Լրահոս
Օրվա լրահոսը

Քարոզարշավի 9-րդ օրը սկսվեց Փաշինյանի` հազարից ավելի ոստիկանների հետ Սյունիք մեկնելով

Հունիս 17,2021 13:30

Քարոզարշավի ութ օրերն ինչ իրավախախտումներով ուղեկցվեցին, եւ արդյոք կանխարգելիչ քայլեր արվեցին իրավապահ մարմինների կողմից: Փորձեմ ներկայացնել իմ դիտարկումները: Առաջին չորս օրը խախտումները կապված էին թեկնածուների գրանցման օրինականության հետ:

Ընտրությունների վերահսկման կոմիտեն բարձրաձայնեց մի հարց, որը հունիսի 12-ին ստացավ լուծում: Պարզվել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված Տիգրան Դավուդյանն ունի նաեւ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիություն։ Նրա գրանցումն անվավեր ճանաչվեց եւ նյութերն ուղարկվեցին դատախազություն:

Գրանցման հետ կապված խնդիր ունեցավ Տիգրան Արզաքանցյանը: Հունիսի 10-ին ԿՀԸ-ն որոշեց մերժել` փաստաթղթում ի հայտ եկած անճշտությունների պատճառով: Թեկնածուն չկարողացավ ապացուցել, որ վերջին չորս տարիներին մշտապես բնակվել է Հայաստանում: Ըստ ԿԸՀ-ի հաշվարկների, նա Հայաստանից բացակայել էր 1461 օրից 1005 օրը: Փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը երկու օր առաջ դիմել է ԿԸՀ` Հայաստանի դեմոկրատական կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավոր թեկնածուի գրանցման մերժումը վիճարկելու պահանջով:

Ընտրարշավն ուղեկցվում է վարչական ռեսուրսների ակնհայտ չարաշահմամբ, մասնավորապես, Արմավիրի թիվ 2 մանկապարտեզի պաշտոնական էջով իրականացվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավ։ Իսկ հունիսի 13-ին Վեդու բժշկական կենտրոնի պաշտոնական էջով իրականացվում էր ՔՊ-ի քարոզարշավ: Ի դեպ, Ընտրությունների վերահսկման կոմիտեն հրապարակել էր էջի լուսապատճենը:

Քարոզարշավին մասնակցում են անչափահասներ, դպրոցականներ:

Նիկոլ Փաշինյանը, երբ քարոզարշավ էր իրականացնում Արարատի մարզում՝ Արեւշատ համայնքում, ուսուցչուհի Թարվերդյանը նշել էր, թե «աշակերտների ցանկությամբ» են եկել աջակցելու ընկեր Փաշինյանին: Հարցին՝ արդյոք որպես ուսուցչուհի՝ ճի՞շտ է համարում երեխաների մասնակցությունը քարոզարշավին, նա արձագանքել էր. «Իրենք են հենց ցանկացել, իրենց ցանկությամբ ենք եկել», իսկ տնօրենն էլ ասել էր. «Երեխաներն ուզեցին, մենք որոշեցինք՝ թող մասնակցեն. ոչինչ: Անմիջապես հետո կգնանք դասի»:

Սոցիալական ցանցերում տարածված կադրերում երեւում են, թե ինչպես են հորդորում մասնակից երեխաներին այնպես պահել բուկլետները, որպեսզի դրանք երեւան: «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդը` Մարուքյանն այդ կապացությամբ ասաց. «Երեխաներ են, պատկերացնո՞ւմ եք։ Երեխաները լսում են հայհոյախառն ելույթները, ատելության քարոզը, տրամադրվում, դառնում դրա մի մասնիկը։ Ինչո՞ւ ենք վտանգում մեր սրբությունները, ո՞նց կարելի է երեխաներին նման գործընթացների մեջ ներգրավել։ Դատապարտում ենք նման աշխատաոճը»։

Ինչպես գիտեք՝ հանցագործություն է ընտրակաշառք տալը կամ ստանալը։ Արգելվում է դրամական միջոցներ, որեւէ գույք կամ գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր եւ ցանկացած այլ առավելություն (ինչպես, օրինակ, աշխատանքի ընդունելը կամ որոշակի ծառայություններ մատուցելը) տրամադրելը, խոստանալը եւ առաջարկելը, ինչպես նաեւ դրանք ստանալը կամ պահանջելը։ Կաշառք ստացող անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե այդ անձը մինչեւ կաշառք ստանալու մասին իրավապահ մարմիններին հայտնի դառնալը, բայց ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում այդ մասին կամովին հայտնել է քրեական հետապնդման մարմիններին եւ աջակցել հանցագործությունը բացահայտելուն (154.2-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասեր):

Ընտրակաշառքի միջնորդությունը։ Այս արարքը դրսեւորվում է ընտրակաշառք տվողի եւ ընտրակաշառք ստացողի միջեւ ընտրակաշառքի շուրջ համաձայնության գալուն կամ արդեն կայացած համաձայնության իրականացմանը նպաստելով (154.9-րդ հոդված):

Ընտրակաշառք տալու եւ ստանալու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա 2021թ. հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցություններից մեկի ներկայացուցիչ Ա. Ա.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով նախատեսված այն հանցավոր արարքի կատարման համար, որ նա Գավառի տարածաշրջանի ընտրողներին սննդամթերքի տեսքով կաշառք է տվել նշված կուսակցության օգտին կողմ քվեարկելու համար: Ըստ առաջադրված մեղադրանքի` Ա. Ա.-ն, ընդգրկված լինելով կուսակցության պատգամավորի թեկնածուների ցուցակում եւ համակարգելով Գավառի տարածքային գրասենյակի աշխատանքները, նույն գրասենյակի քարտուղար Ս. Զ.-ի հետ, համաձայն նախապես կազմված ցուցակի, 2021թ. հունիսի 9-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառի տարածաշրջանի մի շարք ընտրողների տվել է 7000-ական ՀՀ դրամ արժողությամբ սննդամթերքի տեսքով կաշառք` 2021թ. հունիսի 20-ին նշանակված ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին կուսակցության օգտին կողմ քվեարկելու համար:

Մեկ այլ գործով էլ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հանդես էր եկել պաշտոնական հաղորդմամբ. Արմավիր քաղաքի նախկին քաղաքապետը՝ նույն դաշինքի պատգամավորության թեկնածուների ցուցակում ընդգրկված Ռ. Խ.-ն, Ջանֆիդա գյուղի բնակիչ Գ. Պ.-ի հետ նախնական համաձայնությամբ, խմբով փորձել են կաշառք տալ ՀՀ Արմավիրի մարզի մի շարք ընտրողների: Այսպես, Ռ. Խ.-ն նախնական համաձայնություն է ձեռք բերել Ջանֆիդա գյուղի բնակիչ Գ. Պ.-ի հետ` կայանալիք արտահերթ ընտրություններին դաշինքի օգտին կողմ քվեարկելու նպատակով ՀՀ Արմավիրի մարզի առնվազն 147 ընտրողների գումարի տեսքով ընտրակաշառք տալու վերաբերյալ: Այնուհետեւ, պայմանավորվածության համաձայն, 2021 թվականի հունիսի 10-ին` ժամը 16:30-ի սահմաններում, իր ավտոմեքենայով գնացել է Ջանֆիդա գյուղում գտնվող՝ Գ. Պ.-ի բնակության վայր` ընտրակաշառքի առարկա հանդիսացող 9.000.000 ՀՀ դրամը նրան փոխանցելու եւ Գ. Պ.-ի կողմից այդ գումարը նախապես կազմված ցուցակներին համապատասխան ընտրողներին հասցեական տալու համար: Սակայն Ռ. Խ.-ն եւ Գ. Պ.-ն իրենց հանցավոր արարքն ավարտին չեն կարողացել հասցնել իրենց կամքից անկախ հանգամանքներով. վերջիններս գումարի փոխանցման պահին ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների շրջանակներում բերման են ենթարկվել, իսկ ընտրակաշառքի առարկա գումարը հայտնաբերվել եւ վերցվել է դեպքի վայրի զննությամբ` Գ. Պ.-ի տան բակից: Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար 12.06.2021թ.-ին Ռ. Խ.-ին եւ Գ. Պ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին 2-րդ կետերով: Նույն օրը քննիչի կողմից նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություններ են ներկայացվել դատարան, որոնք բավարարվել են:

Առայժմ իմ դիտարկմամբ մեկ խոչընդոտման միջադեպ է գրանցվել 8 օրերի ընթացքում, երբ «Ռոսիա մոլ»-ի մոտակայքում առեւտրի կենտրոնից դուրս եկած անձինք խոչընդոտել են Տիգրան Ուրիխանյանի գլխավորած «Մեր տունը Հայաստանն է» միասնական ցուցակի նախընտրական քարոզարշավը:

Հանրային հեռուստաընկերությունն ու «Պատիվ ունեմ» դաշինքը դիմել էին Մարդու իրավունքների պաշտպանին՝ նախընտրական հոլովակի հեռարձակման հարցով. Պաշտպանը հարցումներ էր ուղարկել Հ1 եւ ՀՌԱՀ:

Մարդու իրավունքների պաշտպանին հրապարակային դիմել է Հանրային հեռուստաընկերությունը՝ կապված, իր ձեւակերպմամբ, «Առաջին ալիքի նկատմամբ քաղաքական ճնշումների փորձերի» հետ: Ըստ Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված հրապարակային բողոքի՝ Հանրային հեռուստաընկերությունը Պաշտպանից ակնկալում է «հրատապ արձագանք» եւ «կոչ անում պաշտպանել Հանրայինի՝ անաչառության եւ ոչ խտրական վերաբերմունքի հանձնառությունը»՝ նկատի ունենալով «տարբեր քաղաքական ուժերի» հայտարարութունները, թե հեռուստաընկերությունը նախընտրական հոլովակների ցուցադրման հարցում ցուցաբերում է խտրական մոտեցումներ: Ըստ բողոքի` խոսքը վերաբերել է տարբեր քաղաքական ուժերի տրամադրած օրենքի տեսանկյունից վիճելի հոլովակների ցուցադրմանը: Իսկ «Պատիվ ունեմ» դաշինքի պաշտոնական ներկայացուցիչը նշել էր, որ Հանրային հեռուստաընկերությունն առաջնորդվում է խտրական մոտեցմամբ, մերժել է իրենց նախընտրական քարոզչական հոլովակի հեռարձակումը՝ առանց բովանդակային հիմնավորումների՝ միայն արձանագրելով, թե իրենց հոլովակը պարունակում է վիրավորանք եւ զրպարտություն:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը Հանրային հեռուստաընկերությանը տեղեկացրել էր, որ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքը կոնկրետ գործով մասնավոր, այն էլ քաղաքական կազմակերպության նկատմամբ Պաշտպանի իրավասություն չի սահմանում: Հետեւաբար, կառավարության հիմնադրած հեռուստաընկերությունը չի կարող նշված կոնկրետ գործով ստանալ Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը, քանի որ Պաշտպանի իրավասությունը կոնկրետ գործերով պետական կազմակերպությունների պաշտպանությունը չէ:

Թեկնածու Փաշինյանի մուրճով` «պողպատե մանդատով» հարթակում սպառնալիքներ հնչեցնելու կապակցությամբ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նամակով երեկ դիմել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Յոհան Մերֆիին. «Հարգելի՛ պարոն Մերֆի, ՔՊ կուսակցության վարչապետի թեկնածու, ՀՀ վարչապետի ժ/պ Նիկոլ Փաշինյանը շարունակում է իր քարոզարշավի ընթացքում օգտագործել անընդունելի բառամթերք՝ ատելության, բռնության խոսք, հասարակությանը պառակտելու եւ տարբեր խմբերին միմյանց դեմ հրահրելու կոչեր: Այսօր Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում ընտրողների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը ներկայացել է մուրճով՝ հայտարարելով, որ «Սա շատ կարեւոր սիմվոլ ա. ում պետք ա հանել՝ հանել, ում պետք ա մխել՝ մխել»: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ից պահանջում ենք կա՛մ արձագանքել եւ հրապարակավ դատապարտել ՔՊ կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի վարքագիծը, կա՛մ փաստերով հիմնավորել, որ սա ընդունելի եւ սովորական վարքագիծ է եվրոպական առաջնորդների համար՝ ցուցադրել մուրճ եւ դրանով սպառնալ քաղաքական հակառակորդներին»։

Կուսակցություն-դաշինքներն անպակաս չեն ատելության խոսքից, անձնական վիրավորանքներից: Եկեղեցին անպակաս չմնաց թիրախավորվելուց եւ հանդես եկավ հայտարարությամբ: «Նախընտրական քարոզարշավի շրջանակներում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը շարունակում է հանիրավի մեղադրանքներ հնչեցնել Հայոց Եկեղեցու հասցեին։ Եկեղեցու եւ ազգային-հոգեւոր արժեքների հանդեպ ներկա իշխանության վերաբերմունքը մեր ժողովրդին հայտնի է։ Այս համատեքստում պետք է դիտարկել վարչապետի պաշտոնակատարի կողմից Եկեղեցու եւ եկեղեցականների նկատմամբ դրսեւորված վարքագիծը։ Հայոց Եկեղեցին, հակառակ ամեն տեսակ խոչընդոտի եւ իշխանությունների կեցվածքի, շարունակելու է անշեղորեն իրականացնել հոգեփրկչական եւ ազգապահպան իր առաքելությունը հայ ժողովրդի կյանքում»։

Իսկ ԲՀԿ-ի շտաբի անդամների եւ ՔՊ-ի բախման, ոստիկանների միջամտության մասին՝ հաջորդիվ:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
16.06.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930