Լրահոս
Օրվա լրահոսը

Խուլիգանություն եւ մերժելի փաստարկներ

Հունիս 17,2021 10:00

Որ Նիկոլ Փաշինյանն այս ընտրարշավում իրեն պահում է խուլիգանի պես, ինձ համար ակնհայտ է: Կոպիտ վիրավորանքներով լեցուն փողոցային բառապաշար, հոխորտանքներ սեփականատերերի, մտավորականների, հոգեւորականների, ՏԻՄ ղեկավարների հասցեին, նաեւ ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքներ՝ այդ ամենը, կարծում եմ, տեսանելի է: Դա ոչ թե մեկ մարդու վատ դաստիարակության դրսեւորում է, այլ պետության դեգրադացիայի ցուցիչ: (Պարբերաբար դրա վրա ուշադրություն է հրավիրում Մարդու իրավունքների պաշտպանը, որը, կարծես, միակ պաշտոնյան է մնացել Հայաստանում, որին հետաքրքրում է պետության ճակատագիրը):

Չեմ կարծում, որ որեւէ զարգացած երկրում վարչապետի թեկնածուի նման վարքը չարժանանար իրավական գնահատականի: Բայց քաղաքակիրթ երկրում նման թեկնածու չէր էլ լինի՝ մարգինալ վարք դրսեւորող քաղաքական գործիչները ժողովրդականություն են վայելում միայն համապատասխան լուսանցքային զանգվածի մոտ: Մինչդեռ Հայաստանում «կզցնելու» եւ «շինելու» կատեգորիաներով մտածողները մի քանի հարյուր հազար են:

Բայց այնպես չէ, որ ընդդիմության վարքագիծն այդ առումով օրինակելի է: Մերժելի հնարքներից առանձնացնեմ երեքը.

1/ Անթույլատրելի էր Աշոտ Փաշինյանի անվան հիշատակումը նախընտրական պայքարի համատեքստում: Անընդունելի է ընդհանրապես քաղաքական նպատակներով անձնական կյանքի մեջ մտնելը, ղեկավարի տիկնոջ մասին անշնորհք բաներ գրելը կամ ասելը (խոսքը, բնականաբար, նաեւ երեք նախկին ղեկավարների մասին է): Ես գուցե փոքր-ինչ հուզական վերաբերմունք ունեմ, երբ հարցը հասնում է երեխաներին: Նույնիսկ ֆիլմերում, երբ տեսնում եմ, որ, ասենք, թրիլլերի սյուժեով վտանգ է սպառնում երեխաներին, ես այդ կինոնկարն այլեւս չեմ նայում:

2/ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի՝ ԱԱԾ-ի հետ համագործակցելու փաստը որպես վարկաբեկիչ նյութ ներկայացնելը նույնպես, իմ կարծիքով, իրավաչափ չէ: Ենթադրենք, դուք աշխատում եք ատոմակայանում, եւ ԱԱԾ-ն ձեզ խնդրում է իրեն տեղյակ պահել, եթե նկատեք ինչ-որ կասկածելի երեւույթներ: Դուք մերժելո՞ւ եք այդ խնդրանքը: Չէ՞ որ խոսքը երկրի անվտանգության մասին է: Սա խորհրդային շրջանը չէ, երբ ԿԳԲ-ի գործակալները մատնագրեր էին գրում, թե ով է «հակասովետական» անեկդոտներ պատմում: Կա (առայժմ) անկախ հայկական պետություն, եւ ամեն մի քաղաքացի պետք է հոգ տանի դրա համար:

3/ Ես չեմ ընդունում «դավաճան» մեղադրանքը Հայաստանի որեւէ ղեկավարի, այդ թվում՝ Փաշինյանի հասցեին: Վարչապետի ներկայիս պաշտոնակատարը շատ վատ, աղետալի վատ ղեկավար է, նման անհավասարակշիռ խառնվածքով մարդկանց ընդհանրապես չի կարելի թողնել որեւէ պետական պաշտոնի, առավել եւս՝ նրան հանձնել Հայաստանի եւ Արցախի ճակատագիրը՝ տեսանք, թե ինչ արեց: Բայց պետական դավաճանությունը կոնկրետ քրեական մեղադրանք է, որը ոչ մի դատարան չի ապացուցել եւ դժվար թե ապացուցի: Մի՞թե Զվիադ Գամսախուրդիան կամ Աբուլֆազ Էլչիբեյը դավաճաններ էին:

Այնպես որ, իշխանության «խուլիգանական օրակարգը» մերժելով, պետք չէ մոռանալ նաեւ ընդդիմության մի մասի կասկածելի փաստարկների մասին: Ես, օրինակ, չեմ մոռանում:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Սարգիս Զեյթունյան says:

    Հուսով եմ, առանց աղետալի հետևանքների, կշրջենք մեր պատմության այս ամոթալի էջը.
    https://www.youtube.com/watch?v=6NCqlAEtjas

  2. Armen says:

    Իմ կարծիքով նախընտրական հռետորաբանության մեջ հոխորտանքները ավելի ընդունելի են, քան քմծիծաղը դեմքին՝ պետության մեջ երկրորդ տղամարդու առկայությանը կասկածելը, կամ՝ ինչքան ուզենք, այնքան ել կխփենք խոստովանությունը: «Սեփական ժողովրդին» արհամարելը ամենաանընդունելի վարքագիծն է:

    • Ռուբեն says:

      Արմեն, իսկ իմ կարծիքով, քո любимчик-ի արտահայտած «կզցնելու», «շինելու», «ասֆալտին փռելու» հոխորտանքները քեզ համար ոչ միայն ավելի ընդունելի են, այլև այդ խոսքերը քեզ համար աղոթքի նման մի բան են:
      Հայ ժողովրդին հավասարապես պետք չեն ոչ կզցնող, ոչ շինող, ոչ ինքան ուզող՝ այնքան խփող, ոչ էլ պապլավոկի զուգարանում իր թիկնապահների կողմից ծեծելով մարդ սպանող ղեկավարներ: Ինչու՞ է քեզ թվում, որ անարժան նախկինների «ինադու» մեր երկրի քաղաքացին պետք է նախընտրի փողոցային բառապաշարով ու հաթաթաներով խոսող մեկ այլ անարժան թեկնածուի: Քարոզարշավի դուրս եկած բոլոր թեկնածուներն էլ ընտրողների մոտ պետք է իրենց ծրագրերի մասին խոսեն, ոչ թե մեկը մյուսին պախարակելով ու սպառնալիքներով զբաղվեն: Հոգնեցրին ու զզվեցրին պատերազմի սթրեսներով անցած մեր ժողովրդին:

  3. Ալֆրեդ says:

    Նույնիսկ աֆրիկյան հետամնաց ցեղերի մոտ հնարավոր չի պատկերացնել մուրճով ցեղապետ

  4. Հ.Շ. says:

    «մի հատ նալին, մի հատ մեխին» արուեստին մէջ, անմրցելի էք, յարգելի Արամ… ուրախանալի է որ յաղթարել էք Աղէտի ցնցումը, ու արդէն վերադառնում էք նշեալ արուեստի գործադրութեան routine-ին.
     
    թիւ 1/ կէտը սակայն, ճիշդ չէ. արդար չէ, անհիմն է. եւ կարելի չէ որ չգիտնաք դրա դէմ՝ հաստատօրէն ի զօրու փաստարկը
     
    առաջին օրէն սկսեալ, Փաշինյանը, համակարգային կերպով, երեխաները – բոլոր երեխաները – վերածեց քաղաքական գործիքների. կենդանի վահանների. Ճանապարհին մէջտեղը մաշինների եւ մեքենաներին դէմ՝ կենդանի խոչընդոտների. ընտրարշաւի ընթացքին, բոլոր երեխաների պարագայի, դարձեալ ձեռնարկեց նրանց՝ իր այդ քաղաքական շահագործումին
     
    իսկ իր հարազատ զաւակների պարագային, ոչ միայն սկիզբը եւ հիմա, այլ սկիզբէն ի վեր տեւաբար ու շարունակաբար, նա զանոնք վերածեց քաղաքական գործիքների.
     
    այդ պատճառով է որ նրանք, բնականաբար, դարձան քաղաքական դերակատարներ. քաղաքական իրաւացի թիրախներ.

    կողակիցն ալ, դեռ աւելի, անշուշտ. նա նոյնիսկ ինքզինք վերածեց այդպէս քաղաքական արդարացի թիրախի.

    այս ամէնով հանդերձ, ես ինքս երբէք չեմ հարուածած այդ երեխաներուն եւ իրենց մամային. սակայն շատ հասկնալի է որ, տուեալ պարագային, ուրիշները չունենան այդ փափկանկատութիւնը.

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930