Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայոց հողում չկան ադրբեջանական հողեր. հակառակը՝ մեր շատ տարածքների վերադարձի մասին դեռ պիտի մտածենք»

Հունիս 17,2021 14:00

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական քարոզչության առանցքում հանրային համերաշխությունն է եւ պնդումը, թե իրենք կարող են անհաշտ եւ ամեն օր իրար վիրավորող քաղաքական ուժերին պարտադրել համերաշխություն։ «Առավոտը» զրուցել է ԼՀԿ պատգամավորի թեկնածու Սարգիս Ալեքսանյանի հետ։

– Պարոն Ալեքսանյան, ԼՀԿ-ն արդեն հասցրել է լինել Երեւանի գրեթե բոլոր վարչական շրջաններում եւ ՀՀ մարզերում։ Ձեր տպավորությամբ՝ ինչպե՞ս են մարդիկ ընկալում ձեր առաջարկած՝ ներքին հաշտության եւ համախմբման օրակարգը։ Ինչպե՞ս են այն պատկերացնում քաղաքացիները, եւ ինչպե՞ս է ԼՀԿ-ն հաշտություն պարտադրելու նախկինների եւ ներկաների՝ ատելության, բռնության խոսքի, սպառնալիքների բառապաշարով առաջնորդվողներին եւ այդ ամենը սատարող քաղաքացիներին։

– Համախմբումը, ներքին կայունությունը եւ համերաշխությունը մենք, որպես քարոզչական տեխնոլոգիա, չենք կիրառում ձայն ստանալու նպատակով։ Քարոզարշավից դեռ ամիսներ առաջ մենք լրջորեն աշխատում էինք մեր նախընտրական ծրագիրն արդիականացնելու եւ ներկա իրավիճակին համապատասխանեցնելու ուղղությամբ։ Մտածում էինք այդ ճանապարհով ներկայանանք մեր ընտրողին։ Սակայն տեսնելով քաղաքական դաշտում ստեղծված լարվածության օր օրի սրացումը եւ քաղաքացիական բախման վտանգը՝ փոխեցինք մեր հիմնական ասելիքը եւ այսօր էլ գտնում ենք, որ այն օրհասական է։ Այն բխում է մեր պետության շահերից եւ հանրության պահանջն է։ Հաշտության օրակարգի այլընտրանքը պետության քայքայումը եւ հետընտրական ցնցումներն են, որոնց պարագայում մենք բոլորս անկարող ենք դիմակայել արտաքին լրջագույն մարտահրավերներին։ Ժողովրդի հետ հանդիպումներին մենք հենց այդ թեզն ենք կենտրոնում դրել, որն ընդունվում է մեծ հավատով եւ ոգեւորությամբ։ Երբ մենք քարոզարշավի մեկնարկին ընդառաջ առաջարկեցինք բոլոր մասնակից ուժերին միանալ մի փաստաթղթի, որը կբացառեր հայհոյանքն ու ատելության քարոզը, ոչ մեկը չմիացավ այդ կոչին՝ մտածելով, որ իրենց համար ոչ նպաստավոր հռետորաբանությունից հրաժարվելը կբերեր սակավ ձայների։ Սակայն արդեն նշմարվում է այդ ուժերի խոսքի մեջ դրական փոփոխություն, որը, կարծում եմ, մեր՝ «Լուսավորի» ջանքերի արդյունքն է։ Այսինքն, մենք քարոզարշավի կեսերին արդեն իսկ կարողանում ենք քաղաքական ուժերին պարտադրել համերաշխություն։ Նույնիսկ Ռոբերտ Քոչարյանն է արդեն խոսում համերաշխության եւ համախմբման կարեւորության մասին, իսկ թե որքանով կկարողանա իր մասով դա անել, թողնում եմ ընտրողների դատին։

– Դուք, ինչպես եւ նախորդ գումարման ԱԺ-ում, պատգամավորի թեկնածու եք առաջադրվել Տավուշի մարզից։ Ի՞նչ խնդիրների մասին են բարձրաձայնում տավուշցիները։

– Տավուշում իմ հանդիպումները կայանում են հանգիստ մթնոլորտում, կարող եմ առանձնացնել մարդկանց հուզող մի քանի խնդիրներ։ Առաջինն անվտանգությունն է, սահմանների եւ «անկլավների» հարցն է։ Մարդկանց մի մասը գիտակցում է, որ մի մարդու ստորագրությամբ չեն կարող սահմանային փոփոխություններ լինել, եւ պատրաստ են ամեն գնով պահել սահմանները, մյուսը գցում է նախկինների վրա եւ իրեն անկարող է զգում, իսկ մի մասն էլ ոչնչից տեղյակ չէ ու իր համար միեւնույն է, թե ինչ կլինի, նույնիսկ ընտրություններին չեն ցանկանում մասնակցել։ Իմ հիմնական աշխատանքը հենց վերջին երկու խմբերի մարդկանց հետ է, որպեսզի բացատրեմ եւ իրենք հասկանան, որ ընտրության մասնակցելը եւ գիտակցված ընտրությունը ռազմի դաշտ մեկնելու նման մի գործողություն է։ Մյուս հարցերը, որոնք առաջ են քաշում մեր քաղաքացիները, իրենց առօրյա հոգսերի մասին են՝ գյուղատնտեսություն, առողջապահություն եւ այլն։

– Վերջերս քաղաքական քննարկումների օրակարգում հայտնվեց ՀՀ-ում գտնվող, այսպես կոչված՝ «ադրբեջանական անկլավների» թեման, չբացառվեց, որ եթե սահմանազատման հանձնաժողով ստեղծվի, հարցը կքննարկվի։ Իշխանական պատգամավորներից մեկն էլ համոզմունք հայտնեց, թե ՀՀ-ում «կան ադրբեջանական անկլավներ»։ Ինչպիսի՞ դիրքորոշում ունեք դուք այս խնդրի քննարկման, դրա ճակատագրի վերաբերյալ։

– Իմ դիրքորոշումն անկլավների թեմայով արդեն մի քանի առիթներով հայտնել եմ. նախ, չի կարելի սովետական կոլխոզներով կազմված քարտեզներով առաջնորդվել։ Հայոց հողում չկան անկլավներ եւ ադրբեջանական հողեր, հակառակը՝ մենք ունենք շատ տարածքներ, որոնց վերադարձի մասին դեռ պիտի մտածենք։ Դրա համար մեզ պետք է նախ բռունցքվել, միասնականություն ապահովել երկրի ներսում եւ սփյուռքում, ժամանակը հօգուտ մեր տնտեսության զարգացման, դիվանագիտության հզորացման եւ ազգային բանակի արդիականցման ու վերականգնման օգտագործել։ Իսկ թե ինչ է ասում ձեր ասած մեկ այլ պատգամավորը, ապա պիտի տավուշեցու քվեի տված ապտակով նրան դուրս թողնել քաղաքական դաշտից։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
16.06.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930