Շուշին 1902թ. հուլիսին – Բ մաս
Հուլիսի 15-ին Հայ դերասանական ընկերության թատերախումբը Գեւորգ Պետրոսյանի բենեֆիսին (ֆրանս.- օգուտ, շահ, ներկայացում, որի հասույթը լրիվ կամ մասամբ հատկացվում է մեկ կամ մի քանի դերասանների), Խանդամիրյան թատրոնի դահլիճում ներկայացրել է «Ներոն» ողբերգությունը (հեղինակ՝ Կոսսի):
Այդ մասին գրվել է. «Հռօմը իր կեսարներով, լէգիօններօվ, պատրիկներով- ահա թէ ինչ ենք տեսնում «Ներոն»-ի մէջ: Այդ տեսակէտից գուցէ «Ներոնը հետաքրքիր լինէր, հանդիսականները կարող կը լինէին գաղափար կազմել հին Հռօմի փառքի, ճոխութիւնների մասին, իսկ գրական տեսակէտից Ներոնը պատմական սովորական մի պիես է, որի գոյութիւնը հայկական բեմի վրա այնքան էլ ցանկալի չէ: Բեմը իր անյարմարութիւններով եւ հագուստների աղքատութիւնը քիչ նմանութիւն կարող էին տալ փարթամութիւնների մէջ յղփացած հին Հռոմին:
Այնտեղ, երբ Ներոնը հրամայում էր իր զօրավարներից մէկին իր լէգիօներով ապստամբների բանակը պատռել, մեր միայն ծիծաղն էր շարժվում, որովհետեւ զօրավարը, թէ իր արտաքինով եւ թէ իր դիրքով աւելի մի խղճուկ ծառայի էր նման, քան թէ կենդանի զօրավարի: Պարոն Պետրոսեանը չորրորդ գործողութեան մէջ, ուր յայտնվում է, որ նա զրկվում է փառաւորութիւնից եւ զգում է իր մենակութիւնը -շատ լաւ տպաւորութիւն թողեց:
Կարդացեք նաև
Առաջին գործողութեան մէջ բաւական լաւ էին տիկին Սիրանոյշը եւ տիկին Աւետեան:
Կանացի հպարտութիւնը Ներոնին տիրանալու եւ հակառակորդների յայտարարած կռիւը բաւական կենդանի էին: Լաւ էր Զարիֆեանը ծաղրածուի դերում:
Պ. Ռշտունին խաղում է զգացված, խօսքերը արտասանում է շատ պարզ, մի բան, որ մեր շատ դերասանների պակասութիւնն է կազմում: Վերջում նկատենք, որ պիեսի թարգմանական լեզուն վատ էր: Պիեսը թարգմանել է Ա. Տիրացյանը: Ուրախալի է, որ վերջապէս թատրօնը հասարակութեամբ լի տեսանք: Պարոն Պետրոսեանը արժանացաւ բուռն ծափահարութեան, մի պսակի եւ ստացաւ դրամական ծրար»:
Հայ դերասան, բեմադրիչ Գեւորգ Հովսեփի Պետրոսյանը ծնվել 1859թ. նոյեմբերի 11-ին հայոց Հին Նախիջեւանի Օրդուբադ գյուղում, վախճանվել է 1906թ. հոկտեմբերի 28-ին Նոր Նախիջեւանում, թաղված է Թիֆլիսի Խոջիվանքի գերեզմանատանը: Նա սովորել է Մոսկվայի Լազարյան ճեմարանում: 1881-1882 թթ. հանդես է եկել Թիֆլիսի թատերական կոմիտեի դերասանական մշտական խմբում՝ Օրդուբադյան բեմական ազգանունով: Առաջին անգամ խաղացել է Զաքարե իշխանի դերը «Ռուզան» (ըստ Մուրացանի) ներկայացման մեջ, եղել է Պետրոս Ադամյանի խաղընկերը։ 1883թ. ընդունվել է Պետերբուրգի տեխնոլոգիական ինստիտուտ։ Մինչեւ 1890թ. հանդես է եկել ուսանողական ինքնագործ խմբերում, միաժամանակ աշխատել տեղի եւ Մոսկվայի ռուսական թատրոններում: Պետրոսյանի ջանքերով 1891թ. Թիֆլիսում կազմակերպվել է մշտական թատերախումբ, որի կազմում են եղել Հովհաննես Աբելյանը, Գեւորգ Տեր-Դավթյանը, Արամ Վրույրը, Սաթենիկ Չմշկյանը եւ ուրիշներ։ 1891թ. մեկնել է Կոստանդնուպոլիս։ Սիրանույշին, Արմեն Արմենյանին հրավիրել է Թիֆլիս։ 1897-1905թթ. ակտիվ թատերական գործունեություն է ծավալել Բաքվի ու Թիֆլիսի թատերախմբերում, 1901-1905թթ. Հովհաննես Աբելյանի հետ ղեկավարել է Թիֆլիսի մշտական գործող թատերախումբը: Հայկական թատերարվեստը լայն զանգվածներին ներկայացնելու համար միայնակ եւ խմբերով հանդես է եկել հայաշատ քաղաքներում, նպաստել է ազգային թատերական մշակույթի առաջընթացին:
Հուլիսի վերջին շաբաթվա ընթացքում թատերախումբը ներկայացրել է եւս երկու ներկայացում: Առաջին ներկայացումը Գրիգոր եւ տիկին Ավետյանների բենեֆիսն էր, որի ժամանակ նրանք խաղացել են «Օսկան Պետրովիչը դժոխքում», «Ադամ եւ Եւա» ու «Փաստաբանի մոտ» վոդեւիլները, իսկ երկրորդ ներկայացման ժամանակ՝ «Համլետ»: Բացի այդ, Գեւորգ Պետրոսյանը եւ տիկին Սիրանույշը կարդացել են «դեկլամասիօններ» եւ արժանացել բուռն ծափահարության: Նշվել է, որ «թատրօնը լի էր հասարակութեամբ: Աւետեանները ստացան հայերից՝ դրամական նուէր»: Ներկայացումից հետո կատարվել են ասիական եւ եվրոպական պարեր:
ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Գրիգոր Կարապետի Ավետյանը ծնվել է 1870թ. հունվարի 20-ին Իրանի Ռաշտ քաղաքում, վախճանվել է 1946թ. մայիսի 15-ին Երեւանում: Գրիգոր Ավետյանի ընտանիքը 1870թ. տեղափոխվել է Շուշի, որտեղ էլ նա ստացել է նախնական կրթություն։ Հետագայում սովորել է Բաքվի Ռեալական ուսումնարանում։ 1888թ. սկսել է բեմական գործունեությունը: 1889թ. եղել է Մոսկվայում, ուր դիտել է նշանավոր դերասանների խաղը։ 1890թ. վերադարձել է Անդրկովկաս եւ մինչեւ 1923թ. հանդես եկել Բաքվում, Թիֆլիսում, Երեւանում եւ այլուր։ Գրել է «Քառասուն եւ հինգ տարի հայ բեմի վրա» (1933թ.) հուշերի գիրքը, որտեղ նկարագրել է իր բեմական գործունեության պատմությունը։ Եղել է թատերախմբերի ղեկավար եւ կազմակերպիչ, ռեժիսոր- դերուսույց, բազմաթիվ պիեսների թարգմանիչ։ Կատարել է գլխավորապես կատակերգական դերեր։ Ավետյանի դերասանական արվեստն աչքի է ընկել կյանքի ճանաչողությամբ, սոցիալական տարբեր խավերի, տիպերի ու կենցաղի իմացությամբ։ Ռեալիստական խաղաոճ, նուրբ, չպարտադրող հումոր, խոսքի բնական հնչերանգ, նախատիպին հարազատ դերապատկեր, բեմական բնավորություն ստեղծելու վարպետություն՝ իր արվեստի այս հատկանիշներով Ավետյանը տեղ գտավ նաեւ հայ խորհրդային թատրոնում՝ դառնալով անցյալի ռեալիստական ավանդները նոր թատրոնին կապող օղակներից մեկը։ Ավետյանի լավագույն դերերը աչքի են ընկել կերպարի բնավորության, հոգեբանության եւ սոցիալական միջավայրի ստույգ զգացողությամբ։ Նա նպաստել է ազգային թատերական մշակույթի ստեղծագործական աճին։ 1923թ. եղել է Առաջին պետական թատրոնի դերասան: Ստեղծել է մի շարք վառ կատակերգական դերեր։ Ստեղծագործական կյանքի ընթացքում (58 տարի) խաղացել է շուրջ ութ հարյուր դեր։ Սունդուկյանի անվան թատրոնում կատարել է մոտ 60 դեր։ Զբաղվել է նաեւ ռեժիսուրայով։ Թարգմանել է հայերեն լեզվով մի շարք բեմադրություններ, այդ թվում՝ Մաքսիմ Գորկու «Հատակումը», Անտոն Չեխովի «Տաղտկալի պատմութիւն (Ծերունու օրագրից)» եւ այլն:
Հուլիսի 26-ին թատերախումբը ներկայացրել է Շեքսպիրի «Համլետը», որտեղ Համլետի դերում փայլել է տիկին Սիրանույշը: Թատրոնը եղել է բազմամարդ:
Հուլիսին Շուշիից թղթակիցը անդրադարձել է քաղաքային վարչության գործունեությանը: Նա գրել է, որ ահա հինգ տարի է, որ ունենք քաղաքային ինքնավարություն, բայց այդ ժամանակամիջոցում քաղաքի վարչությունը չի կարողացել լուծել ամենակարեւոր հարցերից մեկը, այն է՝ քաղաք ներմուծվող ապրանքների համար հատկացնել մի առանձին տեղ, քանի որ այդ նպատակի համար ծառայում են գլխավոր հրապարակները, իսկ այնտեղով հաճախ անցորդները հնարավորություն չեն ունենում ազատ տեղաշարժվելու «հրապարակների միջեւ իսկ մայթերը գրաստներով եւ սայլերով բռնված լինելու պատճառով»: Նա նաեւ գրել է. «Եթէ աւելացնէք դրա վրա եւ Ղարաբաղի հռչակված էշերի ականջ խլացնող զռոցը՝ այն ժամանակ կը ստացվի մեր Շուշու իսկական պատկերը: Բացի դրանից, նոյն վարչութիւնը համարեայ բոլոր խանութների առաջ (փողոցները) վարձով է տալիս զանազան մրգավաճառների, որոնք փողոցներում կեղտոտութիւններ առաջացնելով հանդերձ՝ նոյնպէս ոչ պակաս եւ արգելք են լինում մարդկանց փողոցներով ազատ շրջելուն: Բաւական չէ, որ այդ տեսակ անկանօնութիւն թոյլ են տալիս, մեր իրաւաբան քաղաքագլուխը յիշեալ տեսակի մրգավաճառներին պարտաւորեցրել է, որ իւրաքանչիւր խանութատէր ամեն օր խանութի առաջը իր հաշուով սրբէ»:
Նույն թղթակիցը անդրադարձել է նաեւ մեկ ուրիշ խնդրի. «Շատերը կարող են հաստատել, որ Շուշին ինտրիգան քաղաք է: Մի պաշտօնի տեղ բացված ժամանակ տասնեակ մարդիկ իրար գլխի վրա են թափվում, միմեանց ոտի տակ են քանդում, ժողովրդի մէջ խռվութիւն են գցում: Ապացոյցներ շատ են. հէնց մօտ ժամանակներումս քաղաքային վարչութեան անդամ պիտի ընտրէին, ձայնաւորները երկու խմբի բաժանվեցին եւ ամեն մի խումբ աշխատում էր իր թեկնածուին առաջ քաշել, առանց մտածելու, թէ ընտրվողը քաղաքի շահերը պաշտպանող մարդ է, թէ տեղն ընկած ժամանակ քաղաքի շահերը չի վաճառի: Հիւանդանոցի համար բժիշկ պէտք էր, թողած տեղական բժիշկներին, հեռու տեղից բժիշկ հրաւիրեցին՝ առանց ծանօթ լինելու, թէ նա ո՞վ է, ինչացու է: Ամարային կլուբ պէտք էր շինէին, կրկին խմբերի բաժանվեցին, որոնք շահ ունէին ցանկանում էին կլուբ շինել, իսկ որոնց շահերին հակառակ էր չէին ցանկանում. այսպէս հասարակական պաշտօնների, գործերի համար ամեն մարդ իր անձնական շահի տեսակէտից է վճռում»:
Թղթակիցը նաեւ ավելացրել է, որ «Անցեալ կիրակի օրը բուլվարում զբօսանք էր նշանակված, օգուտը պէտք է գործ դնեն բուլվարի վրա. մեծ հասարակութիւն էր հաւաքվել, ցոյց տալու համար քաղաքային վարչութեան, թէ մենք կօգնենք ձեզ, միայն թէ գործ կատարեցէք. եռանդ ցոյց տուէք»:
Քաղաքում դարձյալ քննարկվել է քահանայական հարցը, որի առթիվ գրվել է. «Շուշում օրվայ հետաքրքիր հարցերից մէկը քահանայական խնդիրն է: Գրիգոր եպիսկոպոսը հրամայել է քաղաքի եկեղեցիներին ընտրել երկու դպրոցաւարտ, ճեմարանական կամ բարձրագոյն կրթութիւն ստացած քահանայացուներ: Այս ոչ թէ նրա համար, որ Շուշում քահանայ չը կայ, այլ որ եղածների մէջ արժանաւորը չը կայ: Չը կայ մի շնորքին կրթութեան տէր քահանայ, որ կարողանայ եղած ուսումնարաններում կրօնի դասեր աւանդել: Ահա ինչքան դժբաղդ են շուշեցիները քահանայի կողմից: Չունենք քահանայ, դա փաստ է: Շատ տանջանք, նեղութիւններ ենք կրել արժանաւոր քահանայ չունենալուց»:
Հետաքրքիր է նաեւ իմանալ, թե ինչպիսի գներ են եղել Շուշիում: Հացը տատանվել է 1ռ. 60 կ.- 1ռ. 80 կ.-ի սահմանում, վառիկը՝ 35 կ. (մոտիկ գյուղերում՝ 10 կ.), վարունգը 4 կ. եւ այլն:
Եվ վերջում, հուլիսի 14-ին Գանձակի նահանգապետը այցելել է Մաղավուզ գյուղ եւ լսել բնակիչների առաջարկներն ու գանգատները: Նահանգապետը նշել է, որ վերջնականապես որոշված է շրջակա հինգ գյուղերի համար դպրոցը բացել հենց իրենց գյուղում: Վերջում նա շնորհակալություն է հայտնել Մաղավուզի բնակիչներին, որ նրանք «լաւ դրացիութիւն են անում ռուս գաղթականների հետ եւ միշտ օգնում են նրանց»: Ավելացնենք, նաեւ Մաղավուզից մեկ ուրիշ թղթակցությունը. «Նախորդ մի քանի տարիները մեր գիւղերում անբերրիութիւն էր տիրում. նախանցեալ տարին երկարատեւ անձրեւները եւ ժանգը փչացրին մեր արտերը, իսկ անցեալ տարին երկու անգամ կարկուտը աւերեց: Այդ երկու տարում տաւարի ժանտախտը նոյնպէս մեծ աւերմունքներ գործեց, այնպէս որ մեր գիւղացիք խիստ նեղութեան մէջ էին. բայց այս տարի, թէ հացի բերքը եւ թէ խոտը մեր գաւառում առատ են: Դժբաղդաբար, մեր մի քանի գիւղերում՝ սերմացու չունենալու պատճառով՝ քիչ են ցանած եղել: Կորեկի արտերը անաջող են երաշտի պատճառով: Պտուղ չը կայ, վաղահաս ծառապտուղը մեծ մասամբ ցրտատար է եղել գարնանը, սակայն խաղողից բաւարար բերք է սպասվում, եթէ որեւէ պատահար չը վնասէն»:
Արմեն ԱՍԱՏՐՅԱՆ
գիտաշխատող
«Առավոտ» օրաթերթ
16.06.2021