Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Բրյուսելից՝ Շուշի

Հունիս 17,2021 12:00

Բայդեն-Էրդողան, Մակրոն-Էրդողան բանակցություններից հետո Թուրքիայի նախագահն ուղեւորվեց Շուշի՝ շեշտելու՝ «թուրք-ադրբեջանական եղբայրությունը»

Հայաստանում նախընտրական թոհուբոհին զուգահեռ տեղի են ունենում աշխարհաքաղաքական նշանակության իրադարձություններ: Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում թուրք-ամերիկյան, ապա ռուս-ամերիկյան շփումները մեր տարածաշրջանի ապագային միանշանակ առնչվող գործընթացներ են: Հատկանշական է, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը հենց Բրյուսելում Բայդենի հետ հանդիպումից հետո ուղեւորվեց Լեռնային Ղարաբաղ՝ Շուշի:

Բոլորի համար պարզ է, որ Վաշինգտոնն ու Անկարան՝ չնայած վերջին ամիսներին որոշակի լարվածությանը, նպատակ են հետապնդում վերագործարկել հարաբերությունները: Ի դեպ, պատահականություն չի կարելի համարել այն փաստը, որ թե՛ Բայդեն-Պուտին, թե՛ Բայդեն-Էրդողան հանդիպումներին նախորդեց ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Ռիկերի այցը մեր տարածաշրջան:

Մեր տարածաշրջանի, այսպես ասած՝ ճակատագիրը, ազդեցությունների առումով, կախված կլինի նրանից, թե ինչ են պայմանավորվել Բայդենն ու Էրդողանը, Բայդենն ու Պուտինը: Առաջիկա ամիսներն, այս տեսանկյունից, վճռորոշ են լինելու, նախանշվելու են մեր տարածաշրջանում անվտանգային հարցերում գերտերությունների շահերը:

Այսպես, ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը «դրական եւ արդյունավետ» որակեց բանակցություններն Էրդողանի հետ, որոնց ընթացքում նրանք քննարկել են հետագա գործողությունները մի շարք հարցերի շուրջ: «Վստահ եմ, որ մենք իրական առաջընթացի կհասնենք հարաբերություններում», -նկատել է Բայդենը: Էրդողանը նույնպես ԱՄՆ նախագահի հետ իր բանակցությունները որակել է որպես «արդյունավետ եւ անկեղծ»: «Մենք կարծում ենք, որ ԱՄՆ-ի եւ Թուրքիայի հարաբերություններում խնդիրներ չկան, եւ համագործակցության ոլորտները մեզ համար ավելի հարուստ եւ լայն են, քան խնդիրները», նշել է Թուրքիայի նախագահը: Վերջինս վստահեցրել է, թե Թուրքիայի եւ ԱՄՆ-ի միջեւ անլուծելի հարցեր չկան:

Թուրք-ամերիկյան բանակցությունները տեւել են շուրջ մեկուկես ժամ, որից 50 րոպեն Բայդենի եւ Էրդողանի դեմ առ դեմ հանդիպումն էր։ Բանակցությունների օրակարգում էին երկկողմ հարաբերություններում վերջին տարիներին կուտակված հարցերը՝ այդ թվում Թուրքիայի կողմից ռուսական արտադրության C-400 հակաօդային պաշտպանության համակարգերի ձեռքբերումը, մի քայլ, որի հետեւանքով Անկարան հայտնվեց ամերիկյան պատժամիջոցների թիրախում։ Ի դեպ, Էրդողանը նույնիսկ հայտնել է, թե զրույցի ընթացքում Բայդենին հրավիրել է Անկարա, եւ ըստ նրա՝ Բայդենը խոստացել է քննության առնել այդ հրավերը։

Էրդողանի բրյուսելյան հանդիպումներից նշանակալի է նաեւ Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ հանդիպումը։ Անցյալ տարի նրանք միմյանց կոշտ քննադատեցին։ Թուրք առաջնորդն անգամ մի քանի անգամ անցավ դիվանագիտական բոլոր սահմանները: Այժմ արդեն Մակրոնն ու Էրդողանը գերադասել են չանդրադառնալ նախկինում հնչած հայտարարություններին եւ կենտրոնանալ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այնպիսի հարցերի վրա, ինչպիսին են, օրինակ, Սիրիան եւ Լիբիան։ Էրդողանի խոսքով՝ ինքն ու Մակրոնը պայմանավորվել են շարունակել աշխատանքն այս երկու պետություններում տիրող իրավիճակի կայունացման ուղղությամբ։ Ֆրանսիայի նախագահի խոսքով էլ՝ ուրվագծվում են առաջին պայմանավորվածությունները։ «Մենք նախագահ Էրդողանի հետ քննարկեցինք Լիբիայում տիրող իրավիճակը։ Մենք մի շարք ընդհանուր նպատակներ ենք գտել, այդ թվում՝ հրադադարի ռեժիմի պահպանումը։ Բացի այդ, ամռան ամիսներին մենք կաշխատենք Լիբիայից օտարերկրյա մարտիկների եւ վարձկանների դուրսբերման ուղղությամբ։ Կարծում եմ՝ սա շատ կարեւոր առաջընթաց է, եւ մենք պայմանավորվել ենք աշխատել այդ ուղղությամբ», ասել է Մակրոնը։

Թե Թուրքիայի միջոցով Ադրբեջանի տարածքում հայտնված, 44 օրյա պատերազմի ընթացքում սիրիացի վարձկանների խնդիրը բարձրացվե՞լ է թուրք-ֆրանսիական վերջին հանդիպմանը, հայտնի չէ: Պաշտոնական Փարիզը Անկարային, հիշեցնենք, մեղադրում էր Սիրիայում, Լիբիայում եւ Ղարաբաղում ապակառուցողական դիրքորոշում որդեգրելու, ՆԱՏՕ-ի հանդեպ ստանձնած պարտավորությունները շրջանցելու մեջ։ Նկատենք, որ Ելիսեյան պալատն իր հերթին հաղորդել է, որ երկու նախագահները քննարկել են ՆԱՏՕ-ի հանդեպ ստանձնած պարտավորությունները, իրավիճակը Սիրիայում եւ Լիբիայում։ Թեեւ հանդիպումից առաջ Մակրոնը ասել էր, որ նաեւ ղարաբաղյան խնդրին է անդրադառնալու, սակայն, այդ մասին պաշտոնական հաղորդագրություններում ոչինչ չի նշվել։

Մյուս ուշագրավ հանգամանքն այն է, որ Բայդեն-Էրդողան հանդիպումից առաջ Էրդողանը հայտարարել էր, թե բարձրացնելու է Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Սակայն թուրք-ամերիկյան բանակցություններից հետո Էրդողանը հայտնեց, որ Բայդենի հետ հանդիպմանը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը չի քննարկել: Հարցին, թե արդյո՞ք նրանց հանդիպմանը քննարկվել է նախագահ Բայդենի կողմից 1915թ. Հայոց ցեղասպանության ճանաչումը, Էրդողանը նշել է. «Փառք Աստծո, որ այն երբեք օրակարգում չի եղել»:

Նկատենք, որ Բրյուսել մեկնելուց առաջ Էրդողանը վստահ նշել էր, թե «անհնար է» չհիշատակել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Բայդենի որոշումը: «Մենք շատ վշտացած ենք դրանից: Հնարավոր չէ, որ մենք այդ հարցը չբարձրացնենք հանդիպմանը»,- անցյալ կիրակի օրը ասել էր Էրդողանը: Բրյուսել մեկնելուց առաջ, Ստամբուլի միջազգային օդանավակայանում հրավիրած ասուլիսում Էրդողանը հատուկ ընդգծել էր, որ այդ օրը բանակցությունների օրակարգային թեմաներից մեկը լինելու է Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը։ «Ապրիլի 24-ը մեզ համար շատ վատ մի գործընթաց էր։ Մենք նման մոտեցում չէինք սպասում եւ [Սպիտակ տան] նման դիրքորոշումը մեր վրդովմունքի պատճառը դարձավ։ Ճիշտ չի լինի, եթե մենք հարաբերությունների բնականոն ընթացքը շարունակենք առանց այս խնդիրը քննարկելու», – հավելել էր Թուրքիայի նախագահը։

Այսպես, Էրդողանը Բայդենի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ ԱՄՆ նախագահին փոխանցել է, որ C-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման հարցում Անկարայի դիրքորոշումը մնում է անփոփոխ: «Թուրքիայի դիրքորոշումը C-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման հարցում մնում է անփոփոխ։ Դա վերաբերում է նաեւ F-35 ծրագրին»։ Թեեւ, Էրդողանը Բայդենի հետ հանդիպումը կառուցողական է անվանել, սակայն C-400 զենիթահրթիռային համակարգերի հարցում, ինչպես երեւում է, խնդիրը շարունակում է օրակարգային մնալ: Անկարան չի պատրաստվում հրաժարվել C-400-ից, ավելին, ապրիլի վերջին Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարեց, թե թուրքական կողմը շարունակում է բանակցությունները Ռուսաստանի հետ C-400-ի երկրորդ խմբաքանակի գնման շուրջ։

Բայդենի ու Մակրոնի հետ բանակցություններից հետո Բրյուսելից Ադրբեջան մեկնող Էրդողանի այցի մասին հայտնի էր այսքանը: «Իմ եղբայր Իլհամ Ալիեւի հետ հանդիպելու ենք Շուշիում եւ երկու երկրների միջեւ մի համաձայնագիր ենք կնքելու: Դա Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ համապարփակ համաձայնագիր է լինելու», օրերս հայտնեց Էրդողանը: Հայտնի էր, որ նրա՝ Ադրբեջան կատարելիք այցի շրջանակներում նախատեսված է թուրք- ադրբեջանական համագործակցության ծավալուն պայմանագրի ստորագրում։ Անցյալ տարի աշնանը Ղարաբաղյան պատերազմից հետո սա Էրդողանի արդեն երկրորդ այցն էր Ադրբեջան, առաջինը կայացավ անցյալ տարի դեկտեմբերին։

Ադրբեջան այցի նախօրեին Բրյուսելում Էրդողանն արդեն հայտարարեց, թե թուրք-ադրբեջանական եղբայրությունը «տարածաշրջանում խաղաղության եւ բարեկեցության հիմք է հանդիսանում»` հավելելով, թե ցանկալի չէ, որ «Հայաստանում խոչընդոտեն այս խաղաղությանը ներքաղաքական շահերի պատճառով»: «Մենք` ես եւ եղբայրս՝ Իլհամ Ալիեւը, գնալու ենք Շուշի, որտեղ մեծացել են պատմական եւ թյուրքական աշխարհի համար կարեւոր գործիչներ։ Իսկ հունիսի 16-ին իմ եղբայր Իլհամ Ալիեւի հետ կդիտեմ Թուրքիայի հավաքականի խաղը Բաքվում», – ասել էր Էրդողանը։

Էրդողանն արդեն իսկ անթաքույց իրեն ներկայացնում է որպես «տարածաշրջանում խաղաղության եւ բարեկեցության» ապահովող, ու տարածաշրջանի կայունության հիմքում «թուրք-ադրբեջանական եղբայրությունն է» մատնանշում, ընդ որում՝ զուգահեռ դրան հայաստանյան ներքաղաքական իրադարձությունները այդ նպատակների իրագործման ճանապարհին որպես «խոչընդոտ» դիտարկելով։

Այսպես, ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի ղեկավարը վերջին վեց ամսվա ընթացքում երկրորդ անգամ ժամանեց Ադրբեջան՝ Շուշի, ու չնայած ռուս առանձին փորձագետների դժգոհություններին, թե Էրդողանի այցը Շուշի նախեւառաջ ապտակ է Ռուսաստանին, որի խաղաղապահ ուժերն այդ տարածաշրջանում են տեղակայված, այդ այցն այնուամենայնիվ՝ իրականացավ:

Ամփոփումը՝ վաղվա համարում:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
16.06.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930