեջանի ու Թուրքիայի, մենք ունենք «ամենաազնիվ» թշնամին, որը երբեք իր նպատակները չի թաքցրել։ Այսինքն՝ պարզ է, որ Շուշին նրանց համար դարձել է հենակետ, մի վայր, որտեղից նրանք փորձելու են էքսպանսիան շարունակել։ Նրանք մեզ շարունակում են համարել ամենակարևոր թշնամին, սա փաստ է։ Մենք, երբեմն, այսպիսի բաներ կարող ենք լսել, թե՝ բարեկամանանք, տեսականը մեկ բան է, պրակտիկան մեկ այլ բան։ Իսկ ինքն ի՞նչ է ուզում մեզանից, այս հարցին կարո՞ղ են պատասխանել, եթե ոչ, ապա պետք է հետևել նրանց հայտարարություններին, ուսումնասիրել նրանց քայլերը, ամեն ինչ այնտեղ գրված է։ Էրդողանի այցը Շուշի մարտահրավեր է մեզ, քաղաքակիրթ աշխարհին և մարտահրավեր է մի շարք երկրների, որոնք այս տարածաշրջանում ունեն մի շարք կենսական շահեր, որոնք նույնպես Թուրքիայի կողմից թիրախավորվելու են»,- նշեց Դավիթ Բաբայանը։
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է Ստեփանակերտի մասին Ալիևի հայտարարությանը, ապա Դավիթ Բաբայանն ասաց. «Նրանց հաջորդ նպատակը ոչ միայն Ստեփանակերտն է, այլև՝ ամբողջ Արցախը, Երևանը, նրանք միայն Ստեփանակերտով չեն բավարարվելու»։
Զվարթ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այսօրվա համարում։